Բաժիններ՝

« Առանց ձեռնափայտերի գարուն եմ ուզում…»

asparez.am-ը գրում է. «Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ 17-ամյա Դավիթ Կարապետյանի ամենամեծ երազանքը առանց ձեռնափայտերի քայլելն է… Երբ համեմատում էի Դավիթին իր տարեկիցների հետ, ակամայից հուզմունքի ու զարմանքի զգացողություն ունեցա. 17 տարեկանում բոլորը երազում են համակարգչի, լավ հեռախոսի, շքեղ ավտոմեքենայի, մասնագիտություն ստանալու մասին, իսկ նա ուզում է միայն վազել ու ծնողներին երջանիկ տեսնել:

Դեռ մեկ տարեկանում տղայի հետ տեղի ունեցած դժբախտությունը (ընկնելու հետեւանքով կոտրել էր ոտքը) դառնում է նրա հետագա կյանքի հաշմանդամության պատճառը եւ զրկվում է անգամ դպրոց հաճախելու երջանկությունից: Տղայի ընտանիքը սոցիալապես անապահով է ու ապրում է ամսական նպաստի ու թոշակի հույսով, որը կազմում է 41 հազար դրամ: Անկախ բոլոր խնդիրներից՝ նրանք փորձում են ամեն բան անել, որպեսզի տղայի կյանքը ավելի հեշտ ու բարեկեցիկ դարձնեն, բայց ինչպես կարելի է ապրել ու պայքարել, եթե չկան նյութական միջոցներ…

Davit-3

Ամենասարսափելին, որ լսեցի եւ տեսա, այն էր, որ անկախ վազելու ու քայլելու երազանքից, Դավիթը հարմարվել է իր կարգավիճակին եւ կորցրել է հրաշքներին հավատալու երեխայական բնավորությունը: 4 վիրահատություններ հաղթահարած տղայի մեջ հաղթել է հուսահատությունը…

Նրա վիրահատությունների գումարը տրամադրել էր Նշան Աճեմյանը, որին ամբողջ ընտանիքը (չնայած անձամբ չէին ճանաչում) հիշատակում էր մեծ երախտագիտությամբ: Դավիթի կյանքում փորձությունները շարունակվում են անգամ վիրահատություններից հետո. 3-րդ վիրահատությունից հետո նրա հետ նորից դժբախտություն է տեղի ունենում, որի հետեւանքով կոտրվում է արդեն վիրահատված ոտքը: «Նաիրի» բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ Արշակ Միրզոյանի գլխավորությամբ նրան վիրահատում են 4-րդ անգամ: Արշակ Միրզոյանին Դավիթը համարում է իր ավագ ընկերը, որի անունը հիշատակելուց աչքերը փայլում էին:

Տղայի լիարժեք ապաքինման համար անհրաժեշտ է եւս եկու վիրահատություն իրականացնել, որն էլ կլորիկ գումար է պահանջում ¥6.000 ԱՄՆ դոլլար¤, իսկ նպաստով ապրող ծնողները չունեն նման հնարավորություն:

Ասլին եւ Գրիգորը հիմնական աշխատանք չունեն,սակայն հնարավորության դեպքում օրավարձով աշխատում են. մեկը` բերքահավաքի ժամանակ, իսկ մյուսը` շինարարության ոլորտում: Ծնողները իրենց որդու մասին խոսելիս՝ շեշտում էին, որ իրենց կյանքի միակ նպատակը տղային ոտքի հանելն է, որ իրենք ապրում են հանուն Դավիթի եւ միակ բանը, որ ուզում են, երեխայի աչքերում ուրախություն տեսնելն է»:

Հեղինակ` Մարի Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս