Վարդգես Գասպարին դատարանում պառկեց գետնին. դատարանը նրան հեռացրեց նիստերի դահլիճից 6 ժամով
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդգես Գասպարիի վերաբերյալ գործի քննությունը: Քանի որ Վարդգես Գասպարին ու նրա պաշտպանն ուշացել էին դատական նիստից, դրա մեկնարկին դատարանը որոշեց բերման ենթարկել Վարդգես Գասպարիին՝ նրա ներկայությունն ապահովելու համար: Այն պահին, երբ դատարանը նշեց, որ պաշտպանների չներկայանալը դիտում է՝ որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, Վարդգես Գասպարին ու նրա պաշտպան Տիգրան Եգորյանը մտան դատական նիստերի դահլիճ: Փաստաբանը պարզաբանեց, որ նիստից ուշացել են տեխնիկական պատճառներով:
Վարդգես Գասպարիի պաշտպան Տիգրան Եգորյանն ասաց, որ նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ դատարանը սանկցիա էր կիրառել Վարդգես Գասպարիի նկատմամբ՝ նրան 6 ժամով հեռացնելով դատական նիստերի դահլիճից: Նա նշեց, որ ցանկանում են հասկանալ՝ արդյոք դատարանի կողմից վերացվե՞լ է այդ որոշումը: «Քանի որ նման որոշում կա, այսօր, փաստորեն, դատական նիստերի դահլիճում գտնվելով, իմ վստահորդը խախտում է դատարանի որոշումը, և մենք ուզում ենք հասկանանք՝ ինչպիսի՞ իրավական կարգավիճակում ենք մասնակցելու և ի՞նչ իրավական ռիսկեր ունենք»,- ասաց պաշտպանը: Դատավորը նշեց, որ դատարանը որևէ մեկին պարզաբանումներ տալու պարտականություն և իրավունք չունի, սակայն նշեց, որ 6 ժամը լրացել է, և դատարանը թույլ է տալիս, որ ամբաստանյալ Վարդգես Գասպարին մասնակցի դատական նիստին: Դատավորը նշեց նաև, որ մեկ անգամ ևս նման վարքագիծ դրսևորելու դեպքում ամբաստանյալը կհեռացվի նիստերի դահլիճից:
Տիգրան Եգորյանն ասաց, որ, երբ կայացվեց 6 ժամով իր պաշտպանյալին դատական նիստերի դահլիճից հեռացնելու որոշումը, նրա փաստաբանները ևս հեռացել են նիստերի դահլիճից, քանի որ վերջինս իրենց չի լիազորել իր բացակայությամբ ներկայացնել իր շահերը: Նրա խոսքով՝ նիստը դրանից հետո հետաձգվել է, հեռացման որոշում կայացնելուց հետո շարունակվել մոտ 30 րոպեից ոչ ավելի: Ըստ նրա՝ հաջորդ դատական նիստը՝ մոտավորապես 30-40 րոպե, որի ընթացքում իրենք ներկայացրել են Վարդգես Գասպարիի բացակայության պատճառները, դատարանը նշել է, որ թույլատրում է Գասպարիի մասնակցությունը: «Պարզ մաթեմատիկական տրամաբանությամբ և հաշվարկով մենք դեռ առնվազն 4 ժամ 50 րոպե հեռացված ենք դատական նիստերի դահլիճից»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ մեկ այլ դատարան այլ գործի շրջանակներում Վարդգես Գասպարիին հեռացրել էր 36 ժամով, և նրան պարզաբանվել էր, որ դա նշանակում է՝ 36 դատական նիստի ժամ: Փաստաբանն ասաց, որ երկու դատարանների որոշումների ու մեկնաբանությունների հակասություն կա: Նա խնդրեց պարզաբանում տալ: Նա նշեց, որ դատարանը չի ներկայացնում իրավական հիմքերը, որոնցով առաջնորդվում է:
«Պարոն Եգորյան, ես խնդրում եմ՝ դեմագոգիայով մի զբաղվեք: Եղեք հակիրճ Ձեր խոսքերում»,- դիմելով փաստաբանին՝ ասաց դատավորը: Վարդգես Գասպարին պահանջեց չվիրավորել իր պաշտպանին, նրա նկատմամբ սանկցիա կիրառվեց՝ նախազգուշացման տեսքով:
Սանկցիա կիրառվեց նաև Տիգրան Եգորյանի նկատմամբ՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու պատճառաբանությամբ: Տիգրան Եգորյանն ասաց, որ դատարանի կողմից իր նկատմամբ արված արտահայտությունը դիտում է՝ որպես անհարգալից և վիրավորական, սակայն, քանի որ դատավորն ինքն իր նկատմամբ սանկցիա կիրառելու հնարավորություն չունի, իրենք կդիմեն վարադաս ատյանին՝ հույս ունենալով, որ նա կենթարկվի համապատասխան սանկցիայի:
Ամբաստանյալ Վարդգես Գասպարին բողոքեց դատարանի գործողությունների դեմ՝ նշելով, որ քանի դատարանը սպառել է բոլոր օրինական միջոցները, և «փաստացիորեն իմ կամքը թելադրում է իրեն՝ պատժիչ միջոցներով»: «Ընդ որում, այնքան համարձակություն չունեք, որ Ձեր օրինական կարգադրիչների, ոստիկանների և այլնի միջոցով պատժիչ գործողություններն իրականացվեն, այլ թաքնվում եք քրեական հեղինակությունների, քրեական ղեկավարության թիկունքում և նրանց միջոցով եք իրականացնում Ձեր կամքը, այդ թվում՝ կտտանքների ենթարկելով, բռնություններով: Այդպես եք դուք իրականացնում Ձեր իշխանությունը»,- ասաց Վարդգես Գասպարին: Նա նշեց, որ Եվրոպական կոնվենցիան արգելում է խոշտանգումները, խոշտանգման մասին ցանկացած հայտարարություն պետք է անհապաղ և անաչառ քննության ենթարկվի, սակայն պրակտիկայում այդպես չի լինում: Իր բողոքն արտահայտելով՝ Վարդգես Գասպարին պառկեց դատական նիստերի դահլիճում՝ նշելով, որ պատժիչ մեքենայի դեմ չունի այլ տարբերակ՝ բացի պառկելով իր բողոքն արտահայտելուց:
Դատավորը Վարդգես Գասպարիին խնդրեց պատշաճ դիրք զբաղեցնել՝ դատական նիստը շարունակելու համար հնարավորություն ընձեռելով: Նախազգուշացման տեսքով սանկցիա կիրառելուց հետո Գասպարին չշարժվեց, ինչից հետո նրա նկատմամբ սանկցիա կիրառվեց՝ նրանց հեռացնելով 6 ժամով: Գասպարիի պաշտպան Տիգրան Եգորյանը ներկայացնում էր իր առարկությունները, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու՝ նշելով, որ փաստաբանը խոչընդոտում է նիստի բնականոն ընթացքին:
Դատական նիստերի դահլիճից Վարդգես Գասպարիին դուրս բերեցին կարգադրիչները: