«Մարդիկ բացասաբար են վերաբերվում ԵՏՄ-ին՝ օբյեկտիվ ինֆորմացիայի բացակայության պատճառով». Ռոման Շկոլին

ԵՏՄ տարածքում ձևավորվել է միասնական տեղեկատվական տարածք, որը հնարավորություն կտա տեղեկություններ ստանալ ԵՏՄ կառույցի շրջանակներում անդամ երկրներում տեղի ունեցող իրադարձությունների մասին: «Եվրասիական ընտրություն» միջազգային կազմակերպության նախագահ Ռոման Շկոլինի խոսքով՝ ԵՏՄ-ի մասին ինֆորմացիան քիչ է, ինչը, ըստ նրա ՝ լուրջ խնդիր է, դրա համար ձեռնամուխ են եղել նոր պորտալի ստեղծմանը: «Պոստ Սկրիպտում» գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նաև նշեց, որ այն մարդիկ, ովքեր բացասաբար են վերաբերվում ԵՏՄ-ին, օբյեկտիվ ինֆորմացիայի պակաս ունեն:

Քաղաքագետ, «Ռուսաստան-Կովկաս» աշխարհաքաղաքական ակումբի տնօրեն Նիկոլայ Բանինն էլ նշեց, որ այս նախագիծը հնարավորություն կտա քաղաքացիներին հասկանալ, թե ինչ է ԵՏՄ-ն, ԵՏՄ երկրներն էլ կիմանան, թե ինչ է կատարվում գործընկեր երկրներում. «Հայաստանի անդամակցումը շատ կարևոր է, ու չնայած որոշ հետազոտություններ ԵՏՄ-ի նկատմամբ հետաքրքրության նվազում են արձանագրում, սակայն մեծ հույսեր ունենք, որ Հայաստանը ԵՏՄ շրջանակներում կգրանցի ակնհայտ արդյունքներ, ու ցանկացած քաղաքացի կհասկանա, թե ինչ է ԵՏՄ-ն, ինչ պրոցեսներ են այնտեղ կատարվում: Մենք երկխոսություններ ենք ունեցել ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի ներկայացուցիչների հետ՝ չնայած նրան, որ հիմա Հայաստանում շատ հետաքրքիր քաղաքական շրջան է: Շատերն ասում են, որ Եվրասիական միությունն առաջ նախագահների ակումբ էր, հիմա դա արդեն այդպես չէ: Շատ խորհրդարանական ուժեր կառուցողական են վերաբերվում Հայաստանի անդամակցմանը ԵՏՄ-ին, պոզիտիվ են ընդունում այնտեղ տեղի ունեցող պրոցեսները»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ու Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը ևս կարևորեցին միասնական տեղեկատվական տարածք ստեղծելը: Արամ Սարգսյանը նշեց, որ ԵՏՄ-ն շատ լայն հնարավորություններ է տալիս, և ըստ նրա՝ այլ հարց է, թե ինչպես ենք դրանք օգտագործվում:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս