Բանակ գնալուց առաջ միայն Մհերն իմացավ, որ Ձմեռ պապ չկա
«Արմքոմեդիի» նախկին լրագրող, իսկ այժմ արդեն «Դոմինո» սիտքոմի դերակատար Մհեր Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում «խոստովանեց», որ Ձմեռ պապն իր կյանքից հեռացել է բանակ գնալուց առաջ միայն: Ենթադրությունները Ձեզ ենք թողնում… Պարզապես մի մոռացեք Մհերի գործունեության հումորային անցյալը:
– Մհեր, ո՞ր իրադարձությունն եք համարում անցնող տարվա գլխավոր նվերը, ասելիքը…
– Անցնող տարվա գլխավոր նվերն անձամբ ինձ համար այն էր, որ ունեցա նոր ձեռքբերումներ, շարժվեցի առաջ` տեղում մնալու կամ նահանջելու փոխարեն: Իսկ տարվա գլխավոր ասելիքը, ըստ իս, ասացին մեր 4 հայրենակիցները` Սերժը, Դարոնը, Շավոն և Ջոնը՝ ապրիլի 23-ին, Հանրապետության հրապարակում: Ֆանտաստիկ օր էր, որը, կարծում եմ, շատերիս ներսում ինչ-որ բան փոխեց:
– Կա՞ մի իրադարձություն, որը չէիք ցանկանա, որ այս տարի տեղի ունենար Ձեր կյանքում, ինչո՞ւ ոչ՝ նաև մեր երկրում: Ի՞նչը կցանկանայիք մոռանալ:
– Եկող տարի և ընդհանրապես չէի ցանկանա, որ երկրում տեղի ունենա պատերազմ կամ այլ արհավիրքներ: Երևի թե իմ կյանքում՝ նույնպես:
– Ո՞րն է այն գլխավոր իրադարձությունը, որ պետք է կայանա գալիք տարի՝ Ձեր կյանքում:
– Դեռևս չգիտեմ, չեմ էլ պլանավորել: Ամենալավ բաներն անսպասելի են տեղի ունենում:
– Ի՞նչ անակնկալ եք նախատեսել Ձեր հարազատների համար:
– Եթե ասեմ, անակնկալը կփչանա, համաձայն չե՞ք:
– Հիշո՞ւմ եք այն օրը, երբ Ձեր կյանքում մի օր վերացավ «հրաշքը», երբ պարզվեց, որ Ձմեռ պապն իրականում հայրիկն ու մայրիկն են: Եվ, որ Ձեր նամակներն ամենևին էլ տանից դուրս չեն եկել և ոչ մի տեղ էլ չեն ուղարկվել:
– Այո, հիշում եմ: Այդ ժամանակ ես սովորում էի Պետական համալսարանի 4-րդ կուրսում: Պատկերացրեք, թե ինչքան դժվար է 19 տարեկան երիտասարդի համար, որին պետք է շուտով բանակ տանեին՝ իմանալ այդ սարսափելի լուրը: Բայց ես ուժ գտա իմ մեջ և հաղթահարեցի ցավը:
– Սովորաբար առնվազն որքա՞ն գումար եք ծախսում Ամանորը նշելու համար:
– Եկեք գոնե այս տարի չխոսենք գումարից ու նման կենցաղային հարցերից, այլ պարզապես ուրախանանք, քանի որ տոնն առաջին հերթին՝ ուրախանալու համար է:
– Ըստ Ձեզ, ե՞րբ կվերանա «բուդ ուտելու» ավանդույթը Հայաստանում:
– Բդի ավանդույթը կվերանա, երբ ստեղծվի ավելի հարմար ու պրակտիկ կերակրատեսակ` սեղանին դնելու համար: Մեր ամանորյա սեղանի գլխավոր զարդը լավ տրամադրությունն է: