ԱՎԾ տվյալներով՝ Հայաստանում ապրում է 2 998 600 մարդ
Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի ներկայացմամբ՝ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմում է 2.998.600 մարդ: Ըստ Կ. Կույումջյանի՝ նախորդ տարվա համեմատ՝ այս ցուցանիշներն աճել են շուրջ 12.000-ով կամ 0.4 տոկոսով: Իսկ նվազումն արձանագրվել է բնակչության միգրացիայի -26000 ցուցանիշի և բնական շարժի՝ շուրջ 14 հազար մարդու ծնունդների և մահերի ցուցանիշի հիման վրա:
Ներկայացված տվյալներով՝ 2015 թվականին արձանագրվել է մահվան 27 835 դեպք: 2014 թվականի համեմատությամբ մահվան դեպքերն ավելացել են 0.4 տոկոսով:
Ըստ բանախոսի՝ 2015թ. Հայաստանում գրանցվել է 17 603 ամուսնության դեպք: 2014 թվականի համեմատ՝ այս ցուցանիշը նվազել է 6.9 տոկոսով: 2015թ. ընթացքում արձանագրվել է ամուսնալուծության 3669 դեպք: 2014 թվականի համեմատ՝ ամուսնալուծությունները նվազել են 18.4 տոկոսով:
0-1 տարեկանների շրջանում մահվան դեպքերը նվազել են 1.6 տոկոսով: 2015 թվականին գրանցվել է 370 դեպք՝ 2014 թվականի 376 դեպքի համեմատ: Նվազում է արձանագրվել նաև 0-4 տարեկան երեխաների մահացության դեպքերի ցուցանիշում: Մահվան պատճառներում գերակշռել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները՝ 46 տոկոս, չարորակ նորագոյացությունների հետևանքով մահացությունները կազմել են 21.9 տոկոս, արտաքին պատճառներից (դժբախտ պատահարներ, թունավորումներ, վնասվածքներ, և այլն) մահվան ցուցանիշը կազմել է 4.8 տոկոս: Մահացությունների 7.6 տոկոսի պատճառը եղել են շնչառական հիվանդությունները, իսկ 5.9 տոկոսի դեպքում՝ մարսողական խնդիրները: