Այս իրավիճակում ամենաշատը շահում է Գագիկ Հարությունյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոր Սահմանադրությունը, որը դեկտեմբերի 6-ին հանրաքվեի էր դրվել, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 22-ին: Ինչու, որովհետեւ արդեն իսկ ակնհայտ է, որ ոչ-ի ճակատին, իսկ ավելի կոնկրետ՝ ՀԱԿ խմբակցությանը չի հաջողվի անհրաժեշտ թվով՝ 27 պատգամավորների ստորագրություն հավաքել` ՀՀ Սահմանադրական դատարան բողոք ներկայացնելու համար: Երեկվա դրությամբ ՀԱԿ նախաձեռնությանը միացել էին 11 պատգամավորներ՝ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Հեղինե Բիշարյանը, Տիգրան Ուրիխանյանը, Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Լեւոն Դոխոլյանը եւ Ստեփան Դեմիրճյանը: Փաստացի բոլոր այն պատգամավորները, որոնք սահմանադրական փոփոխություններին խորհրդարանում դեմ էին քվեարկել, բացառությամբ Հրանտ Բագրատյանի, ՍԴ դիմումի տակ ստորագրել են:
Ի դեպ, Բագրատյանը երկուշաբթի մեկնարկած ԱԺ արտահերթ նիստին չի մասնակցում: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 9 անդամներն այս անգամ պարտադրված չեն լինի իրենց ստորագրությամբ ընտրակեղծիքները վավերացնել: Եվ այս իրավիճակում ամենաշատը կշահի ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Եթե հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում բողոքարկվեին, ապա նա ստիպված կլիներ, որպես փաստաթղթի համահեղինակ, ինքնաբացարկ ներկայացնել: Այսպիսով, եթե հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում չեն բողոքարկվում, ապա համաձայն «Հանրաքվեի մասին» օրենքի 36-րդ հոդվածի՝ հանրաքվեի արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը հրապարակելուց հետո` ութերորդ օրը, այսինքն՝ դեկտեմբերի 21-ին, սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետք է հրապարակվի «ՀՀ պաշտոնական տեղեկագրում» եւ հաջորդ օրվանից՝ դեկտեմբերի 22-ից, այն ուժի մեջ կմտնի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: