«Մի օր Ռուսաստանն ու Թուրքիան հաշտվելու են, և ՌԴ-ում մոռանալու են հայկական հարցը». Արաքս Փաշայան
«168 Ժամի» զրուցակիցն է Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ, արաբագետ Արաքս Փաշայանը
– Տիկին Փաշայան, արդեն մի քանի օր է` ուժի մեջ է մտել ՌԴ-Արևմուտք համաձայնությունը Սիրիայում հրադադարի պահպանման շուրջ, ինչը հենց Սիրիայում պատերազմի կիզակետում գտնվող հայերը որակում են՝ անիմաստ փաստաթուղթ։ Խնդիրն այն է, որ Սիրիայում պատերազմող ամենալուրջ ուժերը հենց ԻՊ ու «Ալ-Նուսրա» խմբավորումներն են, որոնք համաձայնագրից դուրս են։ Այնուամենայնիվ, մեծ համաձայնություն է կայացել։ Ինչպե՞ս կփոխի սիրիական ճգնաժամն այս համաձայնությունը։
– ԱՄՆ-ի և Ռուսաստանի պայմանավորվածությունը, կարծում եմ, իսկապես մեծ ձեռքբերում է, պատմական նշանակություն ունեցող, անկախ այն հանգամանքից, թե որքանով արդյունավետ կլինի, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, ըստ էության, ներկայացնում են տարբեր դաշինքներ և բավական իրարամերժ տեսակետներ են ունեցել սիրիական հարցի վերաբերյալ։ Այս համաձայնությունն աննախադեպ է վերջին հինգ տարիների կտրվածքով։ Գաղտնիք չէ, որ բոլոր կողմերից էլ կան մտավախություններ, որ հրադադարի ռեժիմը չի աշխատի։
Եվ դա հասկանալի է, քանի որ սիրիական խնդիրը ներկա փուլի ամենաբարդ ու խրթին հակամարտությունն է, միջազգային լայն ներգրավվածությամբ՝ թե՛ տարածաշրջանային և թե՛ արտատարածաշրջանային առումներով։ Սիրիան համաշխարհային պատերազմի մի հարթակի է վերաճել, որտեղ բախվում են տարբեր պետությունների, ազգերի, ցեղերի, կլանների շահեր ու հետաքրքրություններ։ Այսօր Սիրիայում կան բազմաթիվ անվերահսկելի տարածքներ, որոնք ոչ միայն ռազմական գործողությունների վայրեր են, այլև՝ միջազգային հանցագործության ու թրաֆիկինգի գոտիներ։ Սրանք «պետություններ» են պետության ներսում։ Այնպես որ, Սիրիայում խաղաղություն հաստատելը հեշտ գործ չէ։ Այս տեսանկյունից՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի մոտեցումների մերձեցումը շահեկան կարող է լինել Սիրիայի համար։ Պետք է սպասել։
– Վերլուծելով վերջին շրջանում Սիրիայի հարցում առկա համաձայնագրերը, ի՞նչ կարող եք ասել` կա՞ արդյոք Սիրիայի ապագայի վերաբերյալ միջազգային համաձայնություն։
– Ամենաիդեալական տարբերակը կլիներ այն, որ Սիրիայի ապագան որոշեին Սիրիայի քաղաքացիները հենց Սիրիայում։ Քանի որ այն որոշվում է Սիրիայի սահմաններից դուրս, դրա համար էլ ձախողվում է։ Ցավոք, այնպես է ստացվել, որ Սիրիայի ապագան պետք է որոշեն Էր-Ռիադը, Անկարան, Քաթարը և այլք։ Սա առաջին հերթին՝ մեծ ողբերգություն է սիրիացի ժողովրդի համար։ Այնուամենայնիվ, իմ համոզմամբ՝ Սիրիայի վերաբերյալ ամենահավասարակշռված փաստաթղթերից մեկը վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 (2015) բանաձևն է, որը սիրիական հարցի կարգավորման ճանապարհային քարտեզ մշակեց՝ առաջարկելով կառավարությանն ու ընդդիմությանը՝ բանակցել, տասնութ ամիսների ընթացքում անցկացնել նոր ընտրություններ, մշակել նոր սահմանադրություն և այլն։ Իհա՛րկե, ամեն ինչ գեղեցիկ է թղթի վրա, բայց երբ պետք է իրականացնել, ձախողվում է։
Մինչ օրս, օրինակ, պարզ չէ, թե ովքեր են իրական սիրիական ընդդիմադիրները, քանի որ նրանք միասնական կենտրոն չունեն, հովանավորվում են տարբեր կենտրոններից։ Պարզ չէ, թե ում հետ պետք է բանակցի կառավարությունը։ Կան Էր-Ռիադի, Մոսկվայի, Անկարայի, Կահիրեի կողմից հովանավորվող ընդդիմադիրներ։ Այսինքն՝ սիրիական խճանկարը բավական բարդ է։ Ընդդիմությունը հագեցած է նաև էթնիկ և դավանական տարբեր տարրերով։
– Ի՞նչ դեր ունեն տարածաշրջանի ուժային կենտրոնները սիրիական ներկա ճգնաժամի հարցում։ Ինչպե՞ս են նրանք փորձում նպաստել խնդրի հանգուցալուծմանը։
– Սիրիական ճգնաժամի ձևավորման և հետագա ընդլայնման հարցում ամենաբացասական դերակատարությունն ունեցան հենց տարածաշրջանի պետությունները, առաջին հերթին՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիայի Թագավորությունը և Քաթարը, ովքեր մինչև սիրիական պատերազմը ջերմ հարաբերություններ ունեին Դամասկոսի հետ։ Նման շրջադարձն անսպասելի էր, բայց տեղի ունեցավ։ Այս պետությունների և նրանց դաշնակիցների օգնությամբ Սիրիան կազմաքանդվեց, կորցրեց իր ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Սուննիական այս եռյակի թիրախներից մեկն էլ Իրանն էր։
Այսինքն, Սիրիան դարձավ սուննիական և շիայական աշխարհաքաղաքական դաշինքների մրցակցության զոհը։ Մյուս կողմից՝ ներիսլամական հակասությունները, տևական ու դաժան մրցակցությունն Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև նպաստեցին Միջին Արևելքի գործերին արտաքին միջամտության ծավալմանը, այլ հակամարտությունների սրմանը Եմենում և այլն։ Արդյունքում՝ Մերձավոր Արևելքի ազգային անվտանգության համակարգը փլուզվեց կամ հայտնվեց փխրուն հավասարակշռության մեջ՝ տասնամյակներով հետ գցելով նրա զարգացումը։ Սիրիական պատերազմը վերջնական հարված հասցրեց թե՛ արաբական և թե՛ իսլամական համերաշխության գաղափարին։
Այնպես որ, այս պետությունները ներկայումս ոչ թե կօգնեն, այլ, թերևս, կփորձեն կասեցնել Սիրիայում խաղաղության հաստատումը, քանի որ հսկայածավալ ռեսուրսներ են ներդրվել։ Եթե հակակառավարական ուժերի ֆինանսավորումն ու զինումը դադարեցվի, սիրիական պատերազմը, ըստ ամենայնի, կավարտվի։
– Հաշվի առնելով վերջին զարգացումները, համաձայնությունը` ի՞նչ հետևանքներ կարելի է սպասել մեր տարածաշրջանում ռուս-թուրքական լարվածությունից և ահաբեկչական խմբավորումներից, որոնց դեմ Ռուսաստանը Սիրիայում գործում է։ Տեսակետներ են շրջանառվում, թե ահաբեկչական խմբավորումները կարող են փորձել Հայաստանի միջոցով Ռուսաստանից վրեժխնդիր լինել։ Որքանո՞վ են սրանք իրատեսական։
– Հայաստանը Մեծ Մերձավոր Արևելքի մի մասն է, մենք ապրում ենք խիստ պայթյունավտանգ մի տարածաշրջանում։ Թեև պատերազմը մեզանից հեռու է թվում, բայց իրականում մոտիկ է։ Պատերազմի անմիջական ու ծանր հետևանքներն ամեն օր շոշափելի կերպով զգում են մեր հայրենակիցները Հալեպում, Դամասկոսում, Քեսաբում, Լաթաքիայում, Կամիշլիում։ Ազգային անվտանգության տեսանկյունից՝ Հայաստանի համար, իհարկե, վտանգներ կան։ Պատմական տարբեր ժամանակներում ռուս-թուրքական մերձեցումներն ու առճակատումները մեզ համար խիստ բացասական հետևանքներ են ունեցել։ Մենք նաև չպետք է էմոցիոնալ արձագանքենք ռուս-թուրքական առճակատմանը, դրա շուրջ Ռուսաստանում ծավալվող դիսկուրսներին, և այլն։ Համոզված եմ, որ մի գեղեցիկ օր Ռուսաստանն ու Թուրքիան հաշտվելու են, և Ռուսաստանում մոռանալու են Հայկական հարցը։ Մենք պետք է պատրաստ լինենք նաև հակազդել Ղարաբաղի հարցում իսլամական գործոնի հնարավոր ակտիվացմանը։
– Արևմտյան որոշ փորձագետներ, կարևորելով Սիրիայում բոլոր կողմերի, բոլոր համայնքների մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացում, մտավախություն են հայտնել, որ հայերը գուցե արտահայտեն ՌԴ դիրքորոշումը՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունները։ Սիրիայում հայ համայնքն այսօր լուրջ խնդիրներ ունի։ Ի՞նչ պետք է անի Հայաստանը։ Հաշվի առնելով հայ համայնքի շահերը՝ ըստ Ձեզ, ո՞րը պետք է լինի Սիրիայի համայնքի անվտանգ դիրքորոշումը։
– Սիրիայի հայերն այդ երկրի քաղաքացիներն են և մինչ օրս հավասարաչափ տուժել են պատերազմից, վերապրել պատերազմի արհավիրքներն այնպես, ինչպես մնացած սիրիացիները։ Անկախ սիրիական պատերազմում Ռուսաստանի ներգրավվածության փաստից, հայերն ի սկզբանե ունեցել են և ունեն իրենց դիրքորոշումը։ Նրանք միշտ էլ աջակցել են Բաշար Ալ-Ասադի վարչակարգին, ինչը, կարծում եմ՝ նշանակում է՝ կողմ լինել Սիրիայի պետականությանը, ինքնիշխանությանը, անկախությանը, զարգացմանն ու առաջընթացին։ Ցավոք, Սիրիայի և ընդհանրապես Մերձավոր Արևելքի հայ համայնքներն էլ առաջվանը չեն և չեն էլ կարող լինել։
Այն հայերը, ովքեր չեն արտագաղթել, այսօր Սիրիայում գոյապահպանության խնդրի առաջ են կանգնած։ Ցավալի է, որ Հայաստանը սիրիահայերին չկարողացավ պահել Հայաստանում, ինչպես իրաքահայերին։ Մենք այս հարցում էլ ձախողվեցինք։ Նրանք միայն հարստացնելու էին Հայաստանն իրենց փորձով ու ներդրումներով։ Այնպես, ինչպես 1946 թվականից հետո եղավ։ Փոխարենը՝ Կանադան գրկաբաց ընդունեց սիրիահայերին։