Տարվա վերջին ցուցանիշները
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ` այս տարվա ընթացքում վերջին անգամ, ամփոփեց 2015 թվականի մակրոտնտեսական ցուցանիշները։ Դրանք վերաբերում են հունվար-նոյեմբեր ժամանակահատվածին (չեն ներառում դեկտեմբերը)։ 2015 թվականի ամբողջական ցուցանիշները կհրապարակվեն արդեն հաջորդ տարվա հունվարին։ Սակայն 2015 թվականն ամփոփել կարելի է նաև 11 ամիսների ցուցանիշներով։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված նախնական (շտապ հավաքագրված) տվյալների համաձայն` այս տարվա հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2.9%-ով։ Հիշեցնենք, որ ՏԱՑ-ը հունվար-հոկտեմբերին 3.5% էր, ինչը նշանակում է, որ ակտիվության աճի տեմպը թուլացել է։
Ինչ վերաբերում է առանձին ոլորտներին, ապա էական փոփոխություններ չեն գրանցվել։
Աճի առաջատարը շարունակում է մնալ գյուղատնտեսության ոլորտը։ 2015թ. հունվար-նոյեմբերին գյուղոլորտը տվել է 931.4 մլրդ դրամի արտադրանք, ինչը 11.6%-ով գերազանցում է 2014 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Արդյունաբերական արտադրանքի աճի տեմպը նույնքան է, որքան հունվար-հոկտեմբերին` 4.6%։ Ոլորտի համախառն արտադրանքի ծավալը տարվա առաջին 11 ամիսներին կազմել է 1177.4 մլրդ դրամ։ Արդյունաբերության ոլորտի վերաբերյալ նախորդ ամսվա տվյալները ցույց էին տալիս, որ ոլորտի աճն ապահովվել է գլխավորապես հանքարդյունաբերության 42% աճի հաշվին։
Նշենք նաև, որ նույն ժամանակահատվածում` արդյունաբերության աճի ֆոնին, գրանցվել է նաև էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների աճ։ 2015թ. հունվար-նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 7064,6 մլն կՎտ ժ էլեկտրաէներգիա, ինչը 1.4%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
3 տոկոսանոց աճ է գրանցել նաև ծառայությունների ոլորտը` հաշվետու ժամանակահատվածում տալով 1 տրիլիոն 59.7 մլրդ դրամի արտադրանք։
Իսկ ահա շինարարությունը կրկին հուսախաբ արեց։ 2015-ի ընթացքում շինոլորտը թեկուզ աննշան չափով` 0.1-0.2%-ով, աճ էր գրանցում։ Սա հույս էր ներշնչում, որ շինարարությունն անկման փուլից վերջապես թևակոխել է կայունացման փուլ։ Սակայն հունվար-նոյեմբերի ցուցանիշները կրկին անկումային են։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ շինարարության ծավալը նվազել է 3.1%-ով և կազմել 352.6 մլրդ դրամ։ Ընդ որում, 2015թ. նոյեմբերը 2014-ի նոյեմբերի համեմատ` անկումը կազմել է շուրջ 20%։
Անկումային են նաև առևտրի ցուցանիշները` թե՛ ներքին, թե՛ արտաքին։
Այսպես, ներքին (մանրածախ) առևտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 2004.3 մլրդ դրամ, ինչը 7.1%-ով ցածր է նախորդ տարվա հունվար-նոյեմբերի ցուցանիշից։
Արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին 11 ամիսներին նվազել է 21.6%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)։ Հունվար-նոյեմբերին արտաքին գործընկերների հետ իրականացրել ենք 4 մլրդ 313.6 մլն դոլարի առևտուր։ Այդ թվում, արտաքին աշխարհից ներմուծել ենք 2 մլրդ 968.4 մլն դոլարի ապրանք-ծառայությունների (նախորդ տարվա համեմատ անկումը` 26.2%), արտահանել` 1 մլրդ 345.2 մլն դոլարի արտադրանք (նվազումը` 4.7%)։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2015 թվականի առաջին 11 ամիսների կտրվածքով կազմել է 1 մլրդ 623.2 մլն դոլար։ Ներմուծման կտրուկ նվազման արդյունքում բացասական հաշվեկշիռը նկատելիորեն կրճատվել է, և սա հենց այն հիմնական գործոններից մեկն է, որը թույլ չտվեց, որ դրամն արժեզրկվի։
Անդրադառնանք նաև գներին։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` սպառողական գները 2015 թվականի հունվար-նոյեմբերին աճել են միջինում 4.1%-ով։ Իսկ 12-ամսյա գնաճը (2015-ի նոյեմբերը` 2014-ի նոյեմբերի համեմատ) 1.2% է։ Այսինքն` ունեցել ենք շատ ցածր գնաճ։
Միևնույն ժամանակ` աշխատավարձերը հունվար-նոյեմբերին առաջանցիկ աճ են ունեցել գնաճի նկատմամբ։
Միջին ամսական անվանական աշխատավարձը 2015 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 181 412 դրամ, որը 8.5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այդ թվում, պետական հատվածի աշխատողների վարձատրությունը, ըստ պաշտոնական վիճակագրության, ավելի արագ է աճել` 9,7%-ով, և կազմել է 161 515 դրամ։ Մասնավոր հատվածում նույն ժամանակաշրջանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.1%-ով (209 135 դրամ)։
Մի խոսքով, պաշտոնական վիճակագրությունը տարին փակում է բնակչության գնողունակության աճի մասին վկայող տվյալներով։
Սրանք, ինչպես նշեցինք, շտապ հավաքագրված (նախնական) ցուցանիշներն են, որոնք վերաբերում են ոչ թե ամբողջ տարվան, այլ առաջին 11 ամիսներին։ Իհարկե, հունվարին մենք կրկին կանդրադառնանք այս ցուցանիշներին` ավելի մանրամասն և ամբողջական ներկայացնելով դրանք։