«ՀՅԴ-ն Շիրակի մարզում մարզպետ ունենալու շատ տխուր փորձ ունի…». Ի՞նչ ակնկալիքներ ունեն շիրակցիները նորանշանակ մարզպետից

Շիրակցիները որևէ դրական փոփոխություն չեն սպասում Շիրակի նորանշանակ մարզպետ, ՀՅԴ ներկայացուցիչ Հովսեփ Սիմոնյանից: Այս կարծիքին է գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ով 168.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ վերջին տարիների մարզպետների փոփոխությունը ցույց է տալիս, որ իշխանությունները բացարձակապես հաշվի չեն առնում հասարակության կարծիքը: Նա նշեց, որ Հովսեփ Սիմոնյանին շիրակցիները վաղուց գիտեն, բայց ըստ քաղաքագետի՝ նա խարիզմատիկ անձ չէ, աչքի չի ընկել ոչ մի բանով, մասնակցել է քաղաքապետի վերջին ընտրություններին և շատ քիչ ձայներ է ստացել: Նա նաև կարծում է, որ այստեղ հարցն այդքան Հովսեփ Սիմոնյանը չէ, որքան Դաշնակցությունը:

«ՀՅԴ-ն Շիրակի մարզում մարզպետ ունենալու շատ տխուր փորձ ունի: 2003-2006 թվականին Շիրակի մարզպետ է եղել դաշնակցական Ռոմիկ Մանուկյանը, որը շատ սկանդալային և շատ անփառունակ ավարտ ունեցավ իր պաշտոնավարման ընթացքում, անընդհատ սկանդալներ՝ Գյումրու նախկին քաղաքապետի հետ, լեզվակռիվ, անպատվանք, ամենավերջին վիրավորանքներ, պատվիրված նյութեր…

Հիմա սպասելիքները հետևյալն են: Դաշնակցականները պետք է գնան վա-բանկ, այսինքն՝ իրենք պետք է Շիրակի մարզում իրագործեն տնտեսական և սոցիալական ծրագրեր, աշխատատեղերի բացում՝ ներգրավելով սփյուռքում բնակվող դաշնակցականների ֆինանսական հնարավորությունները, ներդրումներ կատարելով Շիրակի մարզում:

Միայն այդ պարագայում շիրակցին քիչ թե շատ նորմալ վերաբերմունք կդրսևորի ՀՅԴ-ի նկատմամբ և կողջունի նրանց երկրորդ մուտքը Շիրակի մարզ: Հուսով եմ՝ «երկու անգամ նույն գետը չեն մտնում» ասացվածքը դաշնակցականները կհերքեն, որովհետև, եթե իրոք երկրորդ անգամ նույն գետը մտան, ու անփառունակ վախճան ունեցավ այդ մուտքը, դա Դաշնակցության համար շատ վատ հետևանքներ կունենա ոչ միայն՝ Շիրակի մարզի, այլ նաև՝ ամբողջ Հայաստանի առումով»,- նշեց քաղաքագետը: Մեր զրուցակցի խոսքով՝ եթե դաշնակցականները եկել են Շիրակի մարզ, որպեսզի մարզպետի պաշտոն ստանան և բավարարվեն պետական բյուջեից ստացած գումարներով և դոտացիաներով, դա նրանց համար բավական մեծ խնդիրներ կստեղծի ապագայում:

Կարդացեք նաև

Հարցին՝ ինչ-որ միտում տեսնո՞ւմ եք, որ հենց հենց Շիրակի և Արագածոտնի մարզերը տրվեցին դաշնակցականներին, Գ. Համբարյանը պատասխանեց, որ Արագածոտնի մարզի պարագայում ոչինչ չի կարող ասել.

«Շիրակի մարզի պարագայում պետք է ասեմ, որ Շիրակի մարզը բավականին խնդրահարույց մարզ է, սպեցիֆիկ է ու լիովին տարբերվում է Հայաստանի մյուս մարզերից: Երկրաշարժի հետևանքները Շիրակի մարզում դեռ լիովին վերացված չեն: Այստեղ սոցիալական և տնտեսական խնդիրները կրկնակի են, քան Հայաստանի մյուս մարզերում, և պետք է ասել, որ իշխանությունների կողմից ձեռնարկված բոլոր քայլերն իրենց պտուղները չտվեցին ընտրությունների ժամանակ: Այն բոլոր քաղաքական գործիչները, ովքեր իշխանություններին խոստումներ են տալիս, որ՝ մենք կապահովենք այսքան ձայներ, ընտրությունների ժամանակ մեծ խնդիրներ են ունենում, որովհետև ոչ ոք հետագայում չի կարող երաշխավորել՝ ընտրությունների արդյունքը կլինի հօգուտ իշխանությունների: Սրանով է պայմանավորված, որ Շիրակի մարզը որոշեցին հանձնել դաշնակցականներին, այսպես ասած, այդ կարևոր լուծերից մեկից ազատվելով»:

Տեսանյութեր

Լրահոս