
Իրաքը հետաքրքրված է Հայաստանի առողջապահական համակարգի ձեռքբերումներով

Բաղդատում տեղի ունեցած հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկվել են նաև առողջապահության ոլորտին առնչվող հարցեր։ Հանձնաժողովում ներկայացված ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը մասնակցել է երկու երկրի առողջապահական համակարգերի համագործակցության խթանմանն ուղղված քննարկումներին։ Փոխնախարարի խոսքով իրաքյան կողմին հետաքրքրել են մեր երկրում մանկական սրտային վիրաբուժության, մասնավորապես` իրաքցի հիվանդ երեխաների բուժումը Հայաստանում իրականացնելու հնարավորությունները։
Օնկովիրաբուժության ոլորտում Իրաքի առողջապահության համակարգի ղեկավարները հետաքրքրված են իրենց մասնագետների վերապատրաստման, բժիշկների և բուժքույրերի գործնական ունակությունների ու հմտությունների բարելավմանն ուղղված դասընթացների կազմակերպումով` ինչպես Իրաքում, այնպես էլ` Հայաստանում։
Ստորագրված արձանագրությունում ներառվել են նաև դեղերի շրջանառությանը, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկմանը վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։