Գրիգը չէր սպասում, որ «Հիսուսի կատուն» նման արձագանք կունենա
Երիտասարդ գրող Գրիգը չէր սպասում, որ իր «Հիսուսի կատուն» ժողովածուն նման արձագանք կունենա: Այս մասին լրագրողների հետ զրույցում «Արմենպրես» լրատվական գործակալության «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունից հետո նշեց գրողը:
«Անկեղծորեն չէի սպասում, որ գիրքը նման արձագանք կունենա, հաճելի անակնկալ էր։ Գերխնդիրս գիրքը տպագրված տեսնելն էր։ Մի լավ խոսք կա՝ դու գործն արա, կլինի՝ ինչ կլինի։ Երևի ամենահաճելի պահը ստեղծագործող մարդու համար հենց այդ զգացումն է, որ դու քո գործն արել ես և դրանից հետո գիրքն իր կյանքն ունի.որոշների հետ վիճում է և քո դեմ է տրամադրում, որոշների մոտ` դրական արձագանք է լինում, սկսում են քեզ սիրել»,- նշեց Գրիգը:
Նրա խոսքով` քանի դեռ գիրքը տպագրված չէր, ինքը ենթագիտակցական մակարդակով պատմվածքներ էր գրում այն լրացնելու, հարստացնելու համար:
«Հիմա փորձում եմ գրել այլ գիրք։ Կարծում եմ` չեմ կարող գրքին նայել որպես ընթերցող և երևի երբեք էլ չկարողանամ։ Շատ եմ ինձ քննադատում, ինձնից հաճախ շատ դժգոհ եմ լինում։ Եթե նույնիսկ ընթերցողի հայացք է, ապա շատ ինքնակեղեքող»,-շեշտեց Գրիգը:
«Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ժամանակ Լևոն Անանյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ Գրիգը` «Հիսուսի կատուն» ժողովածուի համար: