«Գերմանիան չի կարող առաջընթաց ապահովել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»

Ստանձնելով ԵԱՀԿ նախագահությունը՝ Գերմանիան խոստանում է ակտիվորեն առաջ մղել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։ Ինչպես շաբաթներ առաջ նշել էր Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, Գերմանիան ԵԱՀԿ նախագահությունը ստանձնում է դժվար ժամանակաշրջանում` տարբեր տարածաշրջաններում փխրուն անվտանգության պայմաններում, ինչը բարձրացնում է ԵԱՀԿ-ն ամրապնդելու անհրաժեշտությունը։

«Վստահ եմ, որ հենց ներկայումս մենք ԵԱՀԿ-ի՝ որպես երկխոսության և վստահության ձևավորման հարթակի, կարիքն ունենք»,- նշել էր գերմանացի նախարարը։ Վերջինս ասել էր, որ ամրապնդելով ԵԱՀԿ-ի հեղինակությունը, ընդլայնելով ԵԱՀԿ-ի հնարավորությունները, Գերմանիան մտադիր է մասնակցել հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունների կարգավորման գործընթացին։

Երեկ Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի հետ, մանրամասնորեն ներկայացրեց ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության առաջնահերթությունները՝ բացելով Գերմանիայի ԱԳ նախարարի ուղերձի փակագծերը։ Քիսլերը նախ՝ հիշեցրեց Շտայնմայերի դիտարկումն այն մասին, որ ԵԱՀԿ-ն շարունակում է մնալ Եվրոպայի անվտանգության առանցքային խաղացողներից մեկը, որը ներդրել է օպերատիվ գործիքներ ապահովելու համար Եվրոպայի լիարժեք անվտանգությունը։ Քիսլերը հիշեցրեց, որ ԵԱՀԿ-ն հիմնադրվել է 1975թ., և Գերմանիայի կառավարությունը կարծում է՝ որպես նախագահող երկիր, պետք է պահպանի ԵԱՀԿ ընդհանուր պարտավորությունները, ուստի Գերմանիայի նախագահությունը կշարժվի այս նպատակի ուղղությամբ։

«Միևնույն ժամանակ պետք է մտածենք ԵԱՀԿ կարողությունների վերանայման մասին, եթե կա անհրաժեշտություն` դրանք համապատասխանեցնելով ապագա մարտահրավերներին։ Հավասարապես կարևոր է, որ բոլոր մասնակից երկրները ստանձնեն պարտավորություններ։ Մենք՝ որպես Գերմանիա, պատրաստ ենք աջակցել այդ գործընթացին։ Միևնույն ժամանակ ողջունում ենք մասնակից երկրների մասնակցայնությունը։ Այստեղ կցանկանայի շնորհակալություն հայտնել նաև Հայաստանին»,- ասաց դեսպանը` շարունակելով, որ, այնուամենայնիվ, Գերմանիայի մոտեցումը կլինի պրագմատիկ, ինչը նշանակում է, որ երկխոսության հնարավորությունների փնտրտուք տեղի կունենա ամենակարևոր հարցերի շուրջ առկա տարաձայնությունները հարթելու ուղղությամբ։

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն ասաց, որ ԵԱՀԿ յուրաքանչյուր նախագահության ավանդական նպատակն աջակցելն է տարածաշրջանային կամ, այսպես կոչված, երկարաձգված հակամարտություններին։

«Նախարար Շտայնմայերը հստակեցրել է, որ շարունակվելու են ջանքերն այս ուղղությամբ արդեն իսկ հաստատված ձևաչափերի շրջանակում։ Մասնավորապես, մենք ցանկանում ենք աշխատել կոնկրետ վստահության կերտման վրա, սա չի կարգավորի երկարաձգված հակամարտությունը կարճաժամկետ ապագայում, սակայն մենք կարող ենք աշխատել այս ուղղությամբ՝ թեթևացնելու համար մարդկային տառապանքները, նվազեցնելով լարվածության մակարդակը և ուղի հարթելով ապագա կարգավորման համար։ Պետք է հստակ նշեմ, որ Ուկրաինան լինելու է մեր նախագահության ուշադրության կենտրոնում։ Իհարկե, Հայաստանում Ձեզ հետաքրքրում է Գերմանիայի տեսակետը ԼՂ հակամարտության վերաբերյալ։

Ուզում եմ ի սկզբանե հստակեցնել, որ համոզված ենք՝ ԵԱՀԿ ՄԽ-ն կամ երեք համանախագահող երկրների ձևաչափը միակ ձևաչափն է հակամարտող երկրների բանակցությունների համար։ Նախարար Շտայնմայերը, կրկին հղում կատարեմ նրա ելույթին, հունվարի 14-ին նշեց, որ Գերմանիան լիովին աջակցում է համանախագահների ջանքերին հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Նախարարը նաև պահանջեց, որ այս ջանքերը մեկ քայլ առաջ ընթանան։ Մենք անհանգստացած ենք շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակով և, մասնավորապես, ծանր սպառազինության գործածմամբ, որը հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի քանակի աճի։ Մենք կարծում ենք, որ ապաէսկալացիան պետք է ուղիղ նպատակը լինի։ Այս պատճառով էլ մենք լիովին աջակցում ենք համանախագահների նախաձեռնությանը՝ ստեղծել մեխանիզմ, որը կուսումնասիրի հրադադարի խախտման դեպքերը։ Նախարար Շտայնմայերն իր ելույթում այս մասին ևս ընդգծել է։ Մենք, այնուամենայնիվ, հորդորում ենք հակամարտող կողմերին դիտարկել այս առաջարկը կառուցողականորեն»,- ասաց դեսպան Քիսլերը` հավելելով, որ համոզված են` ստատուս-քվոյի հաղթահարման համար քաղաքական կամք է անհրաժեշտ բոլոր կողմերից, որին կաջակցի նաև հասարակությունը։

Արդյո՞ք Գերմանիան մտադրություն ունի փոխարինել Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբում, ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հիշեցնենք, որ նախորդ տարի ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ները բազմիցս են խոսել Գերմանիայի միջնորդական հնարավորությունների մասին՝ պնդելով, որ Գերմանիան շատ ավելի ակտիվ և արդյունավետ միջնորդ կլինի, այնինչ հայաստանցի փորձագետները պնդում են, որ Գերմանիան ՄԽ-ում կարող է առաջ մղել ադրբեջանաթուրքական շահերը։

Այս դիտարկումներին ի պատասխան՝ դեսպանը նախ՝ զարմանք հայտնեց՝ ասելով, թե առաջին անգամ է լսում այն մասին, որ Գերմանիան հետաքրքրված է մասնակցել ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակում ընթացող բանակցություններին` դառնալով համանախագահ երկիր։ «Ֆրանսիան համանախագահ է և կշարունակի լինել համանախագահ երկիր։ Կասկածներ չկան այս մասին։ Մեր գործառույթը ԵԱՀԿ-ում նախագահությունն է, և մենք լիովին աջակցում ենք Մինսկի խմբի ջանքերին»,- ասաց դեսպան Քիսլերը։ Այս թեմայի շուրջ Անդրեյ Սորոկինն իր հերթին՝ հիշեցրեց նախորդ տարի Բեռլինում կայացած Ալիև-Մերկել հանդիպման արդյունքները։ Ըստ Սորոկինի` Մերկելն ընդգծել էր, որ շարունակվելու է աշխատանքն արդեն իսկ հաստատված ձևաչափերով։

«168 Ժամի» հետ զրույցում Ուկրաինայի Ռազմավարության և անվտանգության հետազոտությունների խմբի ղեկավար, ուկրաինացի վերլուծաբան Սերգեյ Գերասիմչուկը փորձեց պարզաբանել, թե իրականում ինչ որակի նախագահություն կարելի է ակնկալել Գերմանիայից նման բարդ ժամանակաշրջանում։ Գերասիմչուկն ասաց, որ վերջերս մասնակցել է մի միջոցառման, որը նվիրված է եղել ԵԱՀԿ-ում Գերմանիայի առաջնահերթություններին, և կարող է ասել, որ հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունների հարցը շատ սուր բնույթ է կրում։

«Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդավայի, Վրաստանի, Ուկրաինայի ներկայացուցիչները խոսում են այն մասին, որ կցանկանան առաջընթաց տեսնել հակամարտությունների կարգավորման գործընթացում, բայց հասկանալի է, որ հակամարտությունների բազմությունը ևս բարդացնում է մեր երկրներում տիրող իրավիճակը։ Այսօր կա որոշակի լարվածություն Մոլդավայում, որտեղ միջին մակարդակի քաղաքական ճգնաժամ է հասունացել, որը, ոմանց որակմամբ, Մինսկյան համաձայնագրերի չիրականացման հետևանքն է, և հայտնի չէ, թե արդյո՞ք հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել ներկայումս, քանի որ Ռուսաստանը սահմանադրական փոփոխություններ է պահանջում, իսկ խորհրդարանում դրա համար բավարար ձայներ չկան։

Ռուսաստանն իր հերթին՝ իր պարտավորությունները չի իրականացնում` ո՛չ զորքերը ետ քաշելու, ո՛չ ուկրաինական կողմին սահմանի վերահսկողություն իրականացնելու հնարավորություն տալու վերաբերյալ։ ԼՂ հակամարտության գոտում ևս իրավիճակն անմխիթար է, այսկերպ Գերմանիան հայտնվում է բավականին բարդ իրավիճակում»,- մեկնաբանեց Գերասիմչուկը։

Վերջինիս պնդմամբ, մի կողմից՝ նրանք կցանկանային իրենց դրսևորել՝ որպես արդյունավետ նախագահող երկիր, որովհետև խոսքը Գերմանիայի հեղինակության ու համբավի, հետխորհրդային տարածքում առկա հակամարտություններում նրանց միջնորդական դերի մասին է, մյուս կողմից՝ ներկայիս իրողությունները թույլ են տալիս միայն պնդել, որ Գերմանիան հնարավորություն կունենա իրականացնել այն նախաձեռնությունները, որոնք պահպանելու են ստատուս-քվոն հակամարտություններում։

«Բեկումների հնարավորություն չեմ տեսնում, ցավոք սրտի, քանի որ ստացվում է մի իրավիճակ, երբ Գերմանիան պետք է արձագանքի մի քանի մարտահրավերի միաժամանակ, որոնց առաջնայնության հստակեցումը բավականին բարդ է։ Մյուս կողմից՝ այս հակամարտություններից ցանկացած մեկին կառուցողական մոտեցում ցուցաբերելու փորձերը բացասականորեն են անդրադառնալու այլ հակամարտությունների վրա։

Օրինակ` եթե Գերմանիան կենտրոնանա Ուկրաինայի վրա՝ բաց կթողնի մոլդավական իրադարձությունները, եթե կենտրոնանա հայ-ադրբեջանական հակամարտության վրա, ապա բաց կթողնի Կիևը։

Ուստի այս իրավիճակում Գերմանիայի համար ծայրաստիճան բարդ է լինելու ինչ-որ բան առաջ մղել։ Ամենաշատը, ինչ Գերմանիան կարող է անել, պահպանելն է այն ամենը, ինչ այսօր արդեն իսկ կա, և փորձել ամրապնդել ԵԱՀԿ հեղինակությունը՝ որպես կազմակերպության, որը կարող է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել»,- մեկնաբանեց ուկրաինացի վերլուծաբանը` հավելելով, որ այս պայմաններում միամտություն կլինի կարծել, որ Գերմանիան ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում փոփոխություն կմտցնի։

Տեսանյութեր

Լրահոս