«Մենք ավելի շատ անհանգստացած էինք ԵԽ ԽՎ հեղինակության համար». Վահրամ Բաղդասարյան

Մեր զրուցակիցն է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

– Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում ԵԽ ԽՎ նիստում հակահայկական երկու զեկույցների քվեարկությունը՝ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը մերժվեց, իսկ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցն ընդունվեց:

– Ընդհանուր առմամբ՝ այս արդյունքները սպասելի էին, որովհետև այս վերջին ամիսների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ բավականին լուրջ անձնական շահագրգռվածություն ունեցող պատգամավորներ կան, ոչ միայն զեկուցողները՝ Ռոբերտ Ուոլթերն ու Միլիցա Մարկովիչը, այլև նրանց համակիրները: Ինչևիցե, արդյունքն այն եղավ, որ բավականին լուրջ քանակությամբ պատգամավորներ կարողացան հասկանալ գործի էությունը, զեկույցի էությունը, որ կոնկրետ տեղում որևէ ուսումնասիրություն չի կատարվել, որ դա պատվիրված զեկույցներ էին, որոնք ինչ-ինչ ճանապարհներով մտել էին լիագումար նիստերի օրակարգ: Եվ, բնականաբար, նաև Մինսկի խմբի հորդորը, իհարկե, ունեցավ իր ազդեցությունը, բայց ոչ լիովին կարողացավ ունենալ իր ազդեցությունը, և արդյունքում՝ մենք ունեցանք, այսպես ասած, 1:1 արդյունք: Քաղաքական տեսանկյունից մենք այդքան անհանգստություն չունեինք, պարզապես բարոյական խնդիր էր, որ Ադրբեջանը գիտակցի, որ ինքն ամբողջովին չի առել ԵԽ ԽՎ-ն, և ինչ ուզենա՝ կարող է անել: Եվ նաև մենք ավելի շատ անհանգստացած էինք ԵԽ ԽՎ հեղինակության համար, որովհետև բավականին լուրջ միջազգային կառույց է, և մենք անհանգստացած էինք, որ նման վաշխառուական հարաբերությունների մեջ կարող են բանաձևեր քննարկվել: Ինչևիցե, դեպքը եղել է, բայց ինձ թվում է, որ ավելի խոհեմ կգտնվեն պատգամավորները, երբ նոր զեկույցի քննարկում կլինի:

Մենք նաև դեմ չենք, որ Սարսանգի ջրամբարն օգտագործվի բոլորի կողմից, բայց դրա համար հարկավոր է, որ ադրբեջանական կողմը գա և նստի բանակցությունների՝ ինչպես անել, որ կարողանան միասնական ձևով օգտագործել ջրամբարը, թեև Ադրբեջանն անընդհատ հրաժարվում է բանակցել: Զեկույցը պետք է լիներ այդ ուղղվածության, ոչ թե «օկուպացված» և այլ նման տերմինոլոգիաներով, որ մենք դիտավորյալ միտումնավոր արգելափակում ենք: Այդ միտումն անմիջապես ցույց էր տալիս, որ կար անձնական շահագրգռվածություն, և այդ զեկույցի ողջ իմաստն ու բովանդակությունը վերաբերում էր դրան, և դրան կողմ քվեարկող պատգամավորները դա հասկանում էին, համենայն դեպս, արդարացված չէր այն պահը, որ զեկույցը խախտումներով էր մտել օրակարգ, որ զեկուցողները տեղում որևէ ուսումնասիրություն չէին կատարել:

Դա բարոյական խնդիր է, և քաղաքական տեսակետից ես չեմ կարող ասել, որ որևէ վտանգ կա դրա մեջ: ԵԽ ԽՎ մեր գործընկերները պետք է գիտակեցեն, որ նմանատիպ ցանկացած բանաձև, ցանկացած հայտարարություն, ցանկացած ելույթ անմիջապես խոչընդոտում է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքներին, որի համանախագահները միասնական ձևով հորդոր ուղղեցին, շատ հավասարակշռված հորդոր էր, որպեսզի պատգամավորները զգոն լինեն և չմիջամտեն այդ գործընթացին, որը բավականին առաջընթաց է ապրել, և խաղաղ բանակցային փուլում նման երևույթները կարող են խանգարող հանգամանք լինել:

Ամեն դեպքում, Ռոբերտ Ուոլթերի զեկույցն ընդամենը 4 ձայնի տարբերությամբ չընդունվեց՝ 66 կողմ և 70 դեմ:

– Երկրորդ զեկույցն էլ 98 կողմ, 71 դեմ է եղել: Դրանք կանխատեսելի էին: Կարևոր չէ՝ 4 ձայն էր, թե 14, կարևորն արդյունքն է:

Սարսանգի ջրամբարի հարցում որևէ լուծում կգտնվի՞, ընդհանուր հայտարարի կգա՞ն կողմերը, թե՞ այս զեկույցի ընդունումը պարզապես ինքնանպատակ էր:

– Կարծում եմ՝ այս խնդրի լուծումը միակն է՝ պետք է գան բանակցային սեղանի շուրջ, քննարկեն, եթե ծախսեր կան, ինչ-որ ներդրումներ պետք է արվեն, դա արվի միասնական ձևով, որպեսզի Սարսանգի ջրամբարը կարողանա հասանելի լինել բոլորի համար: Մենք որևէ մեկ անգամ չենք ժխտել այն փաստը, որ պետք է գան բանակցությունների, բայց նրանք որևէ մեկ անգամ ցանկություն չեն ունեցել բանակցային սեղանին նստելու: Եվ ինձ թվում է, որ Սարսանգի հետ կապված՝ հնարավոր է՝ մոտ ժամանակներս սրանով ամեն ինչն ավարտվի: Իհարկե, եթե նոր զեկույց էլ չլինի, ես որևէ վտանգավոր բան չեմ տեսնում այստեղ, բայց պետք է աշխատենք, որ նոր զեկույցի հիմքեր լինեն, որ իրականությունը պարզվի, և այս անգամ հանձնաժողով ստեղծվի, ավելի մանրակրկիտ ուսումնասիրի իրավիճակը, և ավելի օբյեկտիվ մոտեցում ցուցաբերի, ոչ թե մասնավոր շահագրգռվածության կամ նեղ քաղաքական շահերից ելնելով՝ այդ զեկույցները պատրաստվեն, այլ ուսումնասիրության արդյունքում լինի:

Մինչև քվեարկությունը շատ էր խոսվում, որ հանձնաժողովներում դրանց ընդունման հարցում դեր են ունեցել նավթադոլարները, խավիարը և այլն: Հիմա ԵԽ ԽՎ փոխնախագահի պաշտոնում Հերմինե Նաղդալյանի նշանակումից հետո ինչպե՞ս կփոխվի մթնոլորտը ԵԽ ԽՎում:

– Նավթադոլարների և խավիարային այդ երևույթները, բնականաբար, չեն կարող պակասել, եթե մարդկանց աշխատաոճն է այդպիսին, նրանք ձգտելու են շարունակել: Բայց դա տիկին Նաղդալյանի աշխատանքի գնահատականն էր, որ նա այսօր փոխնախագահի պոստում է, և ինձ թվում է, որ դա ավելի ակտիվ աշխատելու կտրամադրի մեր ԵԽ ԽՎ անդամներին, և դրական արդյունքները մենք կարող ենք ակնկալել, որովհետև աշխարհայացքը, շրջապատը, ազդեցությունն ավելի է մեծանում: Սպասենք և հուսանք, որ ամեն ինչ ավելի դրական կլինի:

Հ.Նաղդալյանի նոր պաշտոնը հայկական պատվիրակության կազմում որևէ փոփոխություն կառաջացնի՞:

– Նման հարց դեռ չի քննարկվել, ինձ թվում է, որ մոտակա ժամանակներս կքննարկվի: Համենայն դեպս, իմ կարծիքով, որևէ կանոնակարգային խախտում չկա՝ լինել և՛ պատվիրակության ղեկավար, և՛ փոխանխագահ, դրանք խանգարող հանգամանք չեն:

ԵԽ ԽՎում վրացիները դեմ քվեարկեցին մեր շահերին, ո՞րն է մեր հարևանի նման տրամադրվածության պատճառը:

– Բայց նրանք Ադրբեջանի հարևաններն էլ են, չէ՞, միայն մեր հարևանները չեն: Նույն կերպ կարող եմ հարցնել՝ ինչո՞ւ սլովակները կողմ քվեարկեցին: Մոտեցման խնդիր է, բայց ես դեռ մանրամասն չեմ ուսումնասիրել առանձին քվեարկությունները, թե որ պատվիրակն ինչպես է քվեարկել:

Տեսանյութեր

Լրահոս