Բաժիններ՝

Լոռու մարզում ավելացել է աշխատանք փնտրողների թիվը

asparez.am-ը գրում է. 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնում (սպասարկում է Վանաձորը եւ Գուգարքի տարածաշրջանի 21 գյուղերը) հաշվառված է 5676 աշխատանք փնտրող, որից գործազուրկ է 5558-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն աճել է 30 %-ով: 2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով, աշխատանք փնտրողների շրջանում աճ է գրանցել հատկապես՝ 16-19, 30-34 եւ 55 տարեկանից բարձր անձանց շրջանում:

Ադրինեն 16-19 տարեկան աշխատանք փնտրողների խմբի մեջ է մտնում: Ասում է՝ զբաղվածության կենտրոնում գրանցված չէ, փորձում է սեփական ուժերով աշխատանք գտնել.

gorcazrkutyun_M_Serobyan_1

-Կարծում եմ՝ մեր մարզում գործազրկության մակարդակը բավականին ցածր է: Ես էլ այս պահին չեմ աշխատում, որովհետեւ ուսանող եմ: Փնտրում եմ մասնագիտությանս համապատասխան աշխատանք, բայց մերժվում եմ, հիմնականում ուսանող լինելու պատճառով:

Մխիթար Սերոբյանն էլ վերջերս է վերադարձել պարտադիր զինվորական ծառայությունից: Զբաղվում է լուսանկարչությամբ: Վստահ է, որ լավ մասնագետն իր տեղը կգտնի աշխատաշուկայում.

-Ես էլ եմ աշխատանք փնտրում: Կարծում եմ՝ ճիշտ փնտրելու արդյունքում, անպայման աշխատանք կգտնվի: Կրթությունս շարունակելու համար մայրաքաղաք եմ տեղափոխվելու, հետեւաբար՝ նաեւ այնտեղ աշխատանք կգտնեմ:

-Աշխատանք փնտրողների շրջանում աճի տենդենց է զգացվել հատկապես արհեստագործական կրթություն ունեցողների շրջանում, իսկ նվազման տենդենց է նկատվել, մասնավորապես, բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում: Հիմնական պատճառներից մեկն այն է, որ բարձրագույն կրթություն ունեցող աշխատանք փնտրողները կարողանում են իրենց դրսեւորել աշխատաշուկայում եւ հարմար աշխատանք գտնել,- այս մասին կայքի  հետ զրույցում տեղեկացրել է  Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը եւ հավելել, որ հիմնականում գտնում են ոչ իրենց մասնագիտությանը համապատասխան աշխատանք:

Ըստ Արա Առաքելյանի, արհեստագործական կրթություն ունեցողների թիվն էլ կենտրոնում աճել է այն պատճառով, որ այսօր ավելի շատ մարդիկ են ավարտում արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնակական հաստատությունները ու նրանց պահանջարկն աշխատաշուկայում իսկապես կա:

2015 թվականի համեմատ աճել է նաեւ Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառված հաշմանդամություն ունեցող անձանց թիվը: Կենտրոնի տնօրենի կարծիքով, վերջիններիս շրջանում աշխատանք փնտրողների թիվը մեծացել է, քանի որ իրենց կողմից իրականացվող գրեթե բոլոր ծրագրերն ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորմանը.

-Ընդհանուր ծրագրեր ենք իրականացրել 384 անձանց հետ: Միայն 2015 թվականին մեր ծրագրերում ներգրավվել ենք հաշմանդամություն ունեցող 21 անձի: Մենք ավելի շատ ծրագրեր ենք իրականացնում հենց հաշմանդամություն ունեցող անձանց համար:

2015 թվականին Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի միջոցով աշխատանքի է տեղավորվել 632 աշխատանք փնտրող:

Իսկ այս տարվա թափուր աշխատատեղերի ամփոփ պատկերը կենտրոնը կունենա ամսվա վերջին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս