Ավելացել են չզարգացող ու ընդհատված հղիությունների դեպքերը
asparez.am-ը գրում է. Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բժիշկներին լոռեցիներն ավելի շատ դիմում են անպտղության, նախկինում հղիության հետ կապված խնդիների, սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների հարցերով, ինչպես նաև արգանդի ու ձվարանների նորագոյացությունների վիրահատության համար:
Վերջին տարիների հետ համեմատական կատարելով, բաժանմունքի ավագ գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանը նշում է, որ աճ է նկատվում հատկապես ընդհատված, չզարգացող հղիությունների մասով, որոնք շատ հաճախ բորբոքային հիվանդությունների ու սեռավարակների հետեւանք են: Առավել հաճախ հայտաբերվող սեռավարակներից բժիշկն առանձնացնում է մի քանիսը. քլամիդիոզ, ուրեապլազմոզ, հերպես, ցիտոմեգալովիրուս:
Սեռավարակների աճի տենդենցի հարցում մասնագետը մատնանշում է երկրում միգրացիոն պրոցեսների ակտիվացումը.
-Եթե մեկնում են երկրից, ցանկալի է զուգերով գնան, տղամարդկանց մենակ չթողնեն,- ասում է նա:
Վերջին տարիներին Վանաձորի բժշկական կենտրոնում, այդ թվում նաեւ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում «Բաց դռների» օրեր անցկացնող՝ Երևանից ժամանած բժիշկները հետազոտությունների արդյունքներն ամփոփելիս՝ հաճախ են նշում չափից շատ ծայրահեղ ու բարձիթողի վիճակների հայտնաբերման մասին:
-Դա կանանց կողմից տարիներ շարունակ առողջությանը չհետեւելու արդյունքն է: Բոլորս էլ պետք է ընդունենք, որ մի քանի տասնամյակ առաջ հիմնարկություններում գործող պրոֆիլակտիկ ստուգումները մեծապես օգնում էին հիվանդությունների վաղ հայտնաբերման համար: Հետո այդ ամենը վերացավ: Հիմա 30-60 տարեկան կանանց պարանոցի նախաքաղցկեղային հիվանդությունների հայտնաբերման ազգային ծրագիրն է ներդրվել, որի շրջանակներում պոլիկլինիկա հաճախող այդ տարիքային խմբին պատկանող ցանկացած կին պետք է հետազոտվի նշված հիվանդության մասով,- ասում է Դ. Շահվերդյանը:
Վերջինս շատ կարեւոր է համարում նաեւ թաղամասային գինեկոլոգների անհատական աշխատանքը հղիի հետ, ինչը, բժշկի կարծիքով, այսօր լիարժեք չի կատարվում նաեւ ժամանակի սղության պատճառով: Արդյունքում՝ ծննդատուն դիմող հղիների մի զգալի մասը գալիս է անտեղյակ թե հղիության ընթացքի, սննդակարգի, հիգիենայի, թե ծննդաբերական ու հետծննդյան շրջանների մասով:
Մասնագետը հղիներին խորհուրդ է տալիս շատ ընթերցել, օգտվել ինֆորմացիոն տարբեր աղբյուրներից, խնդիրների դեպքում անպայման խորհրդակցել թաղամասային գինեկոլոգների հետ, զերծ մնալ անտեղի դեղամիջոներ օգտագործելու ընդունված պրակտիկայից: Կանանց առողջ տեսնելու ակնկալիքով բժշկի խորհուրդը մեկն է. տարին մեկ անգամ անպայման դիմել գինեկոլոգի: