Սերգո ջան, վատ ես ապրելու
Ինչպես երևում է, ՀՀ կառավարությունը հաջորդ տարվա բյուջեում 2,2% տնտեսական աճ կանխատեսելով` ոչ թե զգուշավոր է գտնվել, այլ ճիշտ հակառակը` չափից դուրս լավատես։
Սա երևում է տարեվերջյան զարգացումներից, որոնք բացասաբար են ազդելու Ռուսաստանի տնտեսության վրա։ Ու հաշվի առնելով մեր տնտեսության քրոնիկ ու խորացող կախվածությունը ՌԴ-ից` կարելի է եզրակացնել, որ մեզ նույնպես հեշտ ժամանակներ չեն սպասվում։
Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս տարվա դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում խոսելով հաջորդ տարվա համար կանխատեսվող 2.2% տնտեսական աճի մասին` ասել էր, որ դա ոչ թե սեփական ծրագրերի նկատմամբ անվստահության կամ տապալման մասին է վկայում, այլ իրատեսության. «Իհարկե, կարելի է ունենալ այլ մարտավարություն` ամրագրել տնտեսական աճի շատ ավելի հավակնոտ նիշ, իսկ հետո փորձել հիմնավորել, թե ինչու հնարավոր չեղավ այն իրականացնել»։ Ու եթե սրանից երկու շաբաթ առաջ ոմանց մոտ դեռ կարող էին կասկածներ մնալ, որ տնտեսական աճի կանխատեսման հարցում կառավարությունը համեստություն է արել, այսօր արդեն քչերը կհավատան, որ անգամ այդ 2.2%-ը կարող է ապահովվել։
Գլխավոր պատճառը, ինչպես նշեցինք, ՌԴ տնտեսության ներկա և ապագա վիճակն է։
Այսպես, ՌԴ տնտեսական վիճակի վրա ազդում են հիմնականում երկու գործոն` ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից կիրառվող պատժամիջոցներն ու նավթի գների անկումը։ Միակ հույսը, որ իրավիճակը կարող էր շտկվել, այն էր, որ պատժամիջոցները կմեղմացվեն, կամ նավթի գինը կբարձրանա։ Սակայն դեկտեմբեր ամիսն ապացուցեց, որ տեղի է ունենում հակառակը։
Նախ` սկսենք նավթի գներից։ Brent տեսակի նավթի գինը ICE բորսայում շարունակում է նվազել, և դեկտեմբերի 23-ի գիշերային նստաշրջանի ընթացքում 1 բարելի ֆյուչերսային գինը հասել է 35.98 դոլարի։ 36 դոլարից ցածր գին վերջին անգամ գրանցվել էր 2004 թվականի հուլիսին։ Հասնելով 11 տարվա նվազագույնին` նավթը այնուհետև փոքր-ինչ թանկացել է և նստաշրջանի վերջին գերազանցել 36 դոլարը։ Իսկ առավոտյան Brent տեսակի նավթի գինը մի փոքր էլ է բարձրացել և կայունացել 36.5 դոլարի սահմաններում։
Նշենք, որ մեկ տարվա կտրվածքով նավթի գինը կիսով չափ նվազել է. 2014թ. դեկտեմբերի վերջին Brent-ի մեկ բարելի գինը 72.5 դոլար էր։ Ավելին, տնտեսագետները չեն բացառում, որ նավթի գինն առաջիկայում կարող է ավելի նվազել` հաշվի առնելով ԱՄՆ Դաշնային ռեզերվային համակարգի կողմից տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը, որի արդյունքում ամերիկյան դոլարը կարող է արժևորվել մյուս արժույթների նկատմամբ։ Մի խոսքով, նավթի գնի առումով լավատեսության հիմքեր չկան։
Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա ամեն ինչ առավել քան մռայլ է։ Նախ` Եվրամիությունը դեկտեմբերի 22-ին որոշում ընդունեց` երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները` մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը։
Իսկ հաջորդ օրը` դեկտեմբերի 23-ին, պատժամիջոցների ցանկը թարմացրեց նաև ԱՄՆ-ը` դրանում ընդգրկելով մեծ թվով ռուսաստանյան ընկերությունների և ֆիզիկական անձանց։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս առնչությամբ հայտարարել է, որ ԱՄՆ գործողությունները «քայքայիչ» ազդեցություն ունեն։ Նա նաև նշել է, որ ամերիկյան պատժամիջոցների նոր ցանկը ՌԴ-ի նկատմամբ հակատրամաբանական և անբարյացակամ վերաբերմունքի շարունակությունն է։ Ռուսներն արդեն հայտարարում են պատասխան պատժամիջոցների մասին, սակայն դա, ինչպես երևում է, ամերիկացիներին և եվրոպացիներին այնքան էլ չի հուզում։
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Ուիլ Սթիվենսը ռուսաստանյան ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում ասել է, որ փաստաթուղթն արդեն գոյություն ունեցող պատժամիջոցների ճշգրտում է։ Նա պարզաբանել է, որ դա նորմալ գործընթաց է, քանի որ իրավաբանական անձինք ճանապարհներ են գտնում` սահմանափակումները շրջանցելու համար։
Կարճ ասած` ՌԴ-ի շուրջ տնտեսական օղակը ոչ միայն չի թուլանում, այլև ավելի է սեղմվում։ Նավթից կախված տնտեսության համար սա լուրջ հարված է։ Ռուսաստաբնակ հայազգի տնտեսագետ Աբել Աղանբեգյանը վերջերս հարցազրույցներից մեկում կարծիք էր հայտնել, որ ստագնացիայից դուրս գալու համար հարկավոր է փոխել երկրի տնտեսական քաղաքականությունը։ Սակայն դա երկար ժամանակ ու քաղաքական կամք է պահանջում։ Իսկ 2016 թվականն արդեն մի քանի օրից կմտնի իր իրավունքների մեջ։
Սա նշանակում է, որ հաջորդ տարի Ռուսաստանի տնտեսության համար ամենավատ կանխատեսումներն իրականություն կդառնան։ Իսկ դա էլ իր հերթին` նշանակում է, որ ՌԴ-ից եկող բացասական ազդակները լուրջ դժվարությունների առաջ են կանգնեցնելու Հայաստանի տնտեսությունը։
Սա բերելու է Ռուսաստանից եկող տրանսֆերտների կրճատման, ներդրումների նվազման, արտաքին առևտրաշրջանառության ծավալների կրճատման և այլն։
Այս ամենը, ի դեպ, նորություն չէ. բոլոր այս երևույթները մենք արդեն հասցրել ենք զգալ 2015 թվականի ընթացքում։ Օրինակ, ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումները 2015թ. հունվար-նոյեմբերին նվազել են ավելի քան 500 մլն ԱՄՆ դոլարով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)։ Ռուսաստանի հետ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 14.8%-ով և կազմել 989.6 միլիոն դոլար։
Դեպի Ռուսաստան արտահանումը նվազել է շուրջ 30%-ով և 180 միլիոն դոլարից էլ քիչ է եղել։ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը նույնպես անկում է ունեցել, սակայն ավելի քիչ չափով` ըստ առևտուր անող երկրի` ՌԴ-ից ներմուծումը նվազել է 13.1%-ով և կազմել 556 միլիոն դոլար, իսկ ըստ ապրանքի ծագման երկրի` 10.7%-ով, և կազմել 810.5 մլն դոլար։ Արդյունքում` ՌԴ-ի հետ մեր արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2015 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 653.8 մլն դոլար։
Օտարերկրյա ներդրումների առումով նույնպես անմխիթար վիճակ է։ Ընդհանուր աճի ֆոնին` այս տարվա հունվար-սեպտեմբերին ՌԴ-ից Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ընդհանուր ներդրումների զուտ հոսքը կրճատվել է 2.7 անգամ (կազմելով 14.2 մլրդ դրամ), իսկ ուղղակի ներդրումներինը` 3.4 անգամ (14.4 մլրդ դրամ)։
Նավթի գների հետագա անկումն ու Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների կիրառումը հանգեցնելու են նրան, որ այս բացասական դինամիկան ավելի ցավոտ ենք զգալու։ Այսինքն` դժվարին ժամանակներ են սպասվում։ Ու սա ոչ թե հոռետեսություն է, այլ ուրվագծվող ռիսկերի իրատեսական գնահատական։
Իհարկե, ինչպես ասում էր Աղանբեգյանը, մեզ նույնպես պետք են լուրջ, արմատական փոփոխություններ` տրանսֆերտներից և այլ արտաքին ազդակներից կախվածությունը թուլացնելու, ներքին ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելու համար։ Սակայն վերջին տարիների տխուր փորձը ցույց է տալիս, որ որքան շատ ենք այս մասին խոսում, այնքան ավելի կախված ու խոցելի ենք դառնում։