Դեմքի մերսումն օգտակար է
Դեմքի մերսումը բարելավում է մաշկի արտաքին տեսքը եւ հանգստություն ու աշխուժություն է պարգեւում: Մերսման տեսակը պետք է համապատասխան լինի մարդու ֆիզիկական եւ հոգեկան պահանջներին, որոնք բնութագրվում են «մաշկի անալիզի» ժամանակ:
Դեմքի մերսման օգուտները
– Մերսման ժամանակ թուլանում եւ թափվում են դեմքի եղջերավոր շերտի մեռած բջիջները, որի հետեւանքով բարելավվում է մաշկի տեսքը:
– Լավանում է արյան շրջանառությունը, որով մկաններին լավագույնս հասնում է արյունը, այդպիսով` նաեւ թթվածինը: Մերսման շնորհիվ բջջային աճն է լավանում, մկաններն են ամրանում եւ, արդյունքում` ամրանում է դեմքի ընդհանուր կառուցվածքը:
– Արյան շրջանառության բարելավումը հյուսվածքները տաքացնում է, որի շնորհիվ մարդը հանգստություն է զգում, հատկապես, երբ դա թուլացնում է կծկված մկանները:
– Արյան շրջանառությունը նաեւ լայնացնում է արյունատար մազանոթները, որով բարելավում է մաշկի գույնը:
– Լիմֆատիկ եւ անոթների արյան հոսքի ավելանալով՝ արագանում է թույների եւ անպիտան նյութերի արտանետումը: Հետեւաբար անցնում է մաշկի այտուցվածությունը (առանց դեղամիջոցով բուժման անհրաժեշտության):
– Մաշկի ջերմության բարձրացումով լայնանում են ծակոտիներն ու մազի ֆոլիկուլները: Այսպիսով, ավելի լավ են ներծծվում մերսման համար օգտագործվող նյութերը:
– Հանգստանում են ջղերը:
– Գրգռվում են ճարպագեղձերն ու քրտնագեղձերը, որով ավելանում է ճարպի եւ քրտինքի արտադրությունը: Այս նյութերն ապահովում են մաշկի յուղային եւ ջրային հավասարակշռությունը:
Եթե մերսման հետ մաշկի մաքրում չի արվում, ապա դա կարելի է կատարել անգամ օր ընդ մեջ. մարմնամարզության նման է, որքան հաճախակի լինի, այնքան օգտակար կլինի: Սակայն, եթե դրա հետ միաժամանակ արվում է նաեւ մաշկի մաքրում, ապա միայն սկզբնական շրջանում կարելի է կատարել շաբաթը 1 անգամ, իսկ 1 ամիս անցնելուց հետո դա պետք է կրկնել ամիսը 1 անգամ հաճախականությամբ: Ընդհանուր առմամբ, մերսման 4 հիմնական շարժումներ կան, որոնք ունեն իրենց ենթաբաժանումները, եւ դրանցից ընտրություն կատարելն ու մերսում իրականացնելը պետք է լինի անհատական, ըստ մարդու ունեցած մաշկային վիճակի, տարիքի եւ կարիքի:
Վիկի ՕԴԵ