Օբաման հեռախոսազրույցում Պուտինին կոչ է արել դադարեցնել Սիրիայի ընդդիմության ռմբակոծությունները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի ավիահարվածները Սիրիայի չափավոր ընդդիմության դիրքերին:

«Մասնավորապես, նախագահ Օբաման ընդգծել է կարևորությունը, որ Ռուսաստանը խաղացել է կոնստրուկտիվ դեր՝ կասեցնելով իր օդային հարվածները Սիրիայում չափավոր ընդդիմության տեղակայման վայրերում»,- հայտնել է իր հաղորդագրության մեջ Սպիտակ տունը:

Երկու երկրների նախագահները նաև քննարկել են Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը: Բարաք Օբաման հայտարարել է, որ ռուսամետ անջատողականները պետք է իրականացնեն Մինսկի համաձայնագրերի պայմանները: Այս մասին, հղում կատարելով Սպիտակ տան մամլո ծառայությանը, հայտնում է Reuters գործակալությունը:
Կրեմլի մամլո ծառայությունը նաև հայտնել է, որ ԱՄՆ ու ՌԴ նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում ու Սիրիայում ստեղծված իրավիճակը: Ինչպես ասվում է Կրեմլի կոմյունիկեում, ԱՄՆ-ու Ռուսաստանի նախագահները աջակցություն են հայտնել Ուկրաինայի արևելքում կրակի դադարեցմանն ու հակամարտության գոտում մարդասիրական օգնության ցուցաբերմանը:

Պուտինը, իր հերթին, կոչ է արել Սիրիայում ստեղծել հակաահաբեկչական ճակատ: Կողմերը, ինչպես ասվում է Կրեմլի մամլո ծառայությունում, պատրաստ են ակտիվացնել համագործակցությունը Մյունխենում Սիրիայի աջակցության խմբի հայտարարության շուրջ:

Կարդացեք նաև

Պուտինը նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է «պրակտիկ քայլեր» ձեռնարկեն Մինսկի պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ, ներառյալ՝ Դոնբասի հետ ուղիղ երկխոսության հաստատումը, համաներման հայտարարումն ու սահմանադրական բարեփոխումների իրականացումը՝ համաձայնեցված Դոնեցկի ու Լուգանսկի ներկայացուցիչների հետ, հայտնում է Կրեմլը:

Մամլո ծառայությունից ընդգծել են, որ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի նախագահների զրույցը «կրել է բաց ու գործնական բնույթ»:

Տեսանյութեր

Լրահոս