Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ներկայումս ակտիվ գործունեություն են ծավալում 23 կազմակերպություններ
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ներկայումս գործում են և ակտիվ գործունեություն են ծավալում թվով 23 ընկերություններ։ Դրանցից են՝ Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների Կենտրոնը, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, «Դիջիթլ Պոմեգրանետը», «Ի-Վորքսը», «ՍքայԼայն Ստուդիոն», «Ամերիկյան համալսարանը», «Սևեն Սմարթսը», «Մուվի Թրիփը», «Քուբ Թեքնոլոջիսը», «ՖեմԲոքսը», «Բրիք Եվոլյուշնը», «Իմպրովիզը», «Ռենդեր Ֆորեստը», «Դրայվ Թեքը», «Լայմ Տեխը», «Անանիքսը», «ՈւիԴուԷպսը», «Դևելանդոն» և այլ կազմակերպություններ։ Կենտրոնում գործում է նաև համատեղ աշխատանքային տարածք (co-working space)՝ սկսնակ թիմերի հետ տարվելիք աշխատանքների, ինկուբացիայի և աքսելերացիոն գործընթացների ապահովման համար: Մասնավորապես՝ անցած տարի` ԳՏԿ-ում 3 ամիս ինկուբացիոն շրջան անցնելուց հետո, «Վիվերա Գրուպ» թիմը թողարկել է Bzbza.com կայքը, որի նպատակն է՝ մեկ վայրում համակարգել Հայաստանում ժամանցի բոլոր հնարավոր տարբերակների մասին ամբողջ ինֆորմացիան:
ԳՏԿ տարածքում տեղակայված են ուսումնական և հետազոտական լաբորատորիաներ` Ճարտարագիտության, Մուլտիմեդիայի, ՏՏ և Մաքուր տեխնոլոգիաների (Cleantech), մոբայլ և այլ ուղղություններով: Այս լաբորատորիաներում իրականացվում են ուսումնական և պրակտիկ ծրագրեր:
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում գործում է մաքուր տեխնոլոգիաների սկսնակների/ՓՄՁ-ների աքսելերատորը, որը ծառայում է՝ որպես ազգային պլատֆորմ մաքուր տեխնոլոգիաների ինովացիոն բիզնես գաղափարներ բացահայտելու և դրանք կայուն և հաջողակ բիզնեսների վերածելու նպատակով, որոնք վերջնական արդյունքում կարտադրեն բարձրորակ մաքուր տեխնոլոգիական արտադրանք՝ լայնորեն հասանելի ինչպես՝ Հայաստանի, այնպես էլ՝ միջազգային շուկայում:
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: Կենտրոնի առաքելությունն է՝ Գյումրին վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը:
Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները միտված են տեխնիկական և գործարար հմտությունների զարգացմանը, տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում նորարար գիտահետազոտական աշխատանքների առևտրայնացմանը, նոր տեխնոլոգիական ընկերությունների ձևավորմանը, արտասահմանյան ներդրումների ներգրավմանը: