Ապօրինի գաղտնալսումների կապակցությամբ փաստաբանը հաղորդում է ներկայացրել
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ պարոն Գեւորգ Կոստանյանին
պատճենը` Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ
պարոն Վահրամ Շահինյանին
պատճենը` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ
պարոն Աղվան Հովսեփյանին
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվում է թիվ 15134714 քրեական գործն ըստ մեղադրանքի Լեւոն Սողոմոնյանի: Լ.Սողոմոնյանի շահերը նախաքննության ընթացքում պաշտպանել են փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանս (արտոնագիր թիվ 8) եւ Կարեն Կիրակոսյանը (արտոնագիր թիվ 17):
Դատարանում գործ քննության ժամանակ պարզվել է, որ նախաքննության մարմնի՝ ՔԿ ԵՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Արսեն Գեղամյանի միջնորդությամբ, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի հունիսի 16-ի որոշման հիման վրա կատարվել է մեղադրյալ Լ.Սողոմոնյանի որդու՝ Դավիթ Սողոմոնյանի 091-408868 հեռախոսահամարի խոսակցությունների լսում եւ ձայնագրում, որի ընթացքում լսվել եւ ձայնագրվել են նաեւ փաստաբաններ Ա.Սիրունյանիս եւ Կ.Կիրակոսյանի հեռախոսային խոսակցությունները:
Գործի նախաքննության ավարտից հետո ձայնագրման հիշյալ նյութերը քրեական գործի հետ միասին ուղարկվել են դատարան: Ընդ որում՝ հիշյալ նյութերից ոչ մեկը քրեական գործին չի կցվել (պարզապես՝ ուղարկվել են) ու մեղադրանքի ծավալում չի ընդգրկվել:
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31 հոդվածի յոթերորդ մասի համաձայն արգելվում է անցկացնել նույն օրենքի 14-րդ հոդվածի … 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ միջոցառումները, երբ անձը, որի նկատմամբ իրականացվելու է այդ միջոցառումը, հաղորդակցվում է իր փաստաբանի հետ: Տվյալ դեպքում, ես եւ Կարեն Կիրակոսյանը ոչ միայն հանդիսացել ենք մեղադրյալ Լեւոն Սողոմոնյանի պաշտպանները, այլեւ՝ Դավիթ Սողոմոնյանը 2015 թվականի մայիսի 15-ից եւս հանդիսացել է իմ վստահորդը, քանի որ նշված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա եւ հարցաքննությանը ներկա եմ գտնվել ես:
Հիշյալ օրենքի նույն հոդվածի նույն՝ յոթերորդ մասի համաձայն անհապաղ ոչնչացման են ենթակա նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման նպատակից անկախ պատճառով ստացված փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկությունները:
Տվյալ դեպքում, իմ ու Կարեն Կիրակոսյանի հեռախոսային խոսակցությունները ոչ միայն ապօրինի լսվել են, այլեւ՝ դրանք հետագայում չեն ոչնչացվել ու, ավելին, հրապարակայնացվել են. այդ նյութերը առնվազն տեսել են.
1) Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետը,
2) վերջինիս համապատասխան տեղակալը,
3) քննչական բաժնի գրասենյակի աշխատակիցները,
4) Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը,
5) նույն դատախազության այն դատախազը, որն իրականացրել է դատավարական ղեկավարում (Ա.Մանուկյան),
6) Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության գրասենյակի աշխատակիցները,
7) Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի աշխատակիցները,
8) դատավոր պարոն Մ.Մարտիրոսյանը,
9) վերջինիս աշխատակազմի աշխատակիցները:
10) Հետագայում, երբ դիմել եմ նշված նյութերը դատարանից ստանալու համար, դրանք պատճենահանվել են, այսինքն՝ դրանք տեսել է պատճենահանողը,
11) դատարանի նյութերը իմ փոխարեն ստացել է մեղադրյալ Լ.Սողոմոնյանը, տարել է տուն…:
Չի բացառվում, որ այդ նյութերը տեսել են նաեւ տուժողները (դրանք երկուսն են) ու վերջիններիս ներկայացուցիչը:
Այդ ամենը, իմ կարծիքով, տեղի է ունեցել քննիչի ու դատավարական ղեկավարումն իրականացնող դատախազի կողմից իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով (դիտավորյալ, թե՝ անզգույշ, տեղյակ չեմ):
Ավելին, քննիչն ու դատախազը, քաջատեղյակ լինելով, որ 099-601939 հեռախոսահամարը պատկանում է ինձ, հեռախոսային խոսակցությունների լսումն իրականացնող ծառայությանը, ոնց հասկանում են, չեն տեղեկացրել, որ դա իմ հեռախոսահամարն է, որի արդյունքում էլ հատուկ ծառայությունները հնարավորություն չեն ունեցել ապահովել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31 հոդվածի յոթերորդ մասի պահանջների կատարումը եւ լսել են Լ.Սողոմոնյանի եւ իր որդու փաստաբանի հեռախոսային խոսակցությունները:
Վերոգրյալը, իմ կարծիքով, էական վնաս է պատճառել փաստաբաններ Ա.Սիրունյանիս եւ Կ.Կիրակոսյանի անձնական շահերին, հանգեցրել է մեր վերաբերյալ տեղեկատվության ապօրինի հավաքմանն ու տարածմանը, ինչպես նաեւ՝ վնաս է պատճառել արդարադատության շահերին, հետեւաբար պարունակում է պաշտոնեական հանցագործության հատկանիշներ, որի կապակցությամբ խնդրում եմ կատարվածին տալ համապատասխան իրավական գնահատական:
Առդիր՝ թերթ (ուղարկվում է ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՀ հատուկ քննչական ծառայություն):
Հարգանքով` Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյան