Իսլամի իմիջը խաթարված է բռնությամբ. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ մուսուլմանները պետք է ձգտեն լավացնել աշխարհի կարծիքն իսլամի մասին, որը ներկայում ասոցացվում է բռնության հետ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մենք պետք է ազատվենք այսօրվա վիրտուալ ու իրական աշխարհում իսլամի բացասական կերպարից»,- հայտարարել է նա Թեհրանում համաժողովի ժամանակ:
Ռոուհանին, որը չափավոր կրոնական հայացքների տեր է, ընդգծել է, որ բռնությունը հակասում է իսլամի սկզբունքներին:
Նա նաև քննադատել է երկրներին, որոնք ամերիկյան սպառազինություն են գնում մուսուլմանների դեմ օգտագործելու համար: Ամենայն հավանականությամբ, Իրանի նախագահը նկատի ունի Սաուդյան Արաբիային ու Պարսից ծոցի նրա դաշնակիցներին:
Իրանը կտրականապես դեմ է շիա ապստամբ հուսիթների ռմբակոծությանը, որոնք գրավել էին Եմենի տարածքի մեծ մասը: Այդ ռազմական կոալիցիան ղեկավարում է Սաուդյան Արաբիան:
«Որքա՞ն հրթիռ ու ռումբ եք գնել դուք այս տարի Ամերիկայից: Եթե դուք դրանց վրա ծախսված գումարները բաժանեիք աղքատ մուսուլմաններին, ոչ ոք քաղցած չէր պառկի քնելու»,- հայտարարել է Ռոուհանին:
Հանդես գալով իսլամական միասնությանը նվիրված համաժողովում՝ Իրանի նախագահը խոսել է այն ամոթի մասին, որը զգում է՝ նայելով մուսուլման երեխաներին, ովքեր ստիպված են կատարել երկարատև ու վտանգավոր ճանապարհորդություն, որ ապաստան գտնեն ոչ մուսուլմանական երկրներում:
«Մեր մեծագույն պարտականությունն է հիմա ուղղել իսլամի իմիջը համաշխարհային հասարակական կարծիքում»,- հայտարարել է նա:
Նա կոչ է արել տարածաշրջանի մուսուլմանական երկրներին դադարեցնել բռնությունը: