Բաժիններ՝

«4-5 պարզ քայլով կառավարությունը պետք է ցույց տա, որ կարող է հաղթահարել բոլոր մարտահրավերները». Միքայել Մելքումյան

«Այս պահին տնտեսությունն է որոշում քաղաքականության խորությունն ու բովանդակությունը։ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է շատ լուրջ մարտահրավերների առջև՝ հատկապես Ռուսաստանի հետ կապված դեպքերի զարգացումներով պայմանավորված: Չենք կարող շրջանցել նավթի գնի կտրուկ գնանկումը: Դա մեզ համար անբարենպաստ է, որովհետև տրանսֆերտները կնվազեն։ Արտաքին մարտահրավերները պետք է կարողանանք ճիշտ կանխատեսել։ Կառավարությունից կախված է հարցեր լուծելու 50%-ը, եթե դրսի սպառնալիքներն ուժեղանան, ես այդ 50%-ը մի քիչ իջեցնում եմ, բայց դա չի նշանակում, որ կառավարությունն անելիք չունի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Ըստ նրա՝ 4-5 պարզ քայլերով կառավարությունը պետք է ցույց տա, որ այս տարի կարողանալու է հաղթահարել տնտեսական բոլոր մարտահրավերները իր չափով. «Առաջին՝ շատ հստակ հակամենաշնորհային և մրցակցային հարաբերությունների բարելավման քաղաքականություն: Մոնոպոլիաներն ու օլիգապոլիաներիը հստակ իրենց տեղը պետք է զիջեն, և պետությունը պետք է կամք ցուցաբերի: Երկրորդ՝ հակակոռուպցիոն քաղաքականությունը եթե արդյունավետ ձևով վարվի, դրական մեծ ազդեցություն կունենա տնտեսության վրա, մարդը պետք է համոզված լինի, որ կառավարությունն իր կողքին կանգնած է ու այլ ակնկալիքներ չունի: Երրորդը ներդրումների պաշտպանության խնդիրն է: Մենք պաշտպանո՞ւմ ենք մեր ներդրողներին: Այսօր հավատո՞ւմ եք, որ Հայաստանում կլինեն ներդրողներ, որոնք ներդրումներ կանեն տարբեր ոլորտներում ու պաշտպանված կլինեն նրանց ներդրումները: Խոսքը ոչ թե մի շենք կառուցելու կամ արտադրամաս ձևավորելու մասին է, այլ՝ ներդրած կապիտալը տեղաշարժելու: Հայաստանում կապիտալը պետք է իրացվի: Չորրորդ՝ արտահանման խրախուսման քաղաքականությունը և վարկային քաղաքականությունը ևս պետք է վերանայվեն։ Այսօր եթե գինի, կոնյակ, ձուկ, մսամթերք, պահածո, կաթնամթերք արտադրողներն ուզում են արտահանել, նրանք վախենում են՝ այսօր եթե գնան պայմանագիր կնքեն Ռուսաստանի որևէ ընկերության հետ, որ իրացնեն, կնքում են, արտահանում, իրացնում, անցնում է երեք-չորս ամիս, գումարը պետք է ստանան, ռուսական ռուբլին, ասենք, արժեզրկվել է 15-20%-ով, ի՞նչ անեն այդ դեպքում, էլ շահութաբեր չէ: Պետք է կառավարությունը սուբսիդավորի այդ տարբերությունը, այսինքն` կառավարությունը պետք է կանգնած լինի ցանկացած արտադրողի կողքին»:

Նա առաջարկեց իրականացնել վարկային համաներում (խոսքը սպառողական վարկերի մասին չէ). «Արդյունաբերական և գյուղատնտեսական վարկերը, որոնց տուգանքները աճել են մայր գումարից, իր վրա վերցնի կառավարությունը: Ոչ թե ինքը փակի, այլ սառեցնի, ձևակերպի այդ պարտքը՝ հետագայում(15-20 տարվա ընթացքում) մարելու հնարավորություն տալով մարել, որպեսզի չկորցնենք մեր տնտեսվարողներին, արտադրողներին: Միակ ոլորտը որտեղ իրական տնտեսական աճ ունեցանք, գյուղատնտեսությունն էր»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս