«Այնպես չէր, որ Հայաստանում H1N1 չէր եղել, Պարսկաստանից եկավ, կամ Վրաստանից եկավ». Արտավազդ Վանյան
Այսօր ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ H1N1 վիրուսի դեմ պատվաստանյութ ստացել են հիմնականում ծերանոցները, մանկատները, առաջնային բժշկական հաստատություններում աշխատող բուժաշխատողները և քրոնիկ հիվանդները: Նրա խոսքով՝ դիաբետով, սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդները համարվում են ռիսկային, ու իրենք նրանց հրավիրում են պատվաստումներ իրականացնելու:
Հարցին՝ Ռուսաստանում, Վրաստանում համաճարակային իրավիճակ է, օդանավակայաններում հսկողություն իրականացվո՞ւմ է, Ա. Վանյանն այսպես պատասխանեց. «Նման դեպքերում չի պահանջվում սահմանում վերահսկել: H1N1-ը 2009 թվականից շրջանառվում է Հայաստանում, մենք ամեն տարի հայտնաբերել ենք, այն ժամանակ առ ժամանակ բարձրացում է արձանագրում, այնպես չէր, որ Հայաստանում չէր եղել, Պարսկաստանից եկավ, կամ Վրաստանից եկավ»:
168.am-ի հարցին՝ այս տարի քանի՞ վիրուսային դեպք է բացահայտվել սահմանում, Ա. Վանյանը պատասխանեց, որ ինքն այս պահին կոնկրետ թիվը չունի: Մեր այն հարցին էլ՝ կոնկրետ ո՞ր տեսակի վիրուսներն են շատ լինում սահմանում՝ նա պատասխանեց, որ վիրուսների տեսակները սահմանում չեն որոշվում: