Բաժիններ՝

Հայ ծրագրավորողների ստեղծած Penny հավելվածը գումար խնայելու և ֆինանսները կառավարելու գործիք է

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ՝ ավելանում են նաև հայ ծրագրավորողների կողմից նախագծված ստարտափները: Մենք շարունակում ենք ձեզ պատմել հայ ծրագրավորողների կողմից ստեղծված ամենահետաքրքիր հավելվածների և նախագծերի մասին:

Այս անգամ ձեզ ենք ներկայացնում «Խնայողությունը սկսվում է մեկ լումայից» կարգախոսով ստեղծված Penny հավելվածը:

Penny հավելվածի նպատակն է՝ օգնել մարդկանց խնայել իրենց գումարը և կառավարել ֆինանսական միջոցները: Հավելվածը, հենվելով օգտատիրոջ կատարած ծախսերի վրա, կգտնի գումար խնայելու բոլոր հնարավոր տարբերակները: Հավելվածի առավելություններից մեկն ապահովությունն է: Նրան պետք չէ ոչ մի ինֆորմացիա, բացի օգտատիրոջ մուտքանունից և գաղտնաբառից: Այն ակտիվացնելու համար պետք է պարզապես բանկային քարտը կցել հավելվածին:

Հավելվածի հեղինակներն են Հարություն Առաքելյանը, Լևոն Արքելաթյանը և Հայկ Բալույանը:

Կարդացեք նաև

Penny-ն 2015 թվականին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի «Նորարարության զարգացման համաֆինանսավորվող մրցույթի» շրջանակում ստացել է 20 հազար դոլար դրամաշնորհ:

Penny (1)

Քանի որ Հայաստանում այնքան էլ զարգացած չէ բանկային քարտերի միջոցով գնումներ և գործարքներ կատարելու մշակույթը, հավելվածի հեղինակները նախագիծը ստեղծել են հիմնականում ամերիկյան շուկայի համար: Նախագծի հեղինակները նշում են, որ չնայած հիմա հայաստանյան շուկայում նկատվում է ակտիվություն, այնուամենայնիվ, բանկային քարտերով գործարքները տոկոսային հարաբերակցությամբ բավականին ցածր են, իսկ mobile և online banking-ից օգտվողների քանակը՝ փոքր:

«Հայաստանյան պայմաններում տեխնիկապես գրեթե անհնար է նման ծառայություն գործարկել, որովհետև չկան անհրաժեշտ տեխնոլոգիաները՝ հավելվածը բանկային հաշիվներին կապելու կամ փոխանցումները կատարելու համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Penny հավելվածի հեղինակներից մեկը՝ Հարություն Առաքելյանը:

Penny (2)

Հավելվածը դեռևս բետա փուլում է և շարունակում է փոփոխվել և կատարելագործվել: Այժմ այն սահմանափակ թվով օգտատերերի հետ փորձարկվում է ԱՄՆ-ում:

«Մեծ ձեռքբերում էր ամերիկյան խոշորագույն բանկերի հաշիվների հետ մեր հավելվածի ինտեգրումը: Այժմ ցանկացած մարդ, ով բանկային հաշիվ կամ քարտ ունի ամերիկյան բանկերում, ինչպիսիք են Bank of America, Chese, Citibank, Wells Fargo և այլն, կցելով իր հաշիվը՝ կարող է օգտվել մեր հավելվածից»,- պատմում է Հարություն Առաքելյանը:

Մշակման փուլում հավելվածը կոնցեպտուալ փոփոխություններ չի կրել: Պարբերաբար փոփոխվում է արտաքին տեսքը, և գուցե վերջնական տարբերակն ամբողջությամբ այլ լինի:

Նախագծի հեղինակներն այս փուլում կենտրոնացած են նախագիծն ԱՄՆ-ում գրանցելու և մոտակա ամիսներին հավելվածի վերջնական տարբերակը iOS պլատֆորմում թողարկելու վրա:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս