«Դա ճարահատյալ մարդու իրավիճակ է…». Վահրամ Բաղդասարյանը՝ «Նոր Հայաստանի»՝ Ազատության հրապարակում Ամանորը դիմավորելու մասին

«Այս 54 տարիների ընթացքում նույն ձևով եմ դիմավորել Ամանորը՝ իմ ընտանիքի հետ՝ Վանաձորում: Իսկ սպասելիքների հետ կապված՝ իմ ժողովրդին և երկրին՝ խաղաղություն»,- 168.am-ի հետ զրույցում ամփոփելով 2015 թվականը՝ այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ քաղաքական իմաստով՝ 2015 թվականը բավականին բուռն տարի էր. «Կորուստների իմաստով՝ ամենաանդառնալին մեր զոհերն էին սահմանում: Ձեռքբերումների տեսանկյունից՝ շատ հատկանշական էին Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված միջոցառումները. ամբողջ աշխարհին ևս մեկ անգամ մենք կարողացանք մեր մատուցմամբ համոզել, որ իրոք Օսմանյան կայսրության կողմից կատարված այդ ոճրագործության համար պետք է պատասխան տան ոճրագործների հետնորդները: Ամբողջ աշխարհի պառլամենտներին կոչ արվեց ճանաչել Ցեղասպանությունը, ու բազմաթիվ երկրներ արձագանքեցին, ու այդ գործընթացը մինչ այսօր շարունակվում է»:

Երկրորդ ձեռքբերումը, ըստ Վ. Բաղդասարյանի, սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն էր, անցումը նոր՝ պառլամենտական համակարգին. «Իհարկե, պետք է նկատեմ, որ որոշ դեպքերում այդ ժողովրդավարությունը բերեց խեղկատակության՝ որոշ քաղաքական գործիչների կողմից»:

Մեր հարցին, թե որո՞նք էին իշխանությունների այս տարվա ձախողումները, Վ. Բաղդասարյանն այսպես պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ դա մեծ, անուղղելի բացթողում է, բայց այս Ռուսաստանի նկատմամբ կիրառված սանկցիաների հետ կապված, տնտեսական հարաբերությունների հետ կապված, ինձ թվում է՝ մենք պետք է ավելի ճկուն տնտեսական քաղաքականություն տանենք, որ կարողանանք դրանից շահեկան վիճակում դուրս գալ»:

Կարդացեք նաև

Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ տնտեսության ոլորտում տարված քաղաքականությունը ճիշտ չէ՞ր, ՀՀԿ խմբակցության ղեկավարն այսպես պատասխանեց. «Նման իրավիճակի մեջ մենք այլ ելք չունենք, դա էր իրավիճակը, դուք կարող եք ուրիշ երկրների հետ համեմատել, բոլոր երկրներում էլ տնտեսական անկում է արձանագրվել, դա մխիթարում չէ, ուղղակի ասում եմ՝ պետք է ավելի ճկունացնենք մեր քաղաքականությունը, որ ավելի լավ դուրս գանք այս իրավիճակներից»:

Հարցին, թե՝ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պատրաստվում է Ամանորը դիմավորել Ազատության հրապարակում, Վ. Բաղդասարյանն այսպես պատասխանեց. «Նրանց ամենալավ դահլիճն ԱԺ-ն է, քանի որ դրանից ավելի մարդ նրանք չեն կարողանում հավաքել, ու քանի որ Ամանորին նրանք մեկուսացված են, ինչպես շատ քաղաքական գործիչներ, որոնք պառլամենտում մեկուսացվել են ու մենակ են, նրանք այդ վտանգը զգում են, որ հանրությունից էլ պետք է մեկուսացվեն, և ավելի լավ է՝ մի քանի հոգով հավաքվեն, գոնե Նոր տարի և Ամանոր կնշեն. դա ճարահատյալ մարդու իրավիճակ է, որ այլ ելք չունեն, նրանք ճարահատյալ վիճակում են գտնվում, որովհետև տեսնում են, որ հետևորդներ չունեն, դրա համար այդ մի քանի բախտախնդիրներն են մնացել, որ իրար գլուխ հավաքված՝ ցանկանում են Ամանորը նշել: Իմ հարևաններն էլ մեր բակում պետք է Նոր տարին նշեն, որոնց ես տրամադրել եմ տոնածառ և բոլոր հարմարությունները, որ կարողանան նշել Նոր տարին»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս