«ԵՏՄ-ի պատճառով ՀՀ-ԵՄ հարաբերություններում անորոշություն է պահպանվում»
168.am-ի զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը
– Պարոն Նավասարդյան, սկսվել են ՀՀ-ԵՄ բանակցությունները՝ նոր համապարփակ համաձայնագիր ձևավորելու նպատակով, որի ֆոնին Երևան այցելեց ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Ըստ Ձեզ` ինչո՞վ կարևորվեց այս այցը:
– Իմ տպավորությունն այնպիսին է, որ ԵՄ պաշտոնատար անձինք շատ զգուշավոր են վերաբերվում Հայաստանի հետ բանակցություններին: Իրենց համար շատ կարևոր է, որպեսզի հերթական ձախողում չլինի, քանի որ այդ ձախողումն անդրադառնում է բանակցությունների համար պատասխանատու ԵՄ պաշտոնյաների կարիերայի և համբավի վրա, ուստի ոչ մեկը չի ցանկանում հայտնվել այնպիսի մի իրավիճակում, ինչպիսին մինչև 2013թ. Հայաստանի հետ հիմնական բանակցություններ վարող անձինք:
Այնպես որ, ԵՄ-ի համար շատ կարևոր կլինի հասկանալ, թե ինչ է նշանակում այն բավականին ընդհանուր հայտարարությունը Հայաստանի ղեկավար պաշտոնյաների կողմից, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները չպետք է վնասեն ՀՀ այլ ինտեգրացիոն գործընթացներին, քանի որ մենք խոսում ենք այսօր այնպիսի պայմանագրի մասին, որն իրավաբանական սահմանափակումներ է ենթադրում, իրավական լուրջ պայմանավորվածություններ և պարտավորություններ, նշանակում է, որ բանակցող կողմերը երկուստեք պետք է շատ լավ հասկանան իրենց հնարավորությունները, լիազորությունները, ազատության սահմանները, և, եթե ԵՄ-ն ունի հստակ մանդատ` ինչպիսի հարցերի շուրջ կարող է բանակցել և ինչպիսի պարտավորություններ կարող է վերցնել, ապա հայկական ներկայացուցիչների կողմից հարցերի այդպիսի հստակ պատասխաններ չկան, թե մինչև որտեղ է Հայաստանի ազատության սահմանը, և ինչով ենք կաշկանդված ԵՄ-ի հետ բանակցելիս:
Կարծում եմ` դա այն բանի հետևանքն է, որ նույնիսկ մեր ղեկավարությունը լավ չի պատկերացնում, թե ինչպիսի խորություն կունենա Եվրասիական տնտեսական միությունը, ինչպիսի նոր ինքնիշխանության զիջումներ կպահանջվեն, և ինչքանով այդ զիջումները կկաշկանդեն ԵՄ-ի հետ նոր պայմանագիր կնքելիս: Այդպիսի անորոշ իրավիճակը, իհարկե, որոշ դժվարություններ է առաջացնում բանակցային գործընթացի սկզբում: Կարծում եմ, որ գուցե ոչ այնքան՝ ուղիղ խոսքերով, բայց ակնարկներով Մոգերինին ներկայացրեց նաև այդ մտահոգությունները մեր պաշտոնյաներին:
– Երևանում Մոգերինին ամենակարևոր հանգամանքներից մեկի մասին խոսեց, ըստ էության մեղադրելով ՀՀ իշխանություններին՝ ասաց, որ այս անգամ հասարակությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասնակիցը պետք է դառնա: Արդեն սկսվել են բանակցությունները, կա՞ բավարար թափանցիկություն, հասարակությունն այս շրջափուլում արդեն պատրա՞ստ է իր խոսքն ասելուն:
– Հասարակության կարծիքը հաշվի առնելը բխում է ոչ միայն՝ ՀՀ հասարակության, այլև ԵՄ-ի շահերից, քանի որ ԵՄ-ն չէր ցանկանա, որպեսզի հասարակական կարծիքի վրա հենվելով, ինչպես դա արվեց 2013թ., ՀՀ-ն հրաժարվի ԵՄ-ի հետ հարաբերությունների հերթական խորացումից: Բայց, բնականաբար, ԵՄ-ն շահագրգռված է, որպեսզի Հայաստանում կայուն քաղաքական իրավիճակ լինի, որպեսզի չընդունվեն այնպիսի որոշումներ, որոնք չեն բխում հասարակության պատկերացումներից երկրի զարգացման վերաբերյալ: Դա շատ լավ է, կարևոր մոտեցում է, և պետք է նաև մեր իշխանությունները հասկանան, որ խորհրդապահական բանակցությունները պետք է մնան անցյալում, հակառակ դեպքում՝ որևէ բանակցություն լուրջ արդյունք չի տալու, հատկապես, երբ շատ լավ հասկանում ենք, որ լրացուցիչ քարոզչություն է իրականացվելու, որի նպատակն է լինելու՝ վարկաբեկել ԵՄ-ՀՀ մերձեցման գործընթացը, այնպես որ, միայն թափանցիկության պայմաններում, բացելով հասարակությանը հետաքրքրող մանրամասները՝ կարելի է հասարակական աջակցություն ստանալ բանակցային գործընթացում:
Ցավոք, առայժմ այդ գիտակցությունը չկա, բայց եթե հետևողական լինի ԵՄ-ն, հնարավոր կլինի այդպիսի թափանցիկ գործընթացին հասնել: Պարզապես այստեղ կարևոր է ԵՄ դիրքորոշումը: ԵՄ-ն պետք է պահանջներ դնի, չպետք է լինեն սոսկ հռչակագրային խոսքեր, այլև մշակվեն մեխանիզմներ, որովհետև բոլորս հասկանում ենք, որ բառացիորեն ամբողջ բանակցությունների բովանդակությունը չի կարող ներկայացվել հանրությանը, բայց ամեն դեպքում՝ հիմնական և կարևոր սկզբունքային ուղերձները բանակցությունների վերաբերյալ պետք է հասնեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու:
– Թափանցիկություն հնարավո՞ր է ապահովել միակողմանիորեն:
– Միակողմանի հնարավոր չէ, անհրաժեշտ է, որպեսզի պայման դրվի ի սկզբանե, որ գործընթացը պետք է լինի հնարավորինս թափանցիկ: Այսինքն` եթե հասարակության մեջ, ԶԼՄ-ներում գործընթացը վարկաբեկող կեղծ լուրեր են պտտվում, դրանք պետք է ամենաբարձր մակարդակով հերքվեն, որից հետո ներկայացվի իրողությունը, որի համար անհրաժեշտ է, որպեսզի ԵՄ-ն որոշակի հաղորդակցական քաղաքականություն մշակի, թե ինչպիսի մասնակցություն այս ամենում պետք է ունենան ԶԼՄ-ները, քաղաքացիական հասարակությունը: Կան մեխանիզմներ այն երկրների համար, որոնք ստորագրել են ԱՀ, ցավոք, Հայաստանի վերաբերյալ այդպիսի կոնկրետ նախաձեռնություններ չկան, դա երևի տարօրինակ է, քանի որ մենք չենք ասում, որ կարող ենք նույն մակարդակի հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ, ինչպես Վրաստանը, Մոլդավան և Ուկրաինան, բայց դա չի նշանակում, որ մեր ԶԼՄ-ները և քաղաքացիական հասարակությունը պակաս զարգացած են, քան այն երեք երկրներում: Եվ ուրեմն, եթե գոնե այս կողմից մենք չենք զիջում, պետք է դրանից օգտվենք և այնպիսի գործընթաց ապահովենք, ինչպիսին կա ԱլԳ երեք առաջատար երկրների դեպքում: