Սիրիայում հիվանդանոցներ են հրթիռակոծվել. կան զոհեր
Սիրիայի հյուսիսային շրջաններում հիվանդանոցներ են ռմբակոծվել, զոհվել է նվազագույնը 10 մարդ, հայտնում է BBC-ն:
Իդլիբ նահանգում հարված է հասցվել միջազգային «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հովանու տակ գործող հիվանդանոցին:
Կազմակերպության տվյալով՝ հրթիռակոծությունից հետո անհայտ է հիվանդանոցի նվազագույնը 8 աշխատակցի ճակատագիրը: Միաժամանակ, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը դժվարացել է ասել, թե որ երկրի ավիացիան է պատասխանատու բժշկական հաստատության հրթիռակոծության համար:
Իր հերթին, Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների դիտորդական սիրիական կենտրոնը պնդում է, որ հարվածի հետևանքով սպանվել է նվազագույնը 10 մարդ, իսկ հարվածները հասցրել է ռուսական ավիացիան:
Ռուսական ավիացիան դեռ չի մեկնաբանել տեղեկությունը:
Բացի այդ՝ գնդակոծվել է նաև Ազազ քաղաքի հիվանդանոցը, որտեղ սպանվել է նվազագույնը 10 մարդ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դրանում մեղադրել է Ռուսաստանին: