Ֆինանսների սղության պատճառով թափառող շների վնասազերծման այլ մեթոդներ չեն կիրառվում
Վերջին շրջանում որոշ քաղաքացիներ «Ասպարեզի» խմբագրություն են դիմում եւ դժգոհում, որ առավոտյան ժամերին` 9:00-10:00-ի սահմաններում, երբեմն ականատես են լինում թափառական շների վնասազերծման աշխատանքների:
-Տեսել եմ, թե ինչպես են որսորդական հրացանով շանը վնասազերծում,-պատմում է բնակիչներից մեկը:
Գյումրիում թափառող, կատաղած շների վնասազերծման աշխատանքներն իրականացնում է համայնքապատկան «Հավերժ Հիշատակ» ՓԲԸ-ն:
«Ասպարեզը» գրավոր պարզաբանումներ է խնդրել Գյումրու քաղաքապետարանից այդ շների վնասազերծման ժամերի, վնասազերծման այլ մեթոդների հնարավոր կիրառման եւ վնասազերծման նպատակով համայնքի բյուջեից նախատեսված եւ ծախսված գումարի չափի վերաբերյալ:
Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալ Ռուբեն Սանոյանի անունից (կատարող` Կ.Մանասյան) ստացած գրավոր հարցման պատասխանը կայքը հրապարակել է ամբողջությամբ.
«2015թ-ի Գյումրու քաղաքային բյուջեից թափառող, կատաղած շների վնասազերծման նպատակով նախատեսված է եղել ծախսել 4 մլն 960 հազար 500 դրամ, որից փաստացի ծախսվել է 4 մլն 616 հազար 800 դրամ: Իսկ 2016թ-ի համայնքի բյուջեից թափառող, կատաղած շների վնասազերծման համար նախատեսված է 4 մլն 500 հազար դրամ, հունվար ամսին ծախսվել է 242 հազար 900 դրամ:
Վնասազերծումը հիմնականում կատարվում է առավոտյան ժամը 06:30-08:30 ժամանակահատվածում, սակայն լինում են բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիները օրվա տարբեր ժամերին ահազանգում են եւ հայտնում, որ այդ պահին կա կատաղած շուն, այն վտանգ է ներկայացնում մարդկանց համար, ուստի անհրաժեշ է վնասազերծել տվյալ պահին: Բնականաբար, վնասազերծումը կատարվում է այդ պահին: Նմանատիպ ահազանգեր հաճախակի ստացվում են նաեւ ոստիկանությունից եւ արտակարգ իրավիճակների վարչությունից, որոնց համար դարձյալ հիմք են հանդիսացել քաղաքացիների գրավոր կամ բանավոր դիմումները:
Կատաղած շների վնասազերծման այլ մեթոդներ կան, սակայն դրանց կիրառումը հսկայական գումարներ են պահանջում, ուստի մենք այլ մեթոդներ ներկայումս չենք կիրառում՝ ելնելով քաղաքի բյուջեի ֆինանսական միջոցների սղությունից»: