«Ֆրանսահայությունն ունի հստակ պահանջ նույնիսկ այն մարդու նկատմամբ, ով հայ ժողովրդի իրական բարեկամն է»
«Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ծրագրավորման գործում Ֆրանսուա Օլանդի անձնական ներդրումը բացառիկ է նույնիսկ նախքան նախագահ դառնալը: Պետք է հաշվի առնել, սակայն, որ նախորդ օրինագիծը մերժվել է Սահմանադրական խորհրդի կողմից, ՄԻԵԴ-ում Փերինչեքի հարցով պարտությունը բարդացնում է նման նոր օրինագծի մուտքը քաղաքական օրակարգ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել Փարիզի հայկական «Այբ FM» ռադիոկայանի տնօրեն Վարդան Գաբրիելյանը, ով Փարիզի l’Hôtel du Collectionneur-ում հունվարի 28-ի երեկոյան մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ավանդական ընթրիքին՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ միասին:
Ի դեպ, Օլանդը հանդես էր եկել ուղերձով՝ տեղեկացնելով, որ շուտով կազմվելու է Ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնող նոր օրինագիծ՝ Փարիզի լավագույն իրավագետներից մեկի` Ժան Պոլ Կոստայի կողմից:
«Չնայած դժվարություններին՝ լինեն դրանք քաղաքական թե օրենսդրական, ֆրանսահայությունն ունի հստակ պահանջ նույնիսկ այն մարդու նկատմամբ, ով հայ ժողովրդի իրական բարեկամն է: Այս օրենքը մինչ իր նախագահության ավարտը (խոսքն այս տարվա մասին է) պետք է անպայման քվեարկության բերվի: Սա նախագահի պարտականությունն է, պետք է գտնվեն օրենսդրական այնպիսի եզրեր, ձևակերպումներ, մոտեցումներ, որոնք մերժելի չդառնան Սահմանադրական դատարանի կողմից: Հայությունը խիստ կերպով է պահանջ դրել` ֆրանսահայության համար անհասկանալի կլինի, եթե Ֆրանսուա Օլանդն իր խոստումը չկատարի»,- մեկնաբանել է Վարդան Գաբրիելյանը:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի վաղվա համարում: