Արվեստի առաքելությունը մարդու կյանքում և աշխարհաքաղաքական իրավիճակներում՝ ըստ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի

Հայաստանում է իտալացի հայտնի ակորդեոնահար-բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ով հայ հանդիսատեսին ծանոթ է Աստոր Պիացոլայի կատարումների յուրօրինակ մատուցմամբ: Սա պարոն Պիետրոդարկիի հայաստանյան հերթական այցերից մեկն է, այս անգամ հատուկ առիթով՝ նա հրավիրվել է մասնակցելու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյա հոբելյանին, որի շրջանակներում մասնակցել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպված տոնական համերգին, իսկ առաջիկայում՝ հունվարի 27-ին, հայ հանդիսատեսին կներկայանա իտալական երաժշտության երեկոյի շրջանակներում՝ հայտնի իտալացի կիթառահար Լուկա Լուչինիի հետ համատեղ համերգային ծրագրով:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի երիտասարդական նվագախմբի հոբելյանական համերգի գլխավոր փորձից առաջ «168 Ժամը» հանդիպել և զրուցել է հայտնի բանդոնեոնահարի հետ:

–  Պարոն Պիետրոդարկի, սա Ձեր հերթական այցն է Հայաստան: Հայտնի է, որ Դուք բավական հաճախ եք լինում մեր երկրում: Ի՞նչ առիթով եք այս անգամ հյուրընկալվել մեզ:

–  Շատ ուրախ եմ, որ նորից վերադարձել եմ, որովհետև Իտալիայից հետո Հայաստանը համարում եմ իմ երկրորդ հայրենիքը: Ամեն անգամ Հայաստան գալով՝ ինձ շատ երջանիկ եմ զգում, որովհետև մարդիկ այստեղ ինձ շատ հոգեհարազատ են: Այդ զգացողությունը ես ունենում եմ ամեն անգամ այստեղ գալուց, և յուրաքանչյուր անգամ այն ավելի ու ավելի արտահայտիչ է դառնում ինձ համար:

Կարդացեք նաև

????????????????????????????????????

–  Դա՞ է պատճառը, որ Հայաստանը համարում եք երկրորդ հայրենիք:

–  Գուցե նաև այն պատճառով, որ հայերն ու իտալացիներն ակնհայտ շատ նմանություններ ունեն: Հայաստանում ես ինձ զգում եմ՝ ինչպես Հարավային Իտալիայում, ինչպես, օրինակ, Սիցիլիայում է, որտեղ մարդիկ շատ բաց են ու բարի: Այս անգամ ես այստեղ եմ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հոբելյանին մասնակցելու հաճելի առիթով և շատ ուրախ եմ, որ արդեն մի քանի տարի է, ինչ մենք ճանաչում ենք միմյանց: Իրողությունն այն է, որ ես երբեք չեմ նվագում երիտասարդական նվագախմբերի հետ: Գերադասում եմ մասնակցությունս բերել առավել պրոֆեսիոնալ և կայացած նվագախմբերի հետ կազմակերպված համերգային ծրագրերին: Ինձ համար շատ զարմանալի է, որ այս նվագախումբը՝ լինելով այսքան երիտասարդ, բացարձակապես երիտասարդների նման չի նվագում: Այդ զգացողությունը չեմ զգում՝ նրանց հետ նույն բեմի վրա գտնվելով, որովհետև տպավորություն է, որ աշխատում ես հասուն նվագախմբի հետ:

–  Դա՞ էր պատճառը, որ խախտելով, փաստորեն, Ձեր երաժշտական նախընտրությունը՝ առաջին անգամ համաձայնեցիք աշխատել անհամեմատ երիտասարդ նվագախմբի հետ:

–  Այս դեպքում, պետք է խոստովանեմ, վճռորոշ նշանակություն ունեցավ ձեր երկրի՝ Հայաստանի հանգամանքը: Ես երբևիցե չեմ մոռանա շատ տարիներ առաջ իմ առաջին հրավերը Հայաստան, որ եղավ իմ հայրենակից, աշխարհահռչակ Տոնինո Գուերայի ծննդյան հոբելյանի առիթով, որ նշվում էր այստեղ: Մենք ունեցանք երեկույթ, որից հետո կայացավ հրաշալի մի համերգ, այնուհետև՝ ընթրիք, որի ընթացքում ես հանդիպեցի Արմեն Մազմանյանի հետ, ով ինձ ասաց, որ Հայաստանում կա մի հրաշալի կինոփառատոն՝ «Ոսկե Ծիրանը», որին ես անպայման իմ մասնակցությունը պետք է բերեմ՝ նվագելով մի նվագախմբի հետ, որը հետագայում մեծ բացահայտում եղավ ինձ համար: Դա Հայաստանի ազգային կամերային նվագախումբն էր:

????????????????????????????????????

–  Իսկ ի՞նչ երաժշտական կատարումներ են նախատեսված երկրորդ համերգի համար:

–  Երկրորդ համերգը նախատեսված է հունվարի 27-ին, դա կլինի իտալական երաժշտության երեկո, որտեղ կհնչեն Աստոր Պիացոլայի հայտնի կատարումներից մի քանիսը, բայց նոր և ֆանտաստիկ գործիքավորմամբ: Ի դեպ, ես նկատել եմ, որ հայերը շատ են սիրում Պիացոլայի երաժշտությունը, և ես ինքս էլ շատ եմ այն նվագել: Թեև հայտնի փաստ է, որ Պիացոլան ծնվել է Արգենտինայում, բայց նա ազգությամբ իտալացի է: Այս համերգի ընթացքում կլինեն տանգոյի հետ երաժշտական գեղեցիկ համադրումներ: Համերգային ծրագրի մի զգալի հատվածում հայաստանյան ունկնդրի համար կհնչեն բոլորովին նոր երաժշտական ստեղծագործություններ, որոնք այստեղ դեռ չեն հնչել: Կլինեն շատ տարբեր հեղինակներ՝ Ռոբերտո դի Մարինո, Մորիկոնե և այլք, բայց բոլոր գաղտնիքները մինչ համերգը չէի ցանկանա բացել: Եկեք անակնկալի տեղ թողնենք: Պետք է հատուկ նշեմ, որ ինձ հետ նվագակցելու է շատ հայտնի իտալացի կիթառահար Լուկա Լուչինին:

–  Արդյո՞ք Պիացոլայի երաժշտությունը ոգեշնչող հատկություն ունի Ձեզ համար, որովհետև այն Ձեր ստեղծագործական կյանքի անբաժան մասն է կարծես, և ինչ-որ առումով՝ նաև Ձեր այցեքարտը՝ ամբողջ աշխարհում:

–  Լավ ասացիք՝ այցեքարտը (ժպտում է.- Ն.Մ.)… Այո, այդպես է: Պիացոլան, իհարկե, անառարկելիորեն բանդոնեոնի արքան է, և բոլոր նրանք, ովքեր նվագում են բանդոնեոնի վրա, անխտիր անդրադառնում են Պիացոլայի երաժշտությանը: Գիտե՞ք՝ դա անխուսափելի է: Բայց իմ երաժշտական նախընտրությունը կանգ չի առնում միայն այս հեղինակի վրա: Ասեմ այսպես. ինձ համար երաժշտությունը սկսվում է Պիացոլայից և ավարտվում իտալացի երիտասարդ կոմպոզիտորների նախընտրությամբ: Ես իմ նվագած երաժշտության մեջ փորձում եմ համատեղել տանգոյի բոլոր արդեն եղած և դեռ զարգացող ճյուղերն ու ենթաճյուղերը: Սակայն պետք է նշեմ, որ ինձ ոգեշնչող երաժիշտների ցանկը բավական երկար է: Այստեղ անպայման կհիշատակեմ ամերիկացի մի հայտնի կիթառահարի՝ Մաթ Մեթինեին, ով ոչ մի կապ չունի ո´չ տանգոյի, ո´չ բանդոնեոնի հետ, բայց ես խորապես ոգեշնչված եմ իր ստեղծած արվեստով: Բացի այդ, ինձ համար երաժշտական մեծ հեղինակություններ են Ռոբերտո Մոլինելլին (Roberto Molinelli), Անդրեա Սկարպոնեն (Andrea Scarpone) և այլք:

????????????????????????????????????

????????????????????????????????????

–  Բացի անհատ երաժիշտներից, կա՞ն հայտնի նվագախմբեր, որոնց հետ հատկապես նախընտում եք աշխատել:

–  Ես նվագում եմ աշխարհի շատ հայտնի նվագախմբերի հետ, բայց կարծեմ չկա աշխարհում մի այնպիսի երաժիշտ, ով չցանկանա գոնե մեկ անգամ նվագել Բեռլինի պետական նվագախմբի հետ, որի բախտը դեռ չեմ ունեցել, բայց հույս ունեմ՝ կգա այդ օրը:

–  Ո՞րն է եղել մինչ օրս ունեցած Ձեր ամենահիշարժան ելույթը:

–  (Ժպտում է.- Ն.Մ.) … Դա իտալական հեռուստատեսությամբ ուղիղ եթեր հեռարձակվող Սուրբ Ծննդյան համերգն էր՝ կազմակերպված Սուրբ քաղաք Բեթղեհեմում: Սուրբ Ծննդյան առիթով Բեթղեհեմում նվագելը շատ զգացմունքներ առաջացրեց իմ ներսում՝ տպավորելով ինձ այն աստիճանի, որը ես երբեք չեմ մոռանա:

–  Դուք նվագել եք բազմաթիվ հայտնի նվագախմբերի, հայտնի երաժիշտների հետ: Այսպիսի տարածված տեսակետ կա, թե արվեստում այլևս նորարարություններ չեն գրանցվում, և, որ համաշխարհային մակարդակով՝ լճացման ժամանակներ են: Դուք համամի՞տ եք այդ կարծիքի հետ:

–  Իհարկե, պատմությունը մեզ տվել է այնպիսի անուններ, ինչպիսիք են՝ Մոցարտը, Ռախմանինովը, Բախը և այլք, բայց դա դեռ չի նշանակում, որ այլևս նոր ոչինչ չի ստեղծվում: Հետևաբար՝ ես համամիտ չեմ ձեր հնչեցրած այդ կարծիքի հետ՝ ամեն օր կարելի է ստեղծել նորը, լավը, լավից լավը, լավագույնը: Վերջերս ինձ համար մի բացահայտում արեցի, երբ ինձ զանգահարեց իտալացի մի երիտասարդ կոմպոզիտոր և հայտնեց, որ հատուկ ինձ համար նախատեսված ստեղծագործություն է գրել: Մենք հանդիպեցինք, ես լսեցի նրա հեղինակած երաժշտությունը, և ահա հիմա ձեր հարցն այնքան տեղին էր՝ ես վստահ կարող եմ ասել, որ այդ երիտասարդը ստեղծել էր ուղղակի ֆանտաստիկ մի բան, որն իր բնույթով կատարյալ նորարարություն էր:

 

????????????????????????????????????

–  Այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակը, մեղմ ասած, անորոշ է, ավելի մոտ՝ քաոս հիշեցնող ինչ-որ պայթյունավտանգ իրականության: Պատերազմների կոչերը, երկրագնդի տարբեր հատվածներում պարբերաբար իրականացվող ահաբեկչական ակտերը, մարդկային աճող ագրեսիան կարծես շեղել են կյանքի բնականոն ընթացքը: Ի՞նչ դեր է վերապահված արդեն այսօրվա արվեստին:

–  Եթե նորածինն իր կյանքի հենց առաջին օրերից լսում է երաժշտություն՝ նկատի ունեմ բարձրակարգ երաժշտություն, ապա արվեստը դառնում է նրա կյանքի ամենօրյա ուղեկիցը, ուրեմն ենթագիտակցության և գիտակցության մեջ ձևավորված աշխարհընկալումը նրան չի կարող մղել որևէ բացասական կամ վատ իմաստով քայլերի, նկատի ունեմ՝ գլոբալ առումով վատ, վտանգավոր: Ուզում եմ ասել՝ միջավայրը, որտեղ դաստիարակվում և ձևավորվում է ապագա քաղաքացին, կարող է վճռորոշ դեր ունենալ նրա հետագա ողջ կյանքի վրա: Սա, անկասկած, ապագային ուղղված հաղորդագրություն է: Հետևաբար՝ այսօր, մասնավորապես՝ երաժշտարվեստի և հատկապես արվեստի գերակա խնդիրը դառնում է պոզիտիվ տրամադրությունների գերակայություն ստեղծելու առաքելությունը, ինչը և ես մաղթում եմ աշխարհին:

 

Տեսանյութեր

Լրահոս