«Իշխանությունները և հատկապես Սուրեն Խաչատրյանը բավական խառնաշփոթ վիճակի մեջ են եղել». Արմեն Մարտիրոսյանը՝ Կապանում տեղի ունեցած միջադեպերի մասին

Այսօր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Սյունիքի մարզում հանդիպումներ էր կազմակերպել տեղի բնակիչների հետ: Կապանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ մի քանի միջադեպեր են տեղի ունեցել, երբ «Նոր Հայաստանի» անդամները Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին «Լիսկա» են անվանել ու հայտարարել, որ սյունեցիները մարզպետ չունեն: Հանրահավաքին ներկա որոշ քաղաքացիներ հարգանք են պահանջել իրենց մարզպետի հանդեպ՝ հորդորելով նրան ոչ թե՝ «պարոն Լիսկա» ասել, այլ՝ «պարոն Խաչատրյան»: Նաև ելույթ է ունեցել տեղի դպրոցներից մեկի տնօրենը՝ հայտարարելով, որ Սուրիկ Խաչատրյանը պաշտպանության կարիք չունի, «իրենց ունեցած բոլոր մարզպետներից նա միակն է եղել, որի օրոք սյունեցիները կարողացել են հանգիստ մտնել մարզպետի մոտ ու իրենց խնդիրները ներկայացնել»:

168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի քաղխորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանը խոսելով տեղի ունեցած միջադեպերի մասին՝ ասաց, որ շատ նորմալ է դրանց վերաբերվում: «Այդ ամենը որոշակիորեն նաև ցույց է տալիս իշխանությունների վախը: Այդ վարձու ուղարկված մարդիկ, նաև երիտասարդների այդ չակերտավոր ակտիվությունը Կապանում միայն մի բանի մասին են խոսում, որ իշխանություները և հատկապես՝ Սուրեն Խաչատրյանը, բավական խառնաշփոթ վիճակի մեջ են եղել, հանգիստ չեն՝ միանշանակ, նմանատիպ պրովոկացիաներ կազմակերպելը, կարծում եմ, տեղին չէր»,- նշեց մեր զրուցակիցը:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ այն մարդիկ, ովքեր ելույթ են ունեցել, օրինակ, այն դպրոցի տնօրենը, ուղղորդվա՞ծ էին, Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Բնականաբար, ես չեմ կարծում, որ, եթե Սուրեն Խաչատրյանն իշխանություն չլիներ, չեմ կարծում, որ իրենք գիշերը կնստեն, մոմ կվառեն Սուրեն Խաչատրյանի նկարի մոտ: Այդ առումով շատ հանգիստ եմ վերաբերվում, քանի որ դա իշխանական վախերի մասին է խոսում»: Իսկ ընդհանրապես, Ա. Մարտիրոսյանը շատ դրական է գնահատում այսօրվա իրենց այցերը: Խոսելով ժողովրդի մասնակցության մասին՝ նա նշեց, որ բնակիչները շատ ակտիվ մասնակցել են իրենց հավաքներին. «Ե՛վ Սիսիանում, և՛ Գորիսում, և՛ Կապանում շատ լավ անցավ, բավականին աշխույժ անցավ»:

Տեսանյութեր

Լրահոս