Բաժիններ՝

«Այս տարի ոչ թե՝ 2 տոկոս, այլ՝ 4 տոկոս տնտեսական աճ կլինի տնտեսության զարգացման համար». Գագիկ Մակարյան

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն անդրադառնալով ՀՀ Էկոնոմիկայի նոր նախարար Արծվիկ Մինասյանի գործունեությանը՝ հույս հայտնեց, որ վերջինս կկարողանա Փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ոլորտի նկատմամբ նոր ռազմավարությունը ճիշտ կիրառել՝ ավելացնելով, որ Հայաստանում ամսական 800-1000 փոքր ու միջին ձեռնարկատիրություն է փակվում, հնարավոր է՝ դրանից փոքր-ինչ ավելի էլ բացվում են, սակայն նորաբացներն էական ազդեցություն չեն ունենում տնտեսության վրա:

Գ. Մակարյանը նաև նշեց, որ Հայաստանից արտահանման ծավալները դեպի Ռուսաստան էականորեն նվազել են հատկապես վերջին մեկ-երկու տարվա ընթացքում: Անդրադառնալով Ռուսաստանից Հայաստան ներմուծմանը՝ նա ասաց, որ այն տեղական արտադրողների համար որոշակի խոչընդոտներ կարող է առաջացնել, որի արդյունքում նրանք կտուժեն, քանի որ մրցակցությանը չեն կարող դիմանալ: Այդ իմաստով նա կարևորում է Պետական եկամուտների կոմիտեի դերը: «Կարծում եմ՝ ստվերի հաղթահարման, կոռուպցիայի դեմ պայքարում լուրջ դերակատարություն ունի նոր Պետական եկամուտների կոմիտեն»,- ասաց նա:

Գ. Մակարյանը վստահ է՝ «Կոսմետիկ քայլերով առաջ գնալ չենք կարող, և լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ: Այս տարի նախադրյալներ կան տնտեսության զարգացման համար, իմ հաշվարկներով՝ ոչ թե՝ 2 տոկոս, այլ՝ 4 տոկոս տնտեսական աճ կլինի, ինչը որոշ չափով ՀՀ կառավարության շնորհիվ կլինի, իսկ ավելի շատ պայմանավորված կլինի գլոբալ վերադասավորումներով, Հայաստանի նկատմամբ ուշադրության բարձրացմամբ և գերտերության շահերի համընկնմամբ»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս