«Ի՞նչ իրավունքով են վարորդների համար 20-30 հազար դրամ տուգանքներ սահմանել, եթե մեր մինիմալ աշխատավարձը 60-65 հազար դրամ է». Մելիտա Հակոբյան
«Կարմիր գծերն ուղղակի խայտառակություն են»,- նման կարծիք այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը՝ անդրադառնալով վճարովի ավտոկայանատեղիների և տեսախցիկների համակարգին:
«Ցանկացած մեքենայի սեփականատեր վճարում է գույքահարկ, ինչը նշանակում է, որ տվյալ մեքենան կարող է Հայաստանում ցանկացած տեղ կայանել։ Միայն հատուկ կայանատեղիներում պետք է վճարեն, օրինակ՝ Օպերայի ներքևի մասի կայանատեղին, բայց մեզ մոտ փողոցներում գծեր են տարել ու մարդկանց տուգանում են»,- ասաց նա։
Նա նշեց, որ լուսանկարող սարքերի հետ կապված էլ խնդիրներ կան.
«Մարդուն լուսանկարում են ու առանց արագության ցուցանիշը ցույց տալու՝ տուգանում։ Ենթադրենք՝ մարդը խախտում է արել, բայց վթարային իրավիճակ չի ստեղծել, ի՞նչ իրավունքով են 20-30 հազար դրամ տուգանում, որտեղի՞ց են վերցրել այդ թվերը, եթե մեր մինիմալ աշխատավարձը 60-65 հազար դրամ է: Մարդն այդ աշխատավարձից ստանում է մի քանի դրամ, իսկ պետության գանձարանը մի քանի անգամ ավելի շատ գումար է գնում: Այսպիսի աղքատ երկրում իրավունք ունե՞նք կայանելու համար գումար վերցնել, կամ նման մեծ չափերի տուգանքներ սահմանել: Նոր տարուց հետո անպայման զբաղվելու ենք այս հարցերով, քանի որ բազմաթիվ բողոքներ ենք ստացել»: