«Խցանումները մեծամասամբ տեղի են ունենում վարորդների մեղքով»
asparez.am-ը գրում է. Վերջին օրերին տեղացած առատ ձյան հետեւանքով Լոռու մարզի ճանապարհերին պարբերաբար գրանցվող խցանումները լուրջ խնդիրներ են առաջացրել ոչ միայն վարորդների, այլեւ մարզի փրկարարների համար:
ՀՀ արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում վերջին օրերին հեռախոսազանգերը չեն դադարում: Զանգահարողների մի մասը հենց ճգնաժամային կառավարման կենտրոնից է ցանկանում ճշտել տարբեր ուղղությունների ճանապարհների վիճակը:
-Հիմնականում տեղեկատվության փոխանցում է կատարվում. քաղաքացիները հետաքրքվում են ճանապարհների անցանելիության վիճակով,- ասում է Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Հ. Անտոնյանն ու հավելում,- Լոռու մարզում անանցանելի միջպետական ճանապարհներ չկան: Բոլոր ճանապարհները երթեւեկելի են: Նման քանակությամբ տեղումների դեպքում, բնականաբար, կան նաեւ դժվարություններ. ճանապարհաշինարարական կազմակերպությունները չեն հասցնում ճանապարհները մաքրել, բայց պետք է ասեմ, որ այս տարի շատ նորմալ են կազմակերպված այդ աշխատանքները եւ լուրջ խնդիրներ չենք ունեցել:
Վարչության պետի տեղեկացմամբ՝ դժվարանցանելի են Ալավերդի-Վանաձոր եւ Սպիտակ-Ապարան ճանապարհի որոշ հատվածներ:
Ճգնաժամային կառավարման կենտրոնում քիչ չեն նաեւ խցանումներում հայտնված վարորդներից ստացված ահազանգերը: Վերջին մեկ օրվա ընթացքում մարզի փրկարարները խցանումներից հանել են 80-ից ավելի մեքենաներ:
-Մեծամասամբ խցանումները տեղի են ունենում իրենց իսկ մեղքով: Այսինքն՝ վարորդներն զբաղեցնում են հանդիպակաց գոտին եւ խոչընդոտ են ստեղծում հանդիպակաց երթեւկող տրանսպորտի անցման համար եւ ավտոմատ ստացվում են խցանումներ: Իսկ եթե վարորդները մի փոքր համբերատար լինեն եւ մի որոշ ժամանակ զիջողաբար սպասեն, մինչեւ երթեւեկությունը կարգավորվի, խցանումներ չեն առաջանա: Այլապես նման դեպքերում նույնիսկ ճանապարհ մաքրող մեքենաների համար տեղ չի լինում, տեղ չի լինում նաեւ փրկարարական ու այլ ծառայությունների մեքենաների անցման համար,- նշում է մարզի փրկարարական վարչության պետը: