Բաժիններ՝

Վրացի ջիհադիստ Շիշանիի հայրը ամերկացիների կողմից իբրև սպանված որդու մահվան մասին լուր չունի

Պենտագոնն այսօր տեղեկություն էր տարածել, թե Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացված օպերացիայի հետևանքով սպանվել է Վրաստանում ծնած, ծագումով էթնիկ չեչեն Աբու Օմար աշ-Շիշանին (այսինքն՝ Օմար չեչենցին), ում իսկական անունը Թարխան Բատիրաշվիլի է:

Շիշանին ծնվել է Վրաստանի Պանկիսի կիրճում: Վրացական բանակի նախկին սերժանտը ԴԱԻՇ-ի առաջնորդներից է:

ԱՄՆ ադմինիստրացիայի ներկայացուցիչների խոսքով՝ Օմար աշ-Շիշանին, ով կատարում էր ԴԱԻՇ-ում ռազմական նախարարի պարտականությունները, կարող է վիրավոր կամ անգամ սպանված լինել անցած ուրբաթ օրը միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով:

Ինչպես հայտնել է BBC-ի ռուսական ծառայության Թբիլիսիի թղթակիցը, ջիհադիստի հայրը՝ Թեմուր Բատիրաշվիլին, ով ներկայում բնակվում է Պանկիսի կիրճում, ասել է լրագրողներին, թե ոչինչ չգիտի որդու ճակատագրի մասին, քանի որ վաղուց նրա հետ շփում չունի:

Նրա սպանության մասին լուրը չեն հաստատում նաև Պանկիսի կիրճի մյուս բնակիչներն ու Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:

Պենտագոնը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները դեռևս ուսումնասիրում են անցած ուրբաթ անցկացված օպերացիայի արդյունքները:

Ավիահարվածը հասցվել էր Էշ-Շադադ քաղաքի մերձակայքում: Այն ընկած է Մոսուլը Ռաքքային միացնող մայրուղու հարևանությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս