«Վերջին 3-4 տարում հայկական գինու դեմքը կտրուկ փոխվում է». Ավագ Հարությունյան
Մեր զրուցակիցն է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը
– Պարոն Հարությունյան, անցնող տարին ինչպիսի՞ն էր գինեգործության համար:
– Տարին հակասական էր, այս տարի ունեցանք և՛ լավ, և՛ վատ բաներ, բարձրացավ գինու որակը, բավականին լուրջ հաջողություններ արձանագրեցինք արտաքին շուկաներում, կազմակերպեցինք հանդիպումներ, համտեսներ և այլն: Կարող եմ ասել, որ վերջին 3-4 տարում հայկական գինու դեմքը կտրուկ փոխվում է, արդեն նման չի ինքն իրեն, ունենք նոր երևույթ՝ շատ բարձր որակի հայկական գինի, և կարող եմ ասել, որ մենք ունենք 6-7 ընկերություններ, գուցե մի քիչ ավելի, որոնք հիմա արտադրում են շատ բարձր որակի գինիներ միջին սեգմենտի՝ 5-10 եվրո արժողությամբ, որոնք մրցունակ են: Ձեռքբերում էր նաև այն, որ համեմատաբար լավ բերք ունեցանք և բավականին պաշարներ կուտակեցինք:
Կորուստները հիմնականում պայմանավորված էին ռուսական ռուբլու արժեզրկումով և մեր անպատրաստ լինելով դրան, չնայած որ բոլոր նախանշանները կային, որ այդպես պետք է լիներ, բայց մենք չպատրաստվեցինք: Արդյունքում՝ կորցրեցինք արտահանման համարյա 30-45%-ը: Բացասական էր նաև այն, որ տեղի ունեցավ գների անկում, որովհետև լճացում եղավ, և շատ գինի մտավ շուկա:
Կոնյակի բնագավառում ավելի անմխիթար է վիճակը, քան գինու, որովհետև գինին համեմատաբար փոքր է և կարողացավ դիվերսիֆիկացնել, մոբիլ լինել, իսկ կոնյակը կենտրոնացած է մեկ շուկայի վրա և չկարողացավ լուծել խնդիրները, ռուսական շուկայում դոլարի հաշվարկով կոնյակի գների շատ լուրջ անկում եղավ: Ռուբլու հաշվարկով գները 5-10% բարձրացան, բայց դոլարի հաշվարկով՝ շուրջ 50%, երբեմն՝ 60% ընկան:
– Կառավարության աջակցությունը, ձեռնարկած քայլերն արդյոք բավարա՞ր էին, ի՞նչ արվեց, ի՞նչ չարվեց:
– Կառավարությունը շատ քիչ ռեսուրսներ ունի՝ ազդելու այս ամբողջի վրա: Կառավարությունը ո՛չ փող ունի, ո՛չ էլ մեխանիզմ կամ հնարավորություն, որ գլոբալ կերպով ազդի պրոցեսների վրա: Կառավարությունից մնում է բարի կամքը, որ մասամբ ցուցաբերվեց, այսինքն՝ ցուցահանդեսների մասնակցության խնդիրը լուծվեց, և 3% սուբսիդավորված վարկեր տրվեցին, ծավալներին տեղյակ չեմ: Գինեգործության և կոնյակագործության ոլորտում կառավարությունն արեց այն, ինչ կարող էր անել, գուցե՝ մի քիչ ավելի, գուցե՝ մի քիչ պակաս, բայց, օրինակ, խաղողի գների և այն ժամանակ աժիոտաժի առումով անելիք կար: Դա սահմանադրական, պետական կառավարման խնդիր է, կառավարությանը վերաբերում է բարոյականության և անձնական պատասխանատվության դաշտում, որ եթե ցանկանա ինչ-որ մի բան, կարող է անել:
Գլոբալ առումով կառավարությունը հեռացել է բիզնեսից, այսինքն՝ բիզնեսը մասնավորինն է, կառավարությունը բիզնեսով չի զբաղվում, կառավարությունը հեռացել է տնտեսության վրա ազդող բիզնես լծակներից, և հիմա մի կողմում՝ գյուղացին է, մի կողմում՝ գինեգործը, ուղղակի ամբողջ դժբախտությունը կայանում է նրանում, որ առևտրի կողմերից մեկը՝ գինեգործը, ավելի հզոր և ավելի հարուստ է, հնարավորություններն ավելի շատ են, քան գյուղացու, և ստեղծվում է անհավասար մրցակցության նման մի բան: Իսկ այստեղ ես չեմ կարծում, որ կառավարությունն ինչ-որ բան կարող է անել կամ չանել: Խնդիրն այս դաշտում չէ, խնդիրը պետական կառավարման մոդելի մեջ է:
– Հաջորդ տարվանից ի՞նչ սպասելիքներ ունեք, ի՞նչ խնդիրներ կարող են ի հայտ գալ:
– Հաջորդ տարի ռուբլու արժեզրկումը կմնա նույն մակարդակին, էապես չի փոխվի, հաջորդ տարի մենք կփորձենք նոր շուկաներ որոնել, կփորձենք ռուսական շուկայի մասնաբաժինը փոքրացնել, հաջորդ տարվա համար մի քիչ էժան գինի արդեն ունենք, որովհետև խաղողի գինն էժանացավ, հաջորդ տարի գինեգործության համար լավ տարի կլինի, բայց խաղողագործների համար դժվարանում եմ ասել՝ ինչ տարի կլինի, դա կախված է, թե ձմեռն ինչպես կլինի, գարունն ինչպես կլինի, կառավարությունը կսուբսիադավորվի՞ արդյոք, որ խաղողի դիմաց փողերը տան, վերջացնեն… չգիտեմ: Համենայն դեպս, գինեգործության և կոնյակագործության առումով, կարծում եմ, որ ճգնաժամը կկանգնի: Դրա նախանշանները կան, ծավալային առումով մենք համեմատական աճ ունենք, այսինքն՝ ամբողջ նախկին ձմռանն ու գարնանը գահավիժում էինք, ամռանը մի թեթև կանգ եղավ, աշնանն արդեն մի թեթև աճ կար: Այժմ անկում հաստատ չկա, դրությունն այլևս չի վատանում, հաստատ է նաև, որ կանգնած ենք նույն տեղում, հաստատ է նաև, որ շատ քիչ աճում ենք, բայց այդ շատ քիչը շատ քիչ է, բավարար չէ: Հիմա գրեթե 10-20% համեմատական աճի վրա ենք կանգնած, բայց բացարձակով նվազում կա, այսինքն՝ լավն այն է, որ անկում չունենք, վատն այն է, որ բացարձակով նվազում ենք: