«Դուք պետք է ընտրեք՝ ինչպիսի աշխարհում ապրել». Արբակ Խաչատրյան

«Аргументы Недели» թերթն օրերս հարցազրույց է ունեցել անկախ իրավապաշտպան և աշխարհաքաղաքական հարցերով փորձագետ Արբակ Խաչատրյանի հետ:
Ձեզ ենք ներկայացնում հարցազրույցն ամբողջությամբ:

Անկախ իրավապաշտպան և աշխարհաքաղաքական հարցերով փորձագետ Արբակ Խաչատրյանը մեր թերթի մշտական մեկնաբաններից է: Նրա բոլոր մռայլ կանխատեսումներն իրականանում են. Վրաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի հետ Ռուսաստանի փոխհարաբերություններում առկա խնդիրների, ԻԼԻՊ-ի վտանգավորության, տնտեսական ճգնաժամի և քաղաքակրթության բոլոր նշանակալի մարտահրավերների մասին նա նախազգուշացնում էր դրանց ի հայտ գալուց շատ առաջ։ Սակայն Խաչատրյանը ոչ միայն կանխատեսում է, այլև չի դադարում կրկնել, որ այդ մղձավանջից ելք կա։ Եվ այդ ելքն ամփոփված է իր քարոզած «Ժողովրդական դիվանագիտության» սկզբունքներում։

Արբակ Խաչատրյանը երբեք անձնական անվտանգությունն ու հարմարավետությունը վեր չի դասել պետական շահերից։ Առաջին բաց նամակները նա Վլադիմիր Պուտինին հասցեագրել է դեռ 2003-2004թթ., երբ ՌԴ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականն էր։

«Բազմաթիվ որոշումներ ընդունվում են PR-ի համար և տալիս են միայն ժամանակավոր և տեղային արդյունքներ։ Ակնհայտ են այնպիսի անհեռատես գործողություններ, որոնք ապագայում Ռուսաստանի համար կունենան միայն բացասական դեր… Կարծում եմ, որ նմանատիպ խնդիրներ կլինեն նաև Ուկրաինայի հետ, որտեղ աստիճանաբար աճ են ապրում հակառուսական տրամադրությունները…»։

2015թ. գարնանը, երբ ԻԼԻՊ-ն ու Նովոռոսիան արդեն իրողություն էին, Խաչատրյանը դեռևս համոզում է գիտակցել և վերացնել համաշխարհային չարիքի առաջնային պատճառը.

«2003թ., երբ ես նախազգուշացնում էի Վրաստանի, Սիրիայի, Ուկրաինայի մասին՝ ծիծաղում էին։ Այժմ արդեն չեն ծիծաղում։ Սակայն ընթացող տեղային և համաշխարհային ճգնաժամերի իրական պատճառներին լուծում չի տրվում։ Ու երբեք չի տրվի, քանի դեռ գործում է տնտեսության հին լիբերտարիական մոդելը, քանի դեռ աշխարհում իշխում է, այսպես կոչված, «ոսկե միլիարդը», մինչդեռ մոլորակի բնակչության 70 տոկոսը քաղցած է։ Ռուսաստանի տնտեսությունը, բանկային ոլորտը, բոլորը, ջանասեր աշակերտների պես հետևում են այդ մոդելին։ Տնտեսությունը ողջ հանրությանը, այլ ոչ թե «ընտրյալներին» ծառայելուն չվերակողմնորոշելու դեպքում մենք շարունակելու ենք կրել պարտություն պարտության հետևից։ Կարևոր չէ, թե որն է գաղափարական բաղադրիչը՝ ԻԼԻՊ-ի սալաֆիականությո՞ւնը, Ուկրաինայի բանդերական ազգայնականությո՞ւնը, թե՞ Եմենի հուսիտները. կարևորն այն է, որ կուշտ ժողովուրդն իր իշխանությանը չի տապալելու»։

Հենց այդ ժամանակ՝ 2015թ. ապրիլին, երբ «ռուսն ու թուրքը» դեռևս «դարավոր եղբայրներ» էին, Խաչատրյանը նախազգուշացնում էր. ««Թուրքական հոսքը», որը ռուսաստանցիներին մատուցվում է՝ որպես հսկայական հաղթանակ, իրականում դանդաղ գործողության ական է։ Այո, այն խոստանում է տնտեսական շահ։ Սակայն «գործ անողի» և պետական գործչի միջև տարբերությունը հենց այն է, որ երկրորդը նայում է ավելի հեռու, քան մոտակա դրամական մուտքերը»։
Այնուհետև՝ 2015թ. մայիսին.

«Այս տեղեկատվական-քաղաքական խաղը Ռուսաստանին ոչ միայն չի բերում ռազմավարական շահաբաժիններ, այլև ավելացնում է ատելությունն ու շովինիզմն առանց այդ էլ թեժ տարածաշրջանում»։

Եկավ 2016 թվականը։ Բոլոր աղետներին գումարվեց նաև տնտեսական ճգնաժամը։ Մոսկվայում ընթանում է Գայդարի ֆորումը, բայց այնտեղ ինչ-որ չեն հնչում հայրենիքի փրկության դեղատոմսեր, ուստիև մենք հանդիպում ենք իրավապաշտպանի և աշխարհաքաղաքականության ոլորտի փորձագետի հետ մետրոյին հարող սրճարանում։

– Պարոն Խաչատրյան, տարեսկզբին ցանկանում ենք լսել հավատի, հույսի, սիրո և թունելի վերջում լույսի մասին։ Պատրա՞ստ եք արդյոք կիսվել ուրախալի փոփոխությունների սպասումներով մեր ընթերցողների համար։

– Իսկ Դուք այսօր արդուկը միացրե՞լ եք։ Ես միացրել եմ, իսկ այնտեղից՝ Գայդարի ֆորումի մասին է։ Նայեք այդ ֆորումի բանախոսներին՝ դե իսկապես, նրանց մոտ ամեն ինչ փայլուն է, նրանց պատկանող բանկերին և կորպորացիաներին ներվում են բոլոր պարտքերը և նորից գումարներ դիզվում: Նրանց տները, նրանց բանկերը, նրանց անձնական կղզիները տաք ծովերում, չնայած ճգնաժամին, դառնում են էլ ավելի մեծ ու գեղեցիկ։ Ինչ սկսեցին Բելովեժյան թավուտից «մասնատել» ԽՍՀՄ-ը, արդեն չեն կարողանում հանգստանալ, ոչ միայն «քաշում» են բոլոր ռեսուրսները, այլև մշտապես մասնատում՝ մեկ Ղարաբաղն է, մեկ Վրաստանը, մեկ Ուկրաինան, մեկ Սիրիան…

– Ում համար՝ պատերազմ, ում համար՝ ուրախություն…

– Ուրեմն պետք չէ լաց լինել՝ «Ախ, մեզ Քյոլնում բռնաբարեցին»։ Իսկ ո՞վ նրանց ծնեց։ Աֆղանստան, Իրաք, Լիբիա, Սիրիա. քաղաքներ չէ, պետություններ են ավերակ դարձել։ Մեզ ամեն օր հեռուստացույցով ցուցադրում են ռմբակոծություններ, պետք չէ լինել պայծառատես, որպեսզի ենթադրես, որ յուրաքանչյուր ավերված բնակարանի հետ համամասնորեն աճում է ապագա ահաբեկիչների թիվը։ Համաշխարհային տնտեսական համակարգն է նրանց ծնել։

– Սպասեք, «իսկ մեզ ինչո՞ւ»։ Ռուսաստանն ակնհայտորեն համաշխարհային տնտեսական համակարգի առաջամարտիկը չէ…

– Բայց մենք կապված ենք համաշխարհային տնտեսական համակարգի հետ, այդ բոլոր գայդարները սովորել են այնտեղ, նրանց բոլոր շահերն այնտեղ են, նրանց բոլոր երեխաներն այնտեղ են։ Դա նույնն է, ինչ քրոնիկ թմրամոլին թույլ տան մանկապարտեզում երեխաներ դաստիարակել։ Բայց նրանք, թեև գցում են արևմտյան շուկայական ստանդարտների վրա, Ռուսաստանում ստեղծել են սարսափելի հրեշ։

Ինչո՞ւմն է տնտեսապես զարգացած երկրների, այսպես կոչված՝ «Յոթնյակի» գործողությունների խորքային էությունը. ստրկացնել «երրորդ աշխարհը»։ Ինչո՞ւմն է մեր արևմտամետ տնտեսագետների գործողությունների էությունը. ստրկացնել սեփական ժողովրդին։ Հետո էլ դեռ զարմանում են՝ ի՞նչ է եղել, որ ժողովուրդն արտագաղթում է (ելույթ ունենալով Գայդարի ֆորումում, Գ. Գրեֆն «Ուղեղների արտահոսքն» անվանեց «մեր ամենաահեղ ու ամենամեծ արտահանումը»)։ Բայց չէ՞ որ ձեր կառավարումից է ժողովուրդը փախչում։

Դուք ասում եք՝ «առաջամարտիկը չէ»… Դա կարծես գերմանական «Bild» թերթին Վլադիմիր Պուտինի տված հարցազրույցից այն հարցը լինի՝ «Ռուսաստանը տարածաշրջանային տերությո՞ւն է, թե՞ գերտերություն»։ Ռուսաստանն ունի մեծ պատմություն ու մշակույթ, ժողովրդի անկոտրում ոգի, հսկայական հարուստ տարածք և միջուկային ներուժ: Եվ ինչո՞ւ Ռուսաստանը գերտերություն չէ։ Որովհետև տնտեսությունը ղեկավարում են «ելցինա-գայդարական մետաստազները»։ Որովհետև ժողովրդին կերակրելու փոխարեն՝ հորինում են թշնամիներ ու հրահրում պատերազմներ։ Որովհետև ահաբեկչին հնարավոր չէ հաղթել՝ միջուկային մահակը թափահարելով. նա միայն ուրախ կլինի դրա համար՝ դառնալով «միջուկային նահատակ»։

– Նախագահը գոհ է կառավարության աշխատանքից…

– Ես չեմ ցանկանում կրկին հանդես գալ պայծառատեսի դերում, բայց հավատացնում եմ, որ այժմ աշխարհաքաղաքական գործընթացները ոչ թե ընթանում են դանդաղ, այլ սլանում են քառատրոփ։ Եթե մենք այժմ չկոտրենք այս հանցավոր միջազգային համակարգը, ապա շուտով կբոցավառվի արդեն Ռուսաստանում, սկզբում՝ ծայրամասերում, և դրանք կլինեն ոչ միայն ԻԼԻՊ-ի (կազմակերպության գործունեությունն արգելված է Ռուսաստանում Գերագույն դատարանի որոշմամբ) ուսուցանված գրոհայինները, որոնցով մեզ վախեցնում են, այլև մեր տնաբույծ ազգայնականներն ու ֆաշիստները։

– Այսինքն, կռվելով Սիրիայում և «տեղափոխելով» ահաբեկչության սահմանները «հայրենի տան շեմից»՝ մենք ինչ-որ բան այնպես չե՞նք անում։

– Մենք պայքարում ենք հետևանքի դեմ, այլ ոչ թե՝ պատճառի։ Հետևեք այդ արյունոտ մաչետեի ուղուն, որով ահաբեկիչը տեսանյութում կտրում է պատանդի գլուխը։ Ո՞վ գումար տրամադրեց զենքի համար, ումի՞ց են գնել, ո՞վ ստացավ շահույթ։ Այդ արյունոտ դրամային շղթայի վերջնական շահառուները իբր քաղաքակիրթ աշխարհի ֆինանսական ղեկավարներն են։ Կամ, ինչո՞ւ հեռու գնալ՝ նայեք ձեր շուրջը։ Ոչ, Մոսկվայում դեռ ինչ-որ փշրանքներ հասնում են սովորական մարդկանց, բայց մարզերում և ԱՊՀ-ում գոյատևելու համար պետք է լինել «գործ անող»։ Ու խոսքն արդեն մարդկանց մասին չէ, այլ պետական ինստիտուտների, ուժային կառույցների, ամեն ինչը ներծծված է առևտրականության ոգով։ Մենք ապրում ենք մի մեծ «Չերկիզոնում»։ Կամ, օրինակ, դիտարկենք հենց այդ կոնկրետ երիտասարդ տղաներին, որ արդեն մեկնել են կռվելու ԻԼԻՊ-ի շարքերում. նրանք, ի՞նչ է, հանուն ջիհադի՞ են գնացել կռվելու։ Եթե Ազգային հակաահաբեկչական կոմիտեն կամ ԱԴԾ-ն ստուգի այդ վարձկաններից ցանկացածին, ես վստահ եմ, որ նրանց ընտանիքների մեծամասնությունը վերցրել է մարման ոչ ենթակա վարկեր։ Սա է այդ համակարգի էությունը, այն իր էությամբ անմարդկային է։

– Այդպես հե՞շտ. բաժանել գումարներ, ինչպես սաուդյան շեյխերը, և վե՞րջ։ Իսկ որտեղի՞ց դրանք վերցնել։ Ամեն ինչ մեզնից առաջ են թալանել…

– Դա հեշտ չէ։ Պետք է կամք։ Ուժեղ կամք։ Իսկ թե որտեղից վերցնել, դուք արդեն պատասխանեցիք։ Բավական կլինի երկու տասնյակ մարդկանց կապիտալ, այն մարդկանց թվից, ովքեր ժամանակին հայտնվել են ծորակի մոտ կամ նստել են, ինչպես ասում են՝ առվի վերին հատվածում։ Մինչդեռ նրանց թիվը զգալիորեն ավելի է։ Այն ամենը, ինչ թալանվել է ժողովրդից՝ պետք է վերադարձնել ժողովրդին։ Եվ անպայման պետք է այս հանցավոր ֆինանսական համակարգը ստեղծողների և իրականացնողների հրապարակային զղջումը։ Դրանից հետո պետք է իրականացնել փոքր բիզնեսի ստեղծման և սովորական մարդու ընտանիքի գոյատևման նպատակով տրված բոլոր վարկերի համաներում։ Պետության նոր ֆինանսատնտեսական ռազմավարության սկզբունքը շատ պարզ է և վաղուց հայտնի՝ պետությունն է մարդու համար, այլ ոչ թե մարդը՝ պետության։ Ակնհայտ է, որ սովորական ժողովուրդը կսատարի նոր ուղեգիծը։ Միայն այդ կերպ Ռուսաստանը կարող է ողջ աշխարհին ցույց տալ ճանապարհը դեպի պայծառ ապագա։

– Ողջ աշխարհը կասի, որ վարկերը ներելը ոտնձգություն է աշխարհաստեղծման հիմունքների նկատմամբ, տիեզերական մեղք է ու հանցանք։

– Հանցագործությունը նման համակարգի ստեղծումն էր, որտեղ գոյատևելու համար անհրաժեշտ է վարկ վերցնել։ Դուք կզարմանաք, բայց ներվող վարկերի հանրագումարը չի հասնի ժողովրդից թալանված գումարների անգամ մեկ հազարերորդին։

– Համակարգը հրեշավոր է, բանկերը՝ վատ, իսկ փոխարենը՝ ի՞նչ:

– Կարևոր չէ, թե փոխարենը՝ ի՞նչ։ Կարևորն է՝ ինչպե՞ս։ Ոչ այնպես, ինչպես պապուասների մոտ է՝ ոսկին՝ զարդերի փոխարեն, ո՛չ թալանչիական տոկոսները, որոնք հենց սկզբից անհնար է վերադարձնել, բայց փախչելու տեղ չունես, ո՛չ միայն ֆինանսիստներին պաշտպանող վիշապային օրենքները։ Տեսեք՝ ԱՄՆ-ում 2008թ. հիպոթեքային ճգնաժամ էր, բայց բանկերի հետ դատավարություններն ընթանում են ցայսօր (2016թ. հունվարի 15-ին Goldman Sachs բանկը Արդարադատության նախարարության հետ կնքեց համաձայնագիր առ այն, որ կտրամադրի 1.8 մլրդ ԱՄՆ դոլար իր գործողություններից տուժածներին փոխհատուցելու և ԱՄՆ-ում բնակարանային շինարարությունը զարգացնելու համար)։ Եթե դուք աստվածացնում եք Արևմուտքը, ապա ինչո՞ւ եք պատճենում այդքան միակողմանի, որ միայն ձեզ լավ լինի։ Որտեղի՞ց եք վերցնում 30-50 տոկոսը, եթե այնտեղ 2-4 է։ Մենք, ի՞նչ է, ինտեգրված չե՞նք համաշխարհային տնտեսական համակարգին, Ռուսաստանն ԱՄՀ անդամ չէ՞, չի՞ անդամակցել ԱՀԿ-ին։ Ինչո՞ւ գլոբալացման և առանց սահմանների աշխարհի դարաշրջանում մենք պատնեշվում ենք արգելափակոցներով։

Կերտում ենք մեկուսացված կայսրություն, թեև ողջ համաշխարհային պատմությունն ասում է, որ նման կայսրությունները վատ վերջ են ունեցել։ Եվ ամենագլխավորը՝ նույնիսկ, եթե արևմտյան ֆինանսական համակարգը, որը դուք աստվածացնում եք, խորը ճգնաժամի մեջ է, ապա ինչո՞ւ եք հավատում, որ ձեր խղճուկ հիբրիդը, այդ ճգնաժամը, մեզ կշրջանցի։ Եթե ուղիղ նստենք, ապա չի շրջանցի։ Ու ես ունեմ հարց պետությանը՝ ո՞վ է հանցագործը. Ով տվել է վարկը՝ ի սկզբանե գիտենալով, որ ազնիվ ճանապարհով այն մարել անհնա՞ր է, թե՞ նրանք, ովքեր վերցրել են և չեն կարողանում վերադարձնել։ Բացի այդ, մի մոռացեք, որ դրանք ռուսաստանյան պետության գումարներ են, իսկ «պետություն» ասելով՝ ես հասկանում եմ՝ ժողովուրդը։

Այո, այն, ինչ ես առաջարկում եմ, հեղափոխական փոփոխություն է, բայց եթե մենք չվերացնենք այդ միջնորդ-արնախումին, ապա պարզապես չենք հաղթահարի այդ ճգնաժամը։ Ողջ աշխարհն է վառվում, մենք չենք կարողանա պատնեշվել։

– Ինձ դուր է գալիս Ձեր նկարագրած հեռանկարը, բայց մեր իրողության պայմաններում դա անիրատեսական է։

– Նույնն ինձ ասում էին իմ նախորդ կանխատեսումների մասին։ Այժմ դա արդեն իրողություն է։ Պետք է ոչ թե սպասել՝ կիրականանա՞ն, թե՞ ոչ, այլ նախապես ընդունել որոշումներ և գործել, քանի դեռ ուշ չէ։

– Մեզ մոտ, ավաղ, որոշումներն ընդունում է մեկ մարդ։ Մեր թերթը հրապարակեց Ձեր բաց նամակը, որն ընթերցեցին միլիոնավոր մարդիկ՝ թերթում, կայքում, սոցիալական ցանցերում։ Կարծում եք՝ տեղ չհասա՞վ։

– Չգիտեմ։ Գալիս է ժամանակ, երբ հարկավոր է ընդունել դժվարին որոշումներ։ Պատկերացրեք՝ դուք տուն եք կառուցում, արդեն ավարտում եք տանիքը, և հանկարծ ձեզ հաղորդում են, որ ձեր տան ուղղությամբ երկնաքար է թռչում։ Դուք կշարունակեք կառուցե՞լ տունը, թե՞ կտեղափոխեք ընտանիքն ավելի հեռու, ոչ հարմարավետ, բայց անվտանգ վրան։ Նույնպիսի իրավիճակ է նաև այժմ։ Եվ դուք պետք է ընտրեք, թե ինչպիսի աշխարհում ապրել։

Թարգմանությունը՝ «168 Ժամի»
Լուսանկարը՝ 168.am-ի

 

Տեսանյութեր

Լրահոս