«Թող պարոն Աշոտյանը մեզ հրավիրի իր թոք-շոուին ու խելք սովորեցնի». Կարինե Դանիելյան

Բնապահպան Կարինե Դանիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ էկոլոգիական ոլորտում դրական տեղաշարժ է այն, որ քննարկվում է Երևան քաղաքում նոր աղբավայրի համար տարածքի տրամադրման, միջազգային ստանդարտներին համապատասխան աղբավայրի կառուցման և աղբի վերամշակման հարցը։

Իսկ ամենամեծ հարվածը նա համարում է ԿԳՆ առաջարկը կառավարությանը` ինչքան հնարավոր է սեղմել էկոլոգիական կրթությունը. «Մանկավարժական համալսարանից հանվել է Բնապահպանություն և բնօգտագործում մասնագիտացումը։ Մենք նախարարության հետ բանակցությունների մեջ էինք, որ դպրոցներում ընդգրկվի Էկոլոգիայի ու կայուն զարգացման հիմունքներ առարկան, կարծես թե եկել էինք համաձայնության, բայց պարզվում է` մեզ դպրոց գնացող մասնագետներ պետք չեն։ Միջազգային ասպարեզում լրիվ հակառակ գործընթացն է։ Հայաստանն ամեն տեղ մասնակցում է, պատրաստակամ է, ես էլ հիմարաբար աշխարհով մեկ ցույց եմ տալիս Հայաստանի դրական փորձը, թե բուհերում ամբիոններ ենք բացել, գրքեր ենք տպագրում և այլն,  բայց նման որոշում կայացվեց։

Հիմա մեզ գրել են` ավելի մանրամասն ներկայացրեք ձեր փորձը, որ մենք երկրներին ցույց տանք, իրենք ընդօրինակեն, բայց պետք է գրեմ` կներեք, կառավարությունը որոշել է, որ էկոլոգիական կրթությունն ավելորդություն է։ Ինձ բացատրեցին, որ էկոլոգիան գիտություն չէ, ընդամենը գաղափարախոսություն է ու բոլորն էլ կարող են զբաղվել դրանով։ Այնպես որ՝ հիասթափությունը շատ մեծ է»:

Կարինե Դանիելյանը կոչ արեց Արմեն Աշոտյանին` բնապահպաններին հրավիրել իր  թոք-շոուին և դրա ընթացքում բացահայտել ճշմարտությունը. «Միգուցե մենք չենք հասկանում ու այդ թոք-շոուն մեզ կհամոզի` ինչպե՞ս կարելի է մի ձեռքով տարբեր համաձայնագրեր ստորագրել, մյուս ձեռքով` ինչքան հնարավոր է` կրճատել։ Թող պարոն Աշոտյանը մեզ հրավիրի իր թոք-շոուին ու խելք սովորեցնի, միգուցե մենք կհասկանանք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս