
Վրաստանը Հայաստան գազի տարանցման համար «Գազպրոմից» գումար է ցանկանում ստանալ

Թբիլիսին ցանկանում է վերանայել «Գազպրոմի» հետ նախկին պայմանավորվածությունները ու դեպի Հայաստան իր տարածքով գազի տարանցման համար գումար ստանալ, այլ ոչ թե բաց թողնված ծավալի 10 տոկոսը: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: Այս մասին հայտնում է «Վզգլյադի» թղթակիցը Թբիլիսիից: «Վրաստանի համար շատ կարևոր են այդ բանակցությունները»,- ասել է Կալաձեն:
Վրաստանի ընդդիմության այն կասկածները, թե Վրաստանը զիջումների է գնում «Գազպրոմի» հետ բանակցություններում, որոնք պարբերաբար տեղի են ունենում երրորդ երկրի տարածքում, Կալաձեն «մառազմ» է անվանել: Ինչպես ասել է նախարարը, Վրաստանի ու «Գազպրոմի» միջև տրանզիտային պայմանագիրն ամեն տարի նորացվում է, սակայն այս անգամ Թբիլիսին «ցանկանում է գազի տարանցման 10%-ի փոխարեն ստանալ գումար»:
Նա նշել է, որ դեռ վերջնական պայմանավորվածություն չկա ու խոստացել է տեղեկացնել այդ մասին, հենց որ Վրաստանն ու «Գազպրոմը» նոր համաձայնագիր կնքեն: Մինչ օրս տարանցվող գազի 10%-ը մնում էր Վրաստանում՝ որպես տարանցման վճար:
Վրաստանը գազ է գնում Ադրբեջանից, թեև երկիրը չի բացառում, որ կոմերցիոն նպատակներից ելնելով ապագայում կարող է նաև ռուսական գազ գնել: