Վարչապետն ընդունել է IFAD-ի տարածաշրջանային տնօրենին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի բաժնի երկրների տնօրեն Խալիդա Բուզարին:

Վարչապետը բարձր է գնահատել IFAD-ի հետ ծավալված շուրջ 20-ամյա համագործակցությունը, որի շրջանակում իրականացվել է Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացմանն ուղղված 7 խոշոր ծրագիր: Կառավարության ղեկավարը կարևորել է համատեղ ծրագրերի շարունակական իրականացումը, որոնք նպաստում են գյուղական տարածքներում կայուն գյուղատնտեսության ներդրմանը, ինչը կարևոր է բնապահ­պա­նական և սոցիա­լ-տնտեսական տեսանկյունից: Հովիկ Աբրահամյանը նաև ողջունել է «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» նոր համատեղ ծրագիրը, որի պաշտոնական մեկնարկը կտրվի վաղը՝ աշխատաժողովի շրջանակում:

IFAD-ի տարածաշրջանային տնօրենը ևս արդյունավետ է գնահատել երկկողմ երկարամյա համագործակցությունը՝ շեշտելով, որ IFAD-ի համար Հայաստանը ճանաչելի է որպես նորարարական և հաջողված ծրագրերի փորձ ունեցող երկիր: Այս առումով Խալիդա Բուզարը գոհունակություն է հայտնել Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամի (FREDA) գործունեության կապակցությամբ և նշել, որ մեր երկրում իրականացված ծրագրերի հաջող փորձն օրինակելի և օգտակար կլինի IFAD-ի մյուս գործընկեր երկրների համար:

Զրուցակիցները, անդրադառնալով համագործակցության հետագա զարգացմանը, քննարկել են համատեղ հաջորդ ծրագրին վերաբերող մանրամասներ: Վարչապետը, մասնավորապես, կարևորել է դրանում ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթությունների արտացոլումը, ինչպես նաև ծրագրում ՀՀ բոլոր մարզերի ընդգրկումը, ինչը ևս մեկ էական քայլ կլինի Հայաստանի տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ: Տիկին Բուզարը ողջունել է վարչապետ Աբրահամյանի առաջարկությունները՝ վստահեցնելով, որ համատեղ հաջորդ ծրագիրը կմշակվի ՀՀ կառավարության գերակա ուղղությունների և ՀՀ բոլոր մարզերի ներգրավումն ապահովելու սկզբունքի հիման վրա:

Կարդացեք նաև

Խալիդա Բուզարը նշել է, որ IFAD-ը կարևորում է Հայաստանի հետ շարունակական համագործակցությունը և նոր ծրագրերի նախաձեռնումը: Հավաստիացնելով, որ կառավարությունը հետևողական է ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում՝ Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ IFAD-ի հետ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել:

Տեսանյութեր

Լրահոս