«Ծիրանի» սուպերմարկետի մոտ ավտոմեքենայի մեջ երկու անձ ծեծի են ենթարկել քաղաքացուն. ՀՔԾ
Քաղաքացի Սմբատ Ա.-ն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Երևան քաղաքի «Ծիրանի» սուպերմարկետի մոտ իր ավտոմեքենայի մեջ երկու անձ ծեծի են ենթարկել իրեն և պատճառել ֆիզիկական ցավ:
Քաղաքացի Սմբատ Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվել նախաքննություն:
Հետագայում ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: