Բաժիններ՝

«Դոլմամայի» գործով փորձաքննություն է նշանակվել. գործի վարույթը կասեցվել է

«Դոլմամա» ռեստորանի տարածքն օտարելու վերաբերյալ դատական գործերով փորձաքննություն է նշանակվել: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պատասխանող Ժիրայր Ավանյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի միջնորդությունը: Գործով նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն՝ փորձագետներին առաջադրելով պարզել, թե որքան է կազմում Պուշկին փողոցում գտնվող տարածքների շուկայական արժեքը 03.04.2015թ. դրությամբ և եզրակացությունը կազմելու պահի դրությամբ:

Դատարանը որոշել է փորձաքննության կատարմանը մասնակից դարձնել գործին մասնակցող անձանց, իսկ փորձաքննության հետ կապված ծախսերը թողնել պատասխանող կողմի վրա։ Փորձագետներին տրամադրել քաղաքացիական գործը։ Քաղաքացիական գործի վարույթը կասեցնել մինչև փորձաքննության ավարտը։

Նշենք, որ «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ պատասխանողներ, ռեստորանի սեփանակատերեր Ժիրայր Ավանյանի, Աիդա Միրզոյանի` սեփականության օտարման պահանջի մասին, որով խնդրել է Պուշկինի փողոցում գտնվող տարածքներն օտարել «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ դրա նկատմամբ դադարեցնելով պատասխանողների և ճանաչելով «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականության իրավունքը։

Դատարանը գտել է, որ պատասխանողի միջնորդությունը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներից և ենթակա է բավարարման, քանի որ նշված հարցերը պարզաբանելու համար պահանջվում են հատուկ գիտելիքներ: Նշենք, որ միջնորդությունը դատարանում ներկայացնելիս՝ Ժիրայր Ավանյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասել էր, որ իրենց կողմից վիճարկվում է այս գործով փոխհատուցման չափը, կասկածի տակ է առնվում հայցվոր կողմի կողմից վարձված գնահատող ընկերության կողմից տրված եզրակացությունը. մասնավորապես՝ հայցադիմումի առարկա հանդիսացող տարածքները 2014թ. նոյեմբերի 21-ի դրությամբ գնահատվել է 56 մլն 700 հազար դրամ, իսկ 2015թ. ապրիլի 3-ի դրությամբ՝ 65 մլն 200 հազար դրամ: «Գնի նման աճ չէր կարող տեղի ունենալ, հետևաբար՝ առհասարակ կասկածելի է, թե ինչ գնահատումներ են կատարվել»,- նշել էր փաստաբանը: Քանի որ ռեստորանի տարածքն օտարելու վերաբերյալ մի քանի հայց է ներկայացվել, որոնցից 3-ը քննվում է նույն դատավորի վարույթում, փորձաքննություն նշանակվել է 3 գործերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս