«ՀԱՊԿ-ում միշտ չէ, որ այս կամ այն հարցի շուրջ հաջողվում է միասնական դիրքորոշում արտահայտել». Նիկոլայ Բորդյուժա. tert.am
Tert.am-ը զրուցել է Երևանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ
– Դուք հաճախ եք հյուրընկալվում Երևանում: Ո՞րն է Ձեր այս այցի նպատակը:
– Այսoրվա դրությամբ, Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահող երկիր է։ Դա նշանակում է, որ Հայաստանի ներկայացուցիչներն են գլխավորում մեր բոլոր բարձրագույն մարմինների աշխատանքները, որոնք ապահովում են կազմակերպության կառավարումը ու դրա զարգացումը։ Հայաստանի նախագահը հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի նախագահող: Դրանով պայմանավորված իմ այցը: Ես եկել եմ, որպեսզի տեղեկացնեմ ղեկավարությանն այն մասին, թե ինչ ենք մենք անում, ինչ ծրագրեր ենք իրականացնում, ինչ արդյունքներ ունեն դրանք, քննարկում ենք հետագա գործունեությանն առնչվող հարցեր։ Դրան գումարած, մենք վերջերս ավարտեցինք նախագծի համաձայնեցումը, որը կայացվել էր նախագահների կողմից Դուշանբեում, ապա՝ Մոսկվայում տեղի ունեցած նստաշրջանների ընթացքում։ Որպես ՀԱՊԿ նախագահող, Սերժ Սարգսյանը պետք է հաստատի այս պլանը։ Հարցերը շատ են։ Մենք անվտանգության ոլորտում մի շարք հետաքրքիր նախագծեր ունենք, բայց որպեսզի դրանք իրականացնենք, հարկավոր է նաև Հայաստանի ղեկավարության հաստատումը։
– Կբացե՞ք փակագծերը, մասնավորապես՝ ի՞նչ նախագծերի մասին է խոսքը։
– Նախ, մենք շատ լրջորեն աշխատում ենք ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումների համալիր ծրագրի վրա, իսկ դա ընդգրկում է միջոցառումների շատ լայն շրջանակ, որը մենք պետք է անցկացնենք։ Երկրորդ հերթին մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում ռազմական համագործակցության հարցերին՝ սկսած միացյալ շտաբի գործունեությունը բարեփոխելուց, վերջացրած՝ կառավարման մարմինների ստեղծմամբ, զորավարժությունների անցկացմամբ, մարտական պատրաստվածության համակարգի կատարելագործմամբ, մեր զորքերի օպերատիվ համատեղելիության, կապի հարցերով։
Մենք լրջորեն աշխատում ենք ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման ուղղությամբ, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է ստեղծենք նորմատիվային բազա, որը կկարգավորի կենտրոնի գործունեությունը։ Մենք նաև պետք է ստեղծենք տեսակապի համակարգ, որը կաշխատի բոլոր անդամների օգտին։ Այս ամենը պետք է քննարկվի, զեկուցվի նախ և առաջ Հայաստանի նախագահին։ Մենք շատ ենք խոսում արտաքին քաղաքական գործունեության մեջ կոորդինացիայի ուժեղացման մասին։
Եթե հիշում եք, ապա Սերժ Ազատիի հրապարակված ելույթում, նա խոսում էր այն մասին, որ մեզ միշտ չէ, որ հաջողվում է միասնական լինել արտաքին քաղաքական գործունեության մեջ, որ միշտ չէ, որ մենք լսում ենք միմյանց, միշտ չէ, որ օգնում ենք միմյանց, երբ ինչ-որ սուր իրադրություն է ստեղծվում: Հենց այս ուղղությամբ էլ մենք պետք է քայլեր ձեռնարկենք՝ ուժեղացնելու համար արտաքին քաղաքական գործունեության համակարգումը, ապահովելու՝ փոխադարձ աջակցություն: Ի դեպ, այս մասին մենք զրուցել ենք Էդվարդ Նալբանդյանի հետ։
Բացի այդ, մենք ունենք գաղափարներ արտակարգ իրավիճակներում հավաքական անվտանգության համակարգը կատարելագործելու վերաբերյալ։ Գաղափարի էությունը նրանում է, որ խոշոր բնական աղետների ժամանակ արտակարգ իրավիճակների մեր նախարարությունները կարողանան օպերատիվ կերպով միավորեն հավաքական ընդհանուր պոտենցիալ, որը «ոսկե ժամին», երբ դեռ հնարավոր է փրկել մարդկանց, օգնություն ցուցաբերի տվյալ երկրին։
Նախագծերը շատ են, դրանց իրականացման համար մեզ պետք են միջոցներ, և, իհարկե, քաղաքական հավանություն։ Ահա թե ինչու եմ ես Հայաստանում։
– Ձեր կարծիքով ի՞նչ հիմնական մարտահրավերներ և սպառնալիքներ են կանգնած ՀԱՊԿ երկրների առաջ:
– Այսօր մեզ համար առաջին հարցն ահաբեկչությունն է: Դա իսլամական ֆունդամենտալիզմն է, ահաբեկչական ծայրահեղական խմբերը, ընդորում, ես չեմ ընդգծում, որ դրանք միայն իսլամական խմբեր են: Կան այդպիսի քրիստոնեական, ուղղափառ կողմնորոշման խմբեր: Յուրաքանչյուր հասարակության մեջ կա այսպիսի վտանգ, այդ պատճառով մեզ համար ահաբեկչությունը համար առաջին հարցն է:
Երկրորդ հարցը՝ Աֆղանստանն է, որտեղ կայունությունը, դեգրադացված դրությունը, ազդելու են կենտրոնական տարածաշրջանի վրա:
Երրորդ հարցը՝ Կովկասն է: Մենք չպետք է թույլ տանք, որ սառեցված հակամարտությունը փոխակերպվի թեժ, ակտիվ փուլի: Ոչ մի դեպքում: Որովհետև հետևանքները բոլորի համար սարսափելի կլինեն, այդ թվում՝ և Ռուսաստանի, այդ տարածաշրջանի բոլոր պետությունների համար: Մեր երկրների ներուժը պետք է կողմնորոշված լինի այն ուղղությամբ, որ խաղաղ ճանապարհով լուծենք հակամարտությունը, գտնենք հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակներ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: