Բաժիններ՝

Առաջին տիկնոջ հեղինակած երաժշտությամբ օրորոցայինն իրագործեց հերոսաբար զոհված Ազատ Ասոյանի մոր երազանքը. «Արմենպրես»

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հեղինակած երաժշտությամբ և Ավետ Բարսեղյանի խոսքերով գրված օրորոցային նոր երգը ապրելու և արարելու ուժի խորհրդանիշ է և իրականություն է դարձրել հակառակորդի դիվերսիոն հարձակումը հետ մղելիս զոհված Ազատ Ասոյանի մոր` Մանուշակ Ասոյանի երազանքը:

Երգում «հանդիպել են» Ազատն ու նրա մահից հետո ծնված եղբայրը` փոքրիկ Նարեկը: Ասոյանների ընտանիքի յուրահատուկ պատմությունը մոտ է յուրաքանչյուր մարդու հոգուն. «Արմենպրես»-­ը ներկայացնում է պատմության հետաքրքրական դրվագները:

Հանուն իր ժողովրդի բարօրության և հայրենիքի վաղվա օրվա իր կյանքը զոհաբերած մերօրյա հերոսներից է Ազատ Ասոյանը: Ազատի ու նրա ընտանիքի պատմությունը մեր հանրապետությունում գրեթե բոլորին արդեն ծանոթ է: Համենայնդեպս մարդիկ, ովքեր հետաքրքրվում են, ապրում հայոց բանակով ու ցավում ամեն մի զինվորի կորցրած կյանքի ու նրա ընտանիքի համար, Ասոյանների ընտանիքի պատմությանը ծանոթ են:

Ասոյանների ընտանիքի առեղծվածային պատմությունը բացահայտվեց այն ժամանակ, երբ «Բալլադ զինվորի մասին» երգի սկավառակը փոխանցվում էր մերօրյա հերոսների ընտանիքներին՝ այդ թվում նաև Ասոյաններին: Մանուշակը՝ Ազատ Ասոյանի մայրն այդ ժամանակ որոշեց առաջին ալիքի նկարահանող խմբի միջոցով իր գաղտնիքն առաջինը վստահել հանրապետության առաջին տիկնոջը. Ասոյանների ընտանիքում փոքրիկ էր ծնվելու:

Այդ փոքրիկը պետք է դառնար ընտանիքի հույսի դռնակը… գուցե Ազատի յուրովի վերադարձը, վերածնունդը… կամ հարազատների վշտի փարատումը…ամեն մեկը յուրովի կարող
է կարող է մեկնաբանել ու պատկերացնել այս հրաշք երևույթը: Հերոսի մայրը որոշում է ամուր պահելով ընտանիքի մեջքը, մի նոր հերոս լույս աշխարհ բերել՝ այսպիսով կատարելով զոհված որդու կամքը՝ երազով փոխանցած կամքը, որ իրենց ընտանիքում փոքրիկ ծնվի, որի շնորհիվ, ո՞վ գիտե, գուցե և ինքը վերածնվի:

Ազատի դեպքից մեկ տարի չանցած Ասոյանների ընտանիքը հայտնվում է վշտի ու ուրախության սահմանագծում: Նարեկի ծնունդն այս ընտանիքին բոլորովին նոր կյանք է հաղորդում, բայց որդեկորույս ու որդեծին մայրը մի թաքուն ցանկություն ուներ՝ երազանք, որ դարձյալ առաջինը վստահեց առաջին տիկնոջը… որ երկնքում ու երկրում ապրող որդիները գոնե մեկ անգամ հանդիպեին: Շատ չանցած Ավետ Բարսեղյանն ու տիկին Ռիտա Սարգսյանը իրականություն են դարձնում Մանուշակի երազանքը. Նարեկն ու Ազատը հանդիպում են՝ տիկին Ռիտայի ու Ավետի հեղինակած օրորոցայինում, որն Ազատը երգում է Նարեկի համար…:

Նախօրեին՝ բանակի 24­ամյա տարեդարձին նվիրված տոնական համերգի վերջում տեղի ունեցավ երգի բեմական պրեմիերան: Ցուցադրվեց նաև տեսահոլովակը, որտեղ նույնպես Ազատն ու նրա նորածին եղբայրը հանդիպում են. Ազատը՝ որպես Նարեկի պահապան հրեշտակ հսկում է եղբոր խաղաղ քունն ու անդորրը: Ոչ միայն երգն ու տեսահոլովակը, այլև երգի պրեմիերայից հետո հերոսի երկու եղբայրների բեմ բարձրանալը դարձան մի ամբողջ դահլիճի հուզմունքի պոռթկման պատճառ, արդեն բանակում ծառայող ու բանակից վերադարձի սպասող հայորդիների մայրերի արցունքոտ աչքերը, բուռն ծափահարություններն ու ոգևորող հայացքներն ավելի գոտեպնդեցին Ազատ Ասոյանի եղբորը, որ խոստանար Ազատի նման հայոց բանակին արժանի զինվոր
լինել:

…Փաստորեն ստացվեց, որ զոհված հերոսի մոր երազանքը ոչ միայն կատարվեց, այլև գերազանցեց սպասելիքները. հանդիպեցին ոչ միայն զոհված ու նորածին որդիները, այլև նրանց միջնեկ՝ երրորդ որդին, երբ բեմում միաժամանակ և տեսահոլովակի վերջին կադրերն էին՝ Ազատի պատկերով, և նրա երկու եղբայրները՝ հայ զինվորի համազգեստով՝ ի նշան պատրաստակամության, որ իրենք էլ ավագ եղբոր նման պատրաստ են ծառայելու հայրենիքին՝ ամենայն նվիրվածությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս