3600 եվրո՝ ՄԻԵԴ վճռով կփոխհատուցվի քաղաքացուն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Գույումչյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Դատարանն արձանագրել է արդար դատաքննության իրավունքի խախտում՝ պարտավորեցնելով Հայաստանին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարել 3600 եվրո:

Դիմումատուները Գարեգին Գույումչյանի որդին, կինը և հարսն են: Նրանք բնակվել են Վանաձորում: Գարեգին Գույումչյանն ու նրա կինը բիզնես են ունեցել: 2002թ. հուլիսին Գարեգին Գույումչյանը մեղադրվել է կաշառք վերցնելու մեջ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 2002թ. սեպտեմբերին քրեական հետապնդումը դադարեցվել է՝ բավարար ապացույցների բացակայության հիմքով: Գույումչյանները 2004թ. վաճառել են իրենց ընտանեկան բիզնեսը: Նույն տարվա հոկտեմբերին Գարեգին Գույումչյանը դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով փոխհատուցում ապօրինի քրեական հետապնդման համար: Նա պահանջել է ծախսերի փոխհատուցում, ինչպես նաև՝ փոխհատուցում ընտանեկան բիզնեսը կորցնելու համար՝ նշելով, որ քրեական հետապնդման պատճառով չի կարողացել ղեկավարել այն և ստիպված է եղել վաճառել այն ցածր գնով: Նա նշել է նաև, որ արդյունքում՝ որդին ու հարսը կորցրել են աշխատանքը:

2006թ. հունվարին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հայցը մասնակի է բավարարել՝ իրավաբանական և տրանսպորտի ծախսերի մասով: Հայցի մնացած մասը դատարանը մերժել է՝ պատճառաբանելով, որ բացակայում է պատճառահետևանքային կապը Գարեգին Գույումչյանի նկատմամբ քրեական հետապնդման, բիզնեսը վաճառելու, ինչպես նաև՝ նրա որդու և հարսի՝ աշխատանքը կորցնելու հետ: 2006թ. հուլիսին Գարեգին Գույումչյանը դիմել է Փաստաբանների պալատ՝ իրավական օգնություն ստանալու նպատակով: Հաջորդ օրը Փաստաբանների պալատը նամակով տեղեկացրել է նրան, որ հնարավորություն նախատեսված չէ իրավական օգնություն ցուցաբերել այսպիսի դեպքերում: Դատական ակտը բողոքարկվում է վերաքննիչ դատարան, որն այն անփոփոխ է թողնում: Գարեգին Գույումչյանը վճռաբեկ դատարան բողոք է ներկայացնում, սակայն վերաքննիչ դատարանը բողոքի վարույթ ընդունելը մերժում է՝ պատճառաբանելով, որ այն փաստաբանի կողմից չի ներկայացվել: 2007թ. նոյեմբերին Գույումչյանը մահացել է սրտի կաթվածից:

Գույումչյանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ նշելով, որ խախտվել է արդար դատաքննության իրավունքը. Գարեգին Գույումչյանի՝ վճռաբեկ դատարան դիմելու, քանի որ չի կարողացել փաստաբան ունենալ, ով կներկայացնի իր շահերը դատարանում:

 

Տեսանյութեր

Լրահոս