Դեպի անազատ Հայաստան

Ամերիկյան «Heritage Foundation» հիմնադրամը հրապարակել է 2016թ. Տնտեսական ազատության ինդեքսը (2016 Index of Economic Freedom), որի համաձայն՝ Հայաստանը հաշվառված 178 երկրների շարքում 67 միավորով զբաղեցրել է 54-րդ տեղը։ Ըստ այդմ՝ Հայաստանի տնտեսությունը շարունակում է համարվել «չափավոր ազատ»։
Հրապարակված զեկույցի համաձայն՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանի տնտեսական ազատության գնահատականը վատթարացել է 0.1 միավորով և կազմել է 67 միավոր։

67 միավորով մենք 53-54-րդ տեղերը բաժանում ենք Դոմինիկյան Հանրապետության հետ։ Մեզանից մեկ հորիզոնականով առաջ է Օմանը, իսկ մեզ հաջորդում են Մալթան և Սլովակիան։

Համեմատության համար նշենք, որ, եթե նախորդ տարի Հայաստանը Տնտեսական ազատության ինդեքսի ցուցակում 52-րդն էր, ապա այս տարի 54-րդն է։ Իսկ եթե ավելի ետ գնանք, անկումն ավելի տպավորիչ տեսք կստանա։ 2014թ. Հայաստանը 68,9 միավորով զբաղեցնում էր 41-րդ տեղը, իսկ 2013-ին՝ 69,4 միավորով՝ 38-րդ տեղը։
Լա՞վ է սա (նկատի ունենք տնտեսական ազատության աստիճանի նվազումը), թե՞ ոչ։ Ու ընդհանրապես, նշանակություն ունի՞ այս զեկույցը, ու արժե՞ այն կարևորել։
Առաջին մասով կարծիքները միանշանակ չեն։ Օրինակ, տնտեսագետների մի մասը գտնում է, որ սեփական արտադրողներին աջակցելու համար երկիրը չպետք է շատ ազատական լինի արտաքին տնտեսական հարաբերություններում։ Մյուսները, հակառակը՝ կարևորում են տնտեսական ազատության դերն ու նշում, որ, եթե երրորդ երկրների հետ առևտրում վարում ես հովանավորչական քաղաքականություն (բարձր մաքսատուրքերի կամ քվոտաների տեսքով), ապա քեզ նույն ձևով կպատասխանեն։ Արդյունքում՝ ավելի շատ կկորցնես, քան կշահես։

Սակայն, անկախ այս տարբերվող տեսակետներից՝ «Heritage Foundation»-ի այս զեկույցը համարվում է տարվա ընթացքում հրապարակվող լուրջ զեկույցներից մեկը՝ ի թիվս Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող Doing Business, Transparency International-ի կողմից հրապարակվող կոռուպցիայի ընկալման, Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվող Գլոբալ մրցունակության և այլ զեկույցների։
«Տնտեսական ազատության ինդեքս» (Index of Economic Freedom) վարկանշային հետազոտությունն արդեն գրեթե մեկ տասնամյակ իրականացվում է ԱՄՆ հեղինակավոր կենտրոններից մեկի՝ «Հերիթիջ ֆաունդեյշընի» (The Heritage Foundation) և «Ուոլ սթրիթ ջոռնըլ» (The Wall Street Journal) օրաթերթի կողմից։

heriatege

Ավելին, այն գնահատվում է 10 չափանիշների հիման վրա, որոնցից յուրաքանչյուրի գծով փոփոխությունը թույլ է տալիս հասկանալ՝ որ ուղղությամբ ենք թերացել կամ անելիքներ ունենք։

Սակայն սա էլ դեռ ամենը չէ։

Անկախ կարևորությունից, անկախ հեղինակությունից և մասնագիտական մոտեցումներից՝ այս զեկույցը Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանությունների կողմից չափազանց շատ է կարևորվել։ Այսինքն՝ երբ առաջադիմել ենք, դա ներկայացվել է՝ որպես լուրջ ձեռքբերում։

Մի առիթով արդեն գրել ենք, որ դեռ 2003 թվականի նախագահական ընտրություններից առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական բուկլետում, ի թիվս գործող նախագահի օգտին խոսող այլ փաստարկների, նշվում էր այն, որ Հայաստանը տնտեսական ազատության տեսանկյունից 45-րդն է աշխարհում՝ Լեհաստանի և Ֆրանսիայի հետ մեկտեղ։

Հաջորդ տարիներին Հայաստանն առաջադիմեց այս վարկանիշում։ 2008 թվականի զեկույցում, օրինակ, 28-րդն էինք, և այս զեկույցի մասին պատմող ռեպորտաժները չէին իջնում հեռուստաէկրաններից։ Այս զեկույցն առանձնապես ոգևորում էր հատկապես այն ժամանակվա առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանին։
Զեկույցը մնացել է նույնը՝ իր կարևորությամբ և չափանիշներով։ Կարեն Ճշմարիտյանը, ճիշտ է՝ տարիքի առումով փոխվել է, սակայն պաշտոնի առումով նույնն է՝ նա կրկին տնտեսական քաղաքականության գլխավոր պատասխանատուն է՝ էկոնոմիկայի նախարարը։

Փոխվել է միայն ոգևորությունն՝ այս զեկույցի նկատմամբ։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ ընդհանրապես ոգևորություն չկա։ Տնտեսական ազատության մեր տնտեսական բլոկի պատասխանատուներն այլևս զեկույցը չեն հիշում։ Պատճառներից մեկը, իհարկե, այն է, որ նահանջ ունենք, և զեկույցում նշվում է ՀՀ իշխանություններին ոչ այնքան ականջահաճո իրողությունների մասին։

Օրինակ, նշվում է, որ Հայաստանում շարունակում են մտահոգիչ մնալ սեփականության իրավունքի հետ կապված խնդիրները, կոռուպցիան և աշխատաշուկայում առկա չարաշահումները. «Համատարած կոռուպցիան խորանում է Հայաստանի տնտեսության և տարածաշրջանային անվտանգության վրա Ռուսաստանի ազդեցության մեծացման հետևանքով։ Կաշառակերությունը և խնամիաբարեկամական հարաբերությունները համատարած բնույթ են կրում այն պաշտոնյաների մոտ, որոնք հազվադեպ են պատասխանատվության ենթարկվում կամ հեռացվում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Դատական համակարգը խնդիրներ ունի՝ անկախ գործելու և թափանցիկության հետ կապված։ Ոստիկանության կողմից ոչ օրինաչափ գործողություններն աղճատում են օրենքի կիրառությունը»։ Դե, իհարկե, ո՞վ կցանկանա խոսել նման զեկույցի մասին։

Սակայն, տհաճ ձևակերպումներից բացի, կա նաև մեկ այլ՝ ավելի խորքային պատճառ։ Տնտեսական ազատությունն այլևս չի կարևորվում, այն պահից սկսած՝ երբ մենք դարձանք Եվրասիական տնտեսական միության անդամ։ Սա, ըստ էության, նշանակում է, որ մենք փակեցինք դռներն աշխարհի երկրների մեծամասնության առաջ և բացեցինք ետևի մուտքը՝ 3 երկրների համար։

Հենց այդ պատճառով էլ տնտեսական ազատությունների առումով ամենամեծ նահանջն ունեցանք 2014 և 2015 թվականների զեկույցների միջև։ 2014 թվականի զեկույցում 41-րդն էինք, 2015-ի զեկույցում՝ արդեն 52-րդը։

Ու եթե Հայաստանը դեռևս գնահատվում է՝ որպես միջին տնտեսական ազատություն ունեցող երկիր, մի քանի տարի անց կհամարվենք քիչ ազատ կամ անազատ, որովհետև մի շարք ապրանքատեսակների գծով 4 տարի անց արդեն կսկսեն գործել ԵՏՄ բարձր մաքսատուրքերը։ Այնպես որ, առաջ՝ դեպի անազատ (տնտեսապես) Հայաստան։

Հ.Գ. Հետաքրքրվողների համար նշենք, որ հարևան երկրներից Վրաստանը 23-րդ տեղում է՝ 72,6 միավորով, և համարվում է «հիմնականում ազատ» երկիր։ Թուրքիան 79-րդ տեղում է՝ 62,1 միավորով, Ադրբեջանը՝ 91-րդ տեղում՝ 60,2 միավորով, Իրանը՝ 171-րդ տեղում՝ 43,5 միավորով։ Տնտեսապես ամենաազատ երկրներն են Հոնկոնգը, Սինգապուրը, Նոր Զելանդիան, Շվեյցարիան և Ավստրալիան։

Տեսանյութեր

Լրահոս