
Թուրքական թերթը ներկայացրել է Ադրբեջանի ճիշտ քարտեզը` առանց ԼՂՀ տարածքի

Թուրքական հայտնի թերթերից մեկը, ի տարբերություն Բաքվի կողմից մշտապես արվող աղավաղումների, Ադրբեջանի քարտեզը ներկայացրել է ճիշտ կերպ` առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, թուրքական «Սաբահ» թերթը հոդված է պատրաստել Թուրքիայում անցկացված Համաշխարհային զբոսաշրջային համաժողովում մասնակից երկրների նախարարների նիստի վերաբերյալ: Թերթում նիստից բերված լուսանկարում, որում պատկերված են Ադրբեջանի, Մակեդոնիայի, Գանայի եւ Թուրքիայի նախարարները, Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաեւի հետեւի պլանում դրվել է Ադրբեջանի քարտեզը, որում բացակայում է ԼՂՀ-ն:
Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության մամուլի քարտուղար Վուգար Շիխմամեդովը հայտարարել է, որ իբր, դա «մոնտաժ եւ ֆոտոշոփ» է:
Ավելի վաղ` 2012 թվականին ՄԱԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված քարտեզում եւս Ադրբեջանը ներկայացվել էր առանց ԼՂՀ տարածքի: Ավելին, քարտեզի տակ գրված է եղել, որ այն վերցվել է ադրբեջանական ABC կայքից: Բացի այդ, 2011 թվականին Ադրբեջանի հանրային հեռուստաալիքի կայքում եւս ԼՂՀ-ը ներկայացվել էր որպես Հայաստանի տարածք: