Ինչու Հայաստանը չի մասնակցում Դավոսի համաժողովին
Այսօր շվեյցարական Դավոսում մեկնարկել է 46-րդ համաշխարհային տնտեսական համաժողովը, որն այս տարի կրում է «Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը» խորագիրը: Համաժողովին մասնակցում են 140 երկրների շուրջ 2,5 մլն պատվիրակներ: Հայաստանն այդ երկրների շարքում չէ, ինչպես և նախորդ տարիներին: 168.am-ը ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանից հետաքրքրվեց, թե արդյոք Դավոսի համաժողովն այդքա՞ն էլ կարևոր չէ, որ ՀՀ ղեկավարներն անտեսում են այն:
«Ես չեմ կարծում, որ Դավոսում տեղի ունեւեցող քննարկումները հետաքրքիր չեն մեր տնտեսության համար: Թեպետ ես չեմ կարծում, որ ՀՀ մասնակցությունը կամ չմասնակցությունը շատ էական նշանակություն ունի մեր տնտեսական քաղաքականության մշակման համար: Ես համոզված եմ, որ մեր փորձագետներն այնտեղ են, պաշտոնական մասնակցության մասին տեղեկություններ չունեմ»,- ասաց Խ. Հարությունյանը:
Ըստ նրա՝ բոլորովին վերջերս անցկացվեց Գայդարի ֆորումը, և բավական մեծ թվով հայ փորձագետներ գտնվում էին այնտեղ ու հետևում էին դրա աշխատանքներին, և հիմա նույնը կատարվում է Դավոսում: Խ.Հարությունյանի կարծիքով՝ անձնական և անմիջական շփումների տեսակետից դրանք վատ հարթակներ չեն, լավ հարթակներ են, շատ դեպքերում՝ քննարկումները և արդյունքները մեր սեփական քաղաքականության մեջ կիրառելու, մյուս կողմից՝ ընդհանուր գլոբալ տնտեսության զարգացման վեկտորը գնահատելու համար մասնակցությունը վատ չէ, բայց միայն մասնակցությունը չէ կարևոր, այլ կարևոր է նյութերի ուսումնասիրությունն ու դրանցից դասեր քաղելը: Նրա խոսքով՝ դրանից կարող են լինել շատ լուրջ առաջարկություններ կառավարության, կուսակցությունների տնտեսական պլատֆորմը մշակելու համար:
Նախորդ համաժողովների ազդեցությունն արդյոք զգացվո՞ւմ է մեր տնտեսության վրա: Ըստ Խ.Հարությունյանի՝ նախորդ համաժողովների ազդեցությունը նույնիսկ գլոբալ տնտեսական զարգացումների վրա առանձնապես չի երևում: Նա նշեց, որ միջազգային տնտեսական գործընթացներում նոր մոտեցումներ են անհրաժեշտ, ձևավորվում են մեգաէկոնոմիկաներ. «Ես ենթադրում եմ, որ վերլուծություններին դեռ կծանոթանանք, ռուսական, ամերիկյան, եվրոպական, չինական փորձագետները բավականին լուրջ վերլուծություններով հանդես կգան, կտեսնեք: Կարծում եմ, որ անհամեմատ ավելին կարվի այդ վերլուծություններից մեր տնտեսական քաղաքականության համար արվող հետևություններում»: