«Ընտրական գործընթացներում ես այս պահին ընդդիմադիր բևեռ չեմ տեսնում». Սարո Սարոյան

Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ Սարո Սարոյանը

– Պարոն Սարոյան, ՀՀԿ-ՀՅԴ հարաբերություններում ստեղծված աժիոտաժն ինչո՞վ կավարտվի, կոալիցիոն քննարկումներն ի՞նչ արդյունքներ կունենան:

– Ընդհանրապես, վարչախմբի ներսում տեղի ունեցող շատ գործընթացներ, աչքակապություններ, իրար հակասող հայտարարություններ այնքան էլ հետաքրքիր չեն: Ամեն դեպքում, ինչ պայմանավորվածություններ եղել են, դրանք կատարվելու են միանշանակ, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի և ՀՅԴ կարկառուն ղեկավարների միջև համաձայնությունները կայացվել են մինչև սահմանադրական փոփոխությունների գործընթացը, և դրանք կատարվելու են այս տարի և հետագա ժամանակահատվածում՝ հանուն ինչի ՀՅԴ-ն մտավ այդ ամբողջ գործընթացի մեջ: Ավելի ցածր ֆիգուրների և երևույթների հարցն այժմ քննարկելը սխալ է, և դրանք այդ համաձայնության ավարտ չեն նշանակում, ես այդպիսի բան չեմ նկատում:

– Դաշնակցականներն առավելագույնը ի՞նչ կարող են ստանալ ՀՀԿ-ից:

Կարդացեք նաև

– Սերժ Սարգսյան-ՀՅԴ համաձայնությունը կոնկրետ է եղել և կոնկրետ իրականություն է դառնալու: Եթե խոստացվել է, օրինակ, 2-3 կամ 3-4 պորտֆել, միայն դրա շրջանակներում կարող է վեճ լինել: Այնպիսի բան չի եղել, որ նախկին համաձայնեցված պայմանի խախտում դիտվի, և հիմա իրար հետ վիճեն դրա պատճառով, ու գործընթացներն այլ հունով ընթանան: Ուրիշ բան է, որ, եթե հարաբերական է եղել պայմանավորվածությունը, հիմա այդ հարաբերականի շուրջ կարող է լինել բանակցություն:

– «Բարգավաճ Հայաստանում» կարծես թե որոշում է կայացվել կոալիցիա չմտնելու մասին:

– ԲՀԿ-ի հետ ինչ եղել է, առանձին է եղել: «Բարգավաճի» խնդիր չկա, և ոչ մեկը չի հասկանում, թե ի՞նչ է «Բարգավաճ Հայաստան կուսակցությունը»: ՀՀԿ-ՀՅԴ ներկա կոալիցիան, կամ, ինչպես ասում են՝ համագործակցությունը, իրականում վկայում է, որ կոալիցիա կազմելու խնդիր էլ չի եղել, ընդամենը որոշակի պորտֆելներ տալու խնդիր է եղել: Սերժ Սարգսյանը գնացել է այդ համաձայնությանը՝ իր նպատակներից ելնելով, որպեսզի սահմանադրական փոփոխությունները հանգիստ ընթանան, տպավորություն ստեղծվի, որ լայն կոնսոլիդացիա կա, և այլն:

– 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ հիմնական խաղացողներն ովքե՞ր կլինեն:

– Հանրապետականը և Հանրապետականի «ճտերը» (կուսակցությունները): Ֆոտոսեսիաները, որ կատարվում էին, դրա համար էր, այդ համաձայնություններն էին կայացվում:

– Ընդդիմադիր բևեռում ո՞ր ուժերը կլինեն:

– Ընտրական գործընթացներում ես այս պահին ընդդիմադիր բևեռ չեմ տեսնում, որովհետև բոլորի համար պարզ է, որ կեղծվելու են ընտրությունները, գծվելու է այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը և իր թիմը ցանկանում են գծել: Եվ եթե ինչ-որ պորտֆելներ պետք է տա ընդդիմությանը, թեկուզ արմատական ընդդիմությանը, որն իր հետ չի ուզում համագործակցել, դա կրկին ռեժիմի գծած խաղի կանոններով է լինելու: Էլ ի՞նչ ընդդիմություն, եթե այդ խաղի կանոններն իր համար հարմար են, խնդիր չի տեսնում, որ ընտրությունները կեղծվում են, խնդիր չի տեսնում, որ կեղծման արդյունքում իրեն հատկացնում են, օրինակ, 5 պորտֆել, ու ԱԺ-ում ընդդիմություն է խաղում:

Այստեղ տրամաբանությունը ո՞րն է: Այս կամ այն չափով չհամագործակցող քաղաքական միավորները, եթե խաղում են նույնպիսի պայմաններով, ինչ պայմաններով գծվում է քաղաքական դաշտը, դա լուրջ ընդդիմություն չի կարող լինել:

– Տեսակետ կա, որ իշխանության համար հիմնական պայքարը գնալու է Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի միջև: Դուք ի՞նչ եք կարծում:

– Ես կարծում եմ՝ վարչախմբի ներսում ամեն ինչ էլ կարող է լինել, և դա շատ բնական պրոցես է, միշտ էլ եղել է և շարունակվելու է, միգուցե վաղն այլ թևեր էլ ի հայտ գան, բայց եթե հանրությունը, իսկապես իրենց ընդդիմադիր պատկերացնող շրջանակները նման բաների վրա ուշադրություն են դարձնում և ուզում են դիրքավորվել՝ ըստ այդ կոնֆիգուրացիայի, իրենք արդեն պարտված են, քանի որ նույն քաղաքական դաշտի միավորներ են: Այս երկրում չի գծվում այդ կարմիր գիծը, որ հասկացվի՝ սա ընդդիմություն է, որն իսկապես ուզում է երկրում ժողովրդավարական գործընթացներ հաստատվեն, որպեսզի ազատ ու արդար ընտրությունների միջոցով ձևավորվի կառավարություն, և մյուս կողմում դրան դեմ գնացող վարչախումբն է՝ իր ձևավորած քաղաքական դաշտով ու «ճտերով»` անկախ՝ այդ կուսակցություններն ընդդիմադի՞ր, դիմադի՞ր, թե՞ այլընտրանք կլինեն, կոալիցիայի մա՞ս են, թե՞ մաս չեն:

Ցանկացած անուն կարելի է դնել, բայց դրանից Հայաստանի վիճակը չի փոխվում: Քանի դեռ կա նման կարգի լղոզված քաղաքական դաշտ, որտեղ չի տարբերվում, թե քաղաքական միավորներն ինչի համար են պայքարում, այդ ապականված քաղաքական դաշտը շարունակվելու է, այստեղ կոալիցիաներ են կազմելու, հույս դնելու, թե վարչախմբի ներսում տեղի ունեցող գործընթացներից ինչ առավելություններ կարող են ստանալ, ինչ շագանակներ կարող են հանել, և նույն ձևով էլ իրենց քարոզը լրատվամիջոցներով կկատարեն, իրենց կատարածը կներկայացնեն մեծ հեղափոխություն, այն, ինչ եղավ սահմանադրական փոփոխությունների հետ կապված, իբր թե մոբիլիզացնում են ուժերը, սա ռեժիմի վերջն է, բայց արվեց ամեն ինչ ու լեգիտիմացվեց ամեն ինչ: Եվ հիմա ուրիշ թիրախ է, ու նույն կերպ իրենց դրսևորում են ընդդիմադիր միավորները:

Հիմա կուրսը վերցված՝ է հաջորդ տարվա ԱԺ ընտրություններ, հետո կուրս կվերցվի՝ նախագահական ընտրություններ, և այդպես շարունակ, բայց երկրում ոչինչ էլ չի փոխվում՝ գործող վարչախումբը կա, գուցե կոնֆիգուրացիայի է ենթարկվում իր ներսում, հանրությունը նույն՝ հպատակի կարգավիճակով հարստահարման է ենթարկվում: Սա է իրականությունը, իսկ թե այս ընթացքում ինչ ամպագոռգոռ տերմիններով երևույթներ կնկարագրեն, քաղաքական գիծ կորդեգրեն, դրանք լուրջ չեն, այն չէ, ինչը որ փոփոխություններ կարող է բերել:

– Արտաքին ուժերն ի՞նչ ազդեցություն կամ դերակատարում կունենան խորհրդարանական ընտրություններում:

– Մի քիչ չափազանցված է այդ դերակատարությունը: Նախկին ընտրությունների ժամանակ Ռուսաստանի հետ համաձայնություններ կայացվել են, բայց դրանք ընդհանուր կարգի են, մասնավորը գծվում է Սերժ Սարգսյանի և իր թիմի կողմից: Հիմա էլ նա հասնելու է նրան, թե ԱԺ-ում կոնկրետ ում է ուզում տեսնի, այդ թվում՝ ընդդիմադիր դաշտում, և նախկին հանդիպումները նաև այդ շրջանակը գծելու խնդիր են ունեցել: Արևմուտքի կամ Ռուսաստանի առարկայական միջամտություն չի եղել և չի կարող լինել: Նաև չափազանցված են այն գնահատականները, որ այսօր ինչ-որ հակամարտություն կա ՌԴ-ի և Արևմուտքի միջև՝ Հայաստանի քաղաքական դաշտը վերագծելու հետ կապված, ես այդպիսի բան չեմ տեսնում, ամեն ինչ շատ համաձայնեցված է, և Սերժ Սարգսյանի դիրքերն այս պահին, ցավոք, շատ ամուր են:

Տեսանյութեր

Լրահոս