Թեժ վեճ. Արսեն Ավակովը ջուր է շփում Սաակաշվիլիի դեմքին և «ծաղրածու» անվանում
Համացանցում է հայտնվել Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի ու Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի սկանդալային վեճի տեսագրությունը, որտեղ վերջինս ջուր է լցնում Սաակաշվիլիի դեմքին: Սկանդալային տեսանյութը Facebook-ի էջում է հրապարակել Ավակովը:
Հիշեցնենք, որ վեճը տեղի է ունեցել Բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ժամանակ: Ավակովը հարցրել է Սաակաշվիլիին, թե ինչու է նա Օդեսայի մերձնավահանգստային գործարանի սեփականաշնորհման ժամանակ հանդիպել «Ուրալքիմից» ռուս օլիգարխի հետ»:
«Ինձ հետ այսպես դեռ ոչ ոք չի խոսել»,- հունից դուրս եկած Ավակովին դիմեց Սաակաշվիլին: Ի պատասխան՝ Ավակովն ասաց, թե հենց այդպես էլ խոսելու է նրա հետ:
Սաակաշվիլին հրաժարվեց պատասխանել Ավակովի հարցին՝ իր մերժումը պատճառաբանելով նրանով, թե նրա հետ «նման կարգի խոսակցություններից հետո» խոսելու ցանկություն չունի:
«Ես ձեզ հետ վիճելու եմ միայն հրապարակային, ես ապացուցելու եմ, որ դուք գող եք… Ես, ի տարբերություն ձեզ, փող չունեմ, փոխարենն ունեմ խիղճ ու վարկանիշ: Ես թույլ չեմ տա, որ ինչ-որ մի Ավակով, ով գողություն է արել, ում բոլորը գիտեն, որ գող է …»,- ասաց Սաակաշվիլին: Նրա այս խոսքերից ինքնատիրապետումը կորցրած Ավակովը, վերցնելով սեղանին դրված բաժակով ջուրը, նետեց Սաակաշվիլիի ուղղությամբ:
Քաղաքական գործիչներն այնուհետ սկսեցին իրար վիրավորել՝ միմյանց անվանելով «սրիկա», «անասուն», «գող»:
«Գող»,- բղավեց Սաակաշվիլին, ինչին ի պատասխան Ավակովը հանգիստ պատասխանեց, որ այո, ինքը գող է:
«Գրողի ծոցը գնա իմ երկրից: Սրիկա»,- դիմելով Սաակաշվիլիին՝ ասաց Ավակովը, ինչին ի պատասխան վերջինս ասաց, թե ինքն ուկրաինացի է:
Դրանից հետո, տեսնելով, որ իրավիճակը դարձել է անվերահսկելի, որոշում կայացվեց ընդհատել Բարեփոխումների ազգային խորհրդի նիստի աշխատանքը:
Նշենք, որ նիստի ներկաները ստիպված էին լուռ ունկնդրել քաղաքական գործիչների անձնական վիրավորանքներին:
Այս տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով՝ Ավակովը գրել է. «Ես ինձ զսպեցի, որ նրան չխփեմ, ջուր լցրեցի նրա դեմքին»: Նաև հավելել է, թե ստիպված է եղել դիմել այդ քայլին այն բանից հետո, երբ Սաակաշվիլին սկսել է իրեն վիրավորել:
https://www.youtube.com/watch?v=6Za-XOXTSJQ